«Ազատություն «Կարս-Ախալքալաքը» խափանողներին», «Ջավախքի հարցի անտեսումը Հայոց հարցի դավաճանություն է», «Սա մեր հայրենիքն է: Այստեղ գալու համար մեզ թույլտվություն պետք չէ» եւ նմանօրինակ այլ պաստառներով երեկ արդեն 6-րդ օրը շարունակվում էր Միքայել Նալբանդյանի արձանի հարեւանությամբ նստացույցը, որի մասնակից մի խումբ երիտասարդները պահանջում են ազատ արձակել հոկտեմբերի 11-ին Հայաստանի սահմանն ապօրինի հատելու համար կալանավորված, «Միասնական Ջավախք» կազմակերպության խորհրդի անդամ, Վրաստանի քաղաքացի Վահագն Չախալյանին:
Մեր թերթի նախորդ համարներից մեկում մենք արդեն անդրադարձել ենք այս պատմության մանրամասներին: Իսկ երեկ նստացույցի մասնակիցներից տեղեկացանք, որ իրենց արդեն միացել են նաեւ «Ժառանգություն» եւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունները (մինչ այդ նստացույցին մասնակցում էին նաեւ «Հայ արիական միաբանության» եւ «Նոր Ժամանակներ» կուսակցության (ՆԺԿ) ներկայացուցիչները): Նստացույցի մասնակից երիտասարդները հենց տեղում Վ. Չախալյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք են նախաձեռնել, եւ երեկվա դրությամբ արդեն հավաքվել էր 1000-ից ավելի ստորագրություն: Հիշեցնենք, որ Վ. Չախալյանին ազատ արձակելու պահանջով հանդես են եկել նաեւ ՀՀ ԱԺ 15 պատգամավորներ: Ի դեպ, նստացույցի մասնակիցները համոզված են, որ Վ. Չախալյանն ի վիճակի է խափանել Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցումը: Ու բացի այդ էլ, նրանք Վ. Չախալյանի հարցը չեն տարանջատում Ջավախքի խնդրից, եւ հենց դրանով է բացատրվում նստացույցի վերոնշյալ պաստառների բովանդակությունը: Նստացույցի մասնակիցները Վ. Չախալյանին ազատ արձակելու պահանջով դիմել են Հայաստանի բոլոր պատկան մարմիններին, ու թեեւ արդեն 6-րդ օրն է, նրանք շարունակում են նստացույցը, սակայն պետական կառույցները նրանց վրա ոչ մի ուշադրություն չեն դարձնում. ոչ ոք նրանց չի այցելել ու չի հետաքրքրվել նրանց պահանջներով: Երիտասարդ ցուցարարները պատրաստվում են համապատասխան նամակով դիմել նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսին, իսկ մինչ այդ նրանք երեկ արդեն բաց նամակով դիմել են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Նամակի հեղինակներն Ա. Աբրահամյանին առաջարկում են կիրառել աֆրիկյան երկրներում զինված հեղաշրջումներին մասնակցելու մեղադրանքով Հայաստանի եւ Ռուսաստանի դատապարտված քաղաքացիներին երկարատեւ բանտարկությունից ազատելու ու հայրենիք վերադարձնելու իր հարուստ փորձն ու «նման մոտեցում կիրառել» նաեւ Ջավախքից «Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու անհեթեթ մեղադրանքով Երեւանում կալանավորված, այդ եւ ազգային ինքնաբուխ գործունեության հանդգնության համար աֆրիկյանին գերազանցող դատաստանի սպասող «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վ. Չախալյանի նկատմամբ, եւ ազգային գործչին ազատել Հայաստանում իշխող բռնության ճիրաններից»: Իսկ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ նշել է, որ Վ. Չախալյանի ձերբակալության փաստը «շատ սովորական է»: «Դա քաղաքական խնդիր չէ, երկու պետությունների միջեւ եղած խնդիր չէ: Ես գտնում եմ, որ այստեղ քաղաքական խնդիր գոյություն չունի, եւ հարկավոր չէ, որպեսզի մենք Հայաստանի ներսում Ջավախքի կամ Վրաստանի ներքին հարցերին խառնվելով դրությունն ավելի բարդացնենք»,- ասել է վարչապետը: Ի դեպ, երեկ ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել է, թե մտադիր է ԱԺ-ում հանդես գալ Ջավախքի հարցի վերաբերյալ փակ լսումներ հրավիրելու նախաձեռնությամբ: Պատգամավորը նաեւ հայտարարել է, թե Վրաստանի իշխանության պատվերով ձերբակալելով «Միասնական Ջավախք»-ի ներկայացուցչին, Հայաստանի իշխանությունը «փաստորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չդառնա տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործոն»: Իսկ քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանն էլ երեկ «Փաստարկ» ակումբում մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, թե Ջավախքից ռուսական զորքերի դուրսբերումից հետո ովքե՞ր կզբաղեցնեն այդ տարածքը: Ըստ Լ. Մելիք-Շահնազարյանի, եթե Ջավախքում պետք է տեղակայվի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի բանակը, ապա «հայկական բանակն այնտեղ ավելի շուտ պետք է հայտնվի»: Քաղաքագետը համոզված է, որ Ջավախքում ռուսական զորքերը թուրքականով փոխարինելու դեպքում Ջավախքն արագորեն կհայաթափվի, իսկ մեր կամավորականները Լեռնային Ղարաբաղի օրինակով կսկսեն պաշտպանել ջավախահայերի շահերը: Լ. Մելիք-Շահնազարյանի խոսքերով, եթե կան պետություններ, որոնք իրենց մեկ կամ մի քանի քաղաքացիների համար պատրաստ են պատերազմ սկսել, ապա «մենք ավելի մեծ առիթ ունենք ջավախահայերին պաշտպանելու համար»: Ինչեւէ, այն, որ բոլոր պետությունների ու ժողովուրդների հարաբերություններում էլ տարբեր մասշտաբների ինչ-ինչ խնդիրներ լինում են, փաստ է: Եվ հայ-վրացական հարաբերություններն այս առումով բացառություն չեն: Փաստ է նաեւ, որ ռուս-վրացական լարվածության մեծացմանը զուգընթաց, զարմանալի զուգադիպությամբ, հայկական կողմից շատերը հենց հիմա են սկսել նկատել ու բարձրաձայնել հայ-վրացական խնդիրների մասին: Ու այս ամենն ինչ-որ ուժերի կողմից հայ-վրացական հարաբերություններում լարում հրահրելու ակնհայտ փորձ չորակելը դժվար է: Փաստ է նաեւ, որ թե՛ Վրաստանին, թե՛ առավելեւս Հայաստանին հայ-վրացական հարաբերությունների լարումը, մեղմ ասած, ձեռնտու չէ: Ի դեպ, Վ. Չախալյանի հետ կապված պատմության մասին մեր նախորդ հրապարակումն առաջացրել էր նրա ազատությունը պահանջող նստացույցի մասնակից երիտասարդների դժգոհությունը, քանզի հոդվածից նրանք այն եզրակացությանն էին հանգել, թե մենք իրենց համարում ենք «Ռուսաստանի գործակալներ»: Քավ լիցի, մենք հասկանում ու ողջունում ենք իրենց երիտասարդ ընկերոջ իրավունքները պաշտպանելու երիտասարդների պատրաստակամությունը: Ուղղակի նշենք, որ Վրաստանի հետ կապված մեր հայտարարություններում պետք է շատ զգույշ լինենք եւ նկատենք, որ Վ. Չախալյանի հետ կապված պատմությունն ու այլ խնդիրներ եւս վերոնշյալ ինչ-որ ուժերի կողմից օգտագործելու փորձ է արվում, որից Հայաստանը հաստատ ոչինչ չի շահելու: