2005թ. ՀՀ Սահմանադրական փոփոխությունները պահանջում են փոխել Երեւանի կարգավիճակը: Ըստ այդմ, օրենքով կարող է սահմանվել Երեւանի քաղաքապետի ուղղակի կամ անուղղակի ընտրությունը: ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է մշակի Երեւանի մասին օրենքը: Քննարկվում է Երեւանի կառավարման նոր մոդելի երկու տարբերակ: Երկրորդ տարբերակի հեղինակն, ինչպես հայտնի է՝ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է: Նրա առաջարկած մոդելի համաձայն` Երեւանը պետք է դիտել որպես քաղաքային համայնքների մեծ ագլոմերացիա, այսինքն` Երեւանի 12 համայնքները պետք է դառնան առանձին փոքր քաղաքներ իրենց տեղական ինքնակառավարումով, իրենց ընտրովի ավագանիով ու ընտրովի քաղաքապետերով: Մինչ մոդելը քննարկման փուլում է, արդեն խոսակցություններ են պտտվում Երեւանի կենտրոնի քաղաքապետի ապագա թեկնածուների մասին: Առայժմ հնչում են Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի, Նարեկ Սարգսյանի, Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանի եւ «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի անունները: Մեր տեղեկություններով` Ա. Գեղամյանն այդ կապակցությամբ փորձում է պայմանավորվածություններ ձեռք բերել իշխանություններից: