Այն ժամանակվանից, երբ Միխայիլ Բաղդասարովը որոշեց «ազատվել» նախկին «Հայխնայբանկի» 30% բաժնետոմսերից, դեռ հայտնի չէ, թե ով է լինելու դրանց նոր սեփականատերը: Կհամաձայնի՞ արդյոք ռուսական ՎՏԲ բանկը (նախկին «Վնեշտորգբանկ») ձեռք բերել «ՎՏԲ-Հայաստանի» բաժնետոմսերի 30%-ը եւ ՀՀ-ում դառնալ 100% ռուսական կապիտալով միակ առեւտրային բանկը: Թե՞ ՎՏԲ-ն կհրաժարվի, եւ բանկի բաժնետոմսերը կվաճառվեն «Սիլ» կոնցեռնին, որի հետ Բաղդասարովը սկսել էր բանակցություններ վարել: ՎՏԲ բանկի ավագ փոխնախագահ, Կառավարման անդամ Վասիլի Տիտովի հավաստմամբ, ՎՏԲ-ն Մ. Բաղդասարովից բաժնետոմսերի փաթեթը գնելու առաջարկ է ստացել եւ այժմ քննարկում է այն: «Մենք հետաքրքրված ենք այս առաջարկով, եւ ամենայն հավանականությամբ, գործարքը կկատարվի»,- ասաց Վ. Տիտովը: Նրա խոսքերով, իրենք պետք է ընդամենը փոխհամաձայնության գան գնի շուրջ: