Ռուսական բիզնեսը` նորանուն բանկով

31/10/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ռուսական նախկին «Վնեշտորգբանկը» Հայաստանում ներկայացրեց իր նոր բրենդը` ՎՏԲ-ն: Բանկի ավագ փոխնախագահ, Կառավարման անդամ Վասիլի Տիտովի խոսքերով, «ՎՏԲ-ի ռեբրենդինգը ռազմավարական բնույթ է կրում», քանզի բանկի բոլոր մասնաճյուղերը (ԱՊՀ-ում, Եվրոպայում, Ասիայում եւ Աֆրիկայում) այսուհետ գործելու են միեւնույն անվան տակ: Բանկային խմբի բոլոր մասնաճյուղերը հաճախորդների հետ աշխատելու են միասնական մոտեցումներով, ունենալու են ընդհանուր արժեքային համակարգ:

«Մեզ բավարարում են ոչ բոլորը, որոնց հասել ենք մեր գործունեության ընթացքում»,- ասաց Վ. Տիտովը: Հետեւաբար, բանկը դեռ շատ անելիքներ ունի: Կարճաժամկետ հատվածում ՎՏԲ-ն պատրաստվում է հնարավորինս պարզեցնել բանկերում կիրառվող ինֆորմացիոն տեխնոլոգիական համակարգերը, ինչպես նաեւ ստեղծել միասնական տեղեկատվական համակարգ:

Հայաստանյան ՎՏԲ բանկը (նախկին «Հայխնայբանկ»), որի բաժնետոմսերի դեռեւս 70%-ն է պատկանում ռուսական բանկային խմբին, ավանդների ներգրավման ցուցանիշով ՀՀ-ում երկրորդ բանկն է: Իսկ մասնաճյուղերի ցանցի մեծությամբ «ՎՏԲ-Հայաստանը» մեր երկրում առաջին բանկն է, որն ունի 100 մասնաճյուղեր: Ի դեպ, Վ. Տիտովի հավաստմամբ, Հայաստանում ռուսական կապիտալով ողջ բիզնեսը սպասարկվում է հենց ՎՏԲ-ի կողմից:

Նկատենք, որ բանկի մարզային մասնաճյուղերում, որոնք իրենց աշխատանքից այդքան էլ գոհ չեն, այս շրջանում անհամբեր սպասում են, թե ով է լինելու «ՎՏԲ-Հայաստանի» 30% բաժնետոմսերի սեփականատերը: Շատերը հուսով են, որ եթե բանկը դառնա 100% ռուսական կապիտալով բանկ, ապա աշխատավարձերը կբարձրանան, աշխատանքային պայմանները կբարելավվեն: Իսկ ՎՏԲ-ն այս մասին դեռ որոշում չի կայացրել:

Ինչ վերաբերում է բանկերում կորպորատիվ կառավարման համակարգի ներդրմանը, ապա ՎՏԲ-ի ներկայացուցիչները գտնում են, որ իրենք պարտավոր են հարգել ՀՀ օրենսդրությունը: Բանկն արդեն ունի Տնօրենների խորհուրդ, անկախ տնօրեններ եւ այլն:

Ռուսական ՎՏԲ-ն խոստանում է նաեւ կորպորատիվ պարտատոմսեր թողարկել մոտ 1,5-2 տարվա ընթացքում, թեեւ բանկի ներկայացուցիչներն այդ մասին դեռ մանրամասներ չեն կարող ասել: