Իրանից բերել է 3,5 կգ թմրանյութ

29/10/2006

ՀՀ Գլխավոր դատախազության Քննչական վարչությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ գործով մեղադրյալ Անդրանիկ Վոլոդյայի Ստեփանյանը 2006թ. հոկտեմբերին գործածելու դիտավորությամբ ապօրինաբար ձեռք է բերել եւ առանց բժշկի թույլտվության գործածել է առանձնապես խոշոր չափի «Ափիոն» տեսակի թմրամիջոց: Դրա մեկ գրամը Ստեփանյանը ձեռք է բերել 10 դոլարով Քաջարան քաղաքի բնակիչ Սամվել Սպարտակի Ավետիսյանից: Իսկ վերջինս էլ իրացնելու նպատակով թմրանյութը ձեռք է բերել Ագարակ քաղաքի բնակիչ Մարտիկ Ռեմիկի Գասպարյանից: Հոկտեմբերի լույս 24-ի գիշերը Ավետիսյանին առանձնապես խոշոր չափի (մոտ 500 գրամ) «Ափիոն» տեսակի թմրամիջոց իրացնելու պահին Գասպարյանը ձերբակալվել է: Նրա գրպանի թաշկինակից հայտնաբերվել է նաեւ 2,1 գրամ «հաշիշանման» մուգ շագանակագույն զանգված: Գասպարյանի վարած «Կամազ» մակնիշի մեքենայից հայտնաբերվել է 25,5 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, իսկ նրա ավտոտնակից` 4,7 գրամ «Մարիխուանայի» նմանվող կանաչ զանգված: Պարզվել է, որ Գասպարյանը նշված թմրամիջոցները ձեռք է բերել եւ մաքսանենգ ճանապարհով ՀՀ է տեղափոխել Իրանից: Նա ապրիլից մինչեւ հոկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է բերել եւ Ավետիսյանին իրացրել շուրջ 3,5 կգ «Ափիոն»: Վերոնշյալ 3 անձինք ձերբակալվել են: