«Դե ֆակտոն»` որպես Պասկալի գոտի

31/10/2006

Նոր խոսքը, իրականության նորովի ընկալումն ու ներկայացումը յուրաքանչյուր լրատվամիջոցի կարեւոր առանձնահատկություններից են։ «Դե ֆակտո» նոր հասարակական-քաղաքական ամսագիրը հասարակականի ու քաղաքականի իր յուրահատուկ դրսեւորումներն ունի։ Այս ամսագրի էջերում հայտնվելու համար պարտադիր չէ լինել հայտնի քաղաքական գործիչ կամ աստղ։ «Դե ֆակտոյում» կարելի է տեսնել պատահական անցորդների, հասարակական միջավայրում հայտնի մարդկանց, օրինակ, «Հոպարին», այս կամ այն պատճառով հասարակության հոգեբանական պատժին արժանացած մարդկանց եւ այլոց։ Ամսագրի էջերում հասարակականի ու քաղաքականի նուրբ համադրությունն ու հակադրությունը կարծես խոսում են միմյանց հետ։ Ամսագրի անվանումն արդեն հուշում է, որ փաստացիությունն ու ճշգրտությունը աշխատանքային կարեւոր սկզբունքներն են.

– Մեր նպատակն է անկողմնակալ հայացքով արձանագրել մեր երկրի իրական կյանքի լույսն ու ստվերը, պահպանել եւ խորացնել խոսքի ազատության` արդեն նվաճված տարածքը, առանց դատավորի կեցվածք ընդունելու` ճանապարհ տալ բազմակարծությանը եւ, որ կարեւոր է, տեր կանգնել ազգային եւ պետական հիմնարար արժեքներին։

«Դե ֆակտոյի» խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանի խոսքով` այս ամսագիրը «Պասկալի գոտի» է լինելու իշխանության եւ ընդդիմության համար։ Թե որքանով կհաջողվի այս դերով հանդերձ աշխատել ու մնալ «դե ֆակտո», Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց. – Պարզապես հետեւե՛ք մեզ։