Բա ինչո՞ւ էր զանգել Հրանտ Մարգարյանին

31/10/2006

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեկ ճեպազրույցների ժամանակ վստահեցրել է, թե իր կուսակցությունը մասնակից չէ 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչությանը: «Ոչ ոք չպետք է մեղադրի դաշնակցությանն ահաբեկչությանը մասնակցության մեջ, քանի որ ահաբեկչությունից հետո ՀՅԴ-ն է եղել այն հիմնական քաղաքական ուժը, որն ապահովել է Հայաստանի քաղաքական եւ հասարակական կայունությունը»,- ասել է Գ. Մանուկյանը: Նրա խոսքերով՝ չի կարելի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով տարին մեկ մեղադրել կուսակցությանը, իսկ մեկ օր անց սեղմել կուսակցության ներկայացուցիչների ձեռքը: «Այս տխուր իրողությունը պետք է բացառվի երկրի քաղաքական ու հասարակական կյանքից»,- ասել է ՀՅԴ-ական պատգամավորը: Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճ ներխուժած ահաբեկիչներից ոմանք նախկինում առնչություններ են ունեցել ՀՅԴ-ի հետ, իսկ ըստ որոշ ցուցմունքների, ԱԺ-ում սպանություններն իրականացնելուց հետո ահաբեկչական խումբը զանգահարել եւ այդ մասին զեկուցել է ՀՅԴ ղեկավարներից մեկին՝ Հրանտ Մարգարյանին: