Բրիտանական գահի ժառանգ արքայազն Չարլզը ցանկություն է հայտնել իր թագադրման արարողությունը Մեծ Բրիտանիայում բնակվող տարբեր կրոնական ուղղությունների ներկայացուցիչների հոգեւոր առաջնորդների մասնակցությամբ անցկացնել։ Բրիտանական թերթերին տված հարցազրույցներում նա ասել է, որ թեեւ այդ որոշումը հակասում է անգլիական թագավորական ավանդույթներին, սակայն նա ուզում է, որ տարբեր դավանանք ունեցող բոլոր բրիտանացիներն իրեն որպես լիարժեք թագավոր ընդունեն։ Այդ քայլն անելով, արքայազն Չարլզը կդառնա առաջին «բազմամշակութային միապետը»։ Թագադրման ծիսական արարողությունն անգլիական եկեղեցու ներկայացուցիչներից բացի նախատեսվում է անցկացնել կաթոլիկների, մուսուլմանների, սիքխերի, բուդդիստների եւ հինդուիստների մասնակցությամբ։ Արքայազնն ասել է, որ դա բրիտանական հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխությունների խորհրդանիշը կդառնա եւ կտարբերվի 1953 թվականին տեղի ունեցած իր մոր՝ Էլիզաբեթ Երկրորդ թագուհու թագադրման արարողությունից։ Հիշեցնենք, որ վերջերս Մեծ Բրիտանիայի թագուհու պարտականությունների մի մասը փոխանցվել է գահի ժառանգին, քանի որ 80-ամյա թագուհին ցանկություն է հայտնել ավելի շատ ժամանակ անցկացնել Վինձորում գտնվող իր առանձնատանը։ Եվ այսուհետ պաշտոնական փաստաթղթերի կարգավորումն ու պաշտոնական միջոցառումների եւ ընդունելությունների մասնակցությունը դրվելու է արքայազն Չարլզի ուսերին։