Մոսկվայի կենտրոնը վճարովի է դառնում

31/10/2006

Հնարավոր է, որ շուտով Մոսկվայի կենտրոն ավտոմեքենաներով մուտք գործելու համար վարորդներից գումար գանձվի։ «Մենք չենք բացառում, որ Մոսկվայի կենտրոնում երթեւեկելու համար վճարներ են սահմանվելու։ Ճանապարհային իրավիճակն օրեցօր փոխվում, եւ ավտոմեքենաների քանակի աճը զգալիորեն գերազանցում է տրանսպորտային ինֆրաստրուկտուրայի զարգացման աճը»,- հաղորդել են Մոսկվայի քաղաքապետարանից։ Մոսկվան ստիպված է նման քայլի դիմում, քանի որ խցանումների պատճառով քաղաքի կենտրոնում կյանքն ուղղակիորեն «կանգ է առնում»։ Արդեն իսկ խիստ սահմանափակվել է կենտրոն մուտք գործող բեռնատար մեքենաների քանակը։ Խցանումներից ազատվելու համար որոշվել է նաեւ սխալ կայանած ավտոմեքենաների տուգանքն ավելացնել եւ որոշ փողոցների երթեւեկությունը միակողմանի դարձնել։ Փողոցի երթեւեկելի հատվածները լայնացնելու եւ ծանրաբեռնված երթեւեկությունը փոքր-ինչ թեթեւացնելու համար ոչ մի քայլ չձեռնարկող Երեւանը հակառակն է անում՝ որքան կարելի է՝ նեղացնում է ավտոճանապարհներն ու ժամանակ առ ժամանակ՝ փակում ամենաբանուկ հատվածները։ Պարբերաբար քանդվող ու փակվող փողոցները կաթվածահար են անում քաղաքի կյանքը։ Աբովյան, Տերյան, Կոմիտաս փողոցներն արդեն անանցանելի են դարձել։ Որքան էլ մեղադրեն վարորդներին՝ առանց կարգուկանոնի մեքենա վարելու սովորույթի համար, պետք է ենթադրել, որ վարորդների ու մեքենաների քանակը տարեցտարի աճելու է, եւ այդ փաստի հետ պետք է հաշվի նստել։ Մանավանդ, որ երկընտրանքային՝ ստորգետնյա տրանսպորտային ցանցը չի զարգանում։