ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը վերջերս կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ պաշտոնական Երեւանը եւ Ստեփանակերտը համաձայն են ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) կողմից առաջարկվող ղարաբաղյան կարգավորման սկզբունքներին, սակայն փաստաթղթում ներկայացված որոշ տարրերին համաձայն չեն:
Իսկ ի՞նչ սկզբունքներ են համաձայնեցվել, ի՞նչ տարրերի մասին է խոսքը, արդյո՞ք դրանք ձեռնտու են Ղարաբաղին:
ԼՂՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը չի գտնում, որ բանակցությունների հերթական փուլը լիովին ձախողված է։ «Այն, որ ձեռք է բերվել արտգործնախարարների հաջորդ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն՝ ասվածի վկայությունն է։ Երկրորդ, չեմ հիշում, թե Օսկանյանը երբեւէ այդքան միանշանակ ասած լինի, որ Երեւանը եւ Ստեփանակերտը համաձայն են կարգավորման՝ ՄԽ համանախագահների առաջարկած սկզբունքներին։ Իմ կարծիքով, առաջարկվող սկզբունքներն ընդունելու՝ ղարաբաղյան կողմի պատրաստակամությունը պայմանավորված է դրանց նկատմամբ պաշտոնական Բաքվի վերաբերմունքով։ Սա է մոտեցումը եւ դրանից դուրս համաձայնություն ձեռք բերելու իրական հեռանկար ես չեմ տեսնում»,- նշեց Վ. Աթանեսյանը։
Արցախյան պատերազմի վետերան Արմեն Դանիելյանը գտնում է, որ բոլոր բանակցությունները միշտ էլ տարվելու են այնպես, ինչպես դա ձեռնտու է գերտերություններին (փոքր ժողովուրդների շահերն անտեսվելու են). «Խնդիրն այն է, որ մեր գոյատեւման ընթացքը կարող է հարցականի տակ դրվել, եթե դիվանագիտական հարթությունում վրիպում թույլ տանք: Բայց ամեն ինչ կախված է մեզանից: Եթե կարողանանք ստեղծել ուժեղ տնտեսություն, ունենալ օրենքի դիկտատուրայի երկիր, կատարելագործել բանակը, դիվանագիտական դաշտում մեզ չեն կարողանա «խաղի օրենքներ» թելադրել: Ղարաբաղյան խաղաքարտը խաղարկվելու է այնքան, որքան մենք տնտեսապես կախված ենք լինելու արտաքին ուժերից: Երբեք չի կարելի հավատալ, որ դրսում մեր մասին մտածելու են, կամ պաշտպանելու են մեր շահը: Բոլոր իրական խաղերը տարվում են կուլիսների ետեւում եւ վերահսկվում են հզոր ուժերի կողմից: Մենք պետք է մտածենք ոչ թե այն մասին, թե ինչ են խոսելու քննարկումների, բանակցությունների ժամանակ, այլ այն՝ թե ինչպես հզորանանք, որպեսզի ունակ լինենք թելադրել մեր խաղի կանոնները: Մեր օրերում հզոր տերություններն աշխատում են իրենց իշխանությունը հաստատել ոչ թե ռազմական ճանապարհով, այլ տնտեսական ճնշումներ գործադրելով, հոգեւոր-բարոյական արժեքները փոխելով: Ցավոք, առայժմ այս ամենին գրեթե չենք դիմակայում,- ասաց Ա.Դանիելյանը, ավելացնելով,- Ինչպես էլ ընթանան բանակցությունները եւ ինչ էլ մեզ առաջարկեն, մի բան պետք է հստակ լինի. երբեք հող չպետք է զիջենք: Որովհետեւ ազատագրված հողերը մեզ համար ոչ թե կենսատարածք են, այլեւ՝ Հայրենիք ու անվտանգության գոտի»:
Իսկ ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը գտնում է, որ խաղաղության հասնելու միակ ճանապարհը ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ` Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հաշտության պայմանագրի կնքումն է: «Միջազգային հանրությունը չի ուզում գնահատական տալ Ղարաբաղում պատերազմի պատճառներին: Բայց չէ՞ որ հենց դրանից է կախված պատերազմի արդյունքների, պատասխանատվության եւ կողմերի ձեռքբերումների գնահատականը: Բացի դրանից, ղարաբաղյան հարցը ղարաբաղա-ադրբեջանական հարաբերությունների հարթությունից արհեստականորեն տեղափոխվել է հայկական դաշտ, այն դեպքում, երբ Հայաստանը ընդամենը պետք է լինի Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը եւ բանակցությունների միջնորդը: Ես գտնում եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է հրաժարվի Ադրբեջանի հետ բանակցություններից»,- այս կարծիքին է Վիտալի Բալասանյանը:
Նա նաեւ ավելացրեց, որ անընդունելի է այն, որ կարգավորման հետ կապված հարցերը, որոնք ճակատագրական են Ղարաբաղի ժողովրդի համար, պետք է քննարկվեն հասարակության եւ երկրի խորհրդարանի հետ:
«Ղարաբաղի իշխանությունները չպիտի համաձայնեն Մինսկի խմբի առաջարկած սկզբունքներին,- ասում է Վ. Բալասանյանը: -Ինչ վերաբերում է խաղաղապահների տեղակայմանը, ապա ղարաբաղա-ադրբեջանական սահմանում շատ խաղաղ է, եւ խաղաղապահների ոչ մի կարիք էլ չկա: Բացի դրանից, որքան ես հիշում եմ, հայտարարության մեջ խոսքը գնում է հայ-ադրբեջանական սահմանում խաղաղապահների տեղակայմանը, այլ ոչ թե Ղարաբաղում: Փախստականների հարցով, ես գտնում եմ, որ ամեն ոք ինքն է որոշում, թե որտեղ ապրի: Եվ, հաշտության պայմանագրի կնքումից հետո մարդիկ կարող են ընտրել իրենց բնակվելու տեղը: Բայց եթե ինչ-որ մեկը պատրաստվում է խոսել բռնի վերաբնակեցման մասին, ապա պետք է մտածել կրկնակի փախստականների կարգավիճակի մասին»:
Վ. Բալասանյանն անդրադարձավ նաեւ տարածքների հանձնման թեմային, նշելով, որ հստակ պատկերացում չկա, թե որ տարածքների մասին է խոսք գնում: «Եթե Ադրբեջանը խոսում է այն տարածքների մասին, որոնք խորհրդային տարիներին գտնվում էին Ադրբեջանական ԽՍՀ իրավասության տակ, ապա նշանակում է, որ որպես սկզբնակետ ընդունվում են խորհրդային իրողությունները: Մենք այդպես չենք գտնում: Իսկ նրանց, ովքեր խոսում են տարածքների հանձնումից, մենք խորհուրդ կտայինք կրկին գնալ եղեռնի թանգարան, նայել նկարները եւ որոշել` տա՞լ, թե՞ չտալ հողերը»,-խորհուրդ է տալիս գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը: