Տարադրամի շուկայում տեղի ունեցող փոփոխությունները շատերին հանգիստ չեն տալիս: Հատկապես իշխանություններին: Ամեն անգամ նրանք անհավանական հիմնավորումներ են բերում: Փորձելով բացատրել` թե ինչո՞ւ օր օրի արժեւորվող դրամը դրական հետեւանքներ չի ունենում, եւ ինչո՞ւ ժողովուրդը փողոց չի թափվում գովերգելու հայրենյաց իշխանավորներին: Ավելին` իշխանությունները մասամբ ընդունում են, որ տնտեսության գլխին նոր չարիք է կախվել: Արժեւորվող դրամի պարագայում երկրի ներքին շուկայում գները ոչ միայն չեն նվազում, այլեւ աճում են: Անգամ Կենտրոնական բանկն է փորձում օրենսդրական արտոնություն ստանալ պլանավորվածից ավելի բարձր գնաճը չզսպելու (թե՞ պարզապես արձանագրելու) համար: Երկրում գների աճի պատճառների վերլուծություն անելիս իշխանություններն արդեն ինչ հնարավոր է` ասել են: Է՛լ հացահատիկի ցածր բերքի սպասումներ Ռուսաստանում եւ Ուկրաինայում, է՛լ էներգակիրների, շաքարի եւ այլ ապրանքների գնաճ համաշխարհային շուկայում: Հակառակի պես փաստարկների մի մասը չհամընկավ իրականության հետ: Խոշոր բորսաներում այսօր իսկապես լուրջ աժիոտաժ է: Բայց այն պատճառով, որ նավթի գներն ընկել են: Վերջին տասնամյակների համար աննախադեպ չափով` 20 տոկոսով: Մեր իշխանությունների մտքով անգամ չի անցնում գնաճի սպասումների պատճառը փնտրել մեր երկրում տարվող հարկային ու մաքսային քաղաքականության մեջ: Երբ բենզին ներկրող գործարարներին հարցնում ես, ինչո՞ւ նրանք միջազգային գների նվազմանը համընթաց չեն իջեցնում գները, ստանում ես բավական հիմնավորված պատասխան: Ներմուծման ակցիզային հարկը սահմանված է 125 հազար դրամ` մեկ տոննայի համար: Հարկային այս շեմը սահմանվել է այն ժամանակ, երբ դոլարի փոխարժեքը 500 դրամից ավելի էր: Հիմա հարկի այս չափը, որ մեծանում է դրամի արժեւորման հետեւանքով, ըստ գործարարների` իրենց զրկում է ներքին շուկայում գները ցածրացնելու հնարավորությունից: Բենզին ներկրողները հպարտությամբ նշում են, որ երկրի հինգ խոշոր հարկատուներից երկուսն այս ոլորտի ձեռնարկություն են: Իհարկե լավ է, որ նրանք խոշոր հարկատու են: Բայց պետբյուջե մուծված հարկերն ի վերջո ներառվում են վաճառքի գնի մեջ, եւ թանկ բենզինը թանկացնում է տնտեսության մյուս ոլորտները: Սպասարկումից մինչեւ գյուղմթերքների վաճառք:
ՀՀ Մաքսային պետական կոմիտեի նախագահ Ա. Ավետիսյանի ասուլիսից ակնհայտ էր, որ այս մոտեցումը եզակի երեւույթ չէ, այլ համակարգված պետական քաղաքականություն: Խոսելով ներմուծումների մասին` պարոն Ավետիսյանն ասաց. «Այստեղ հետաքրքիր դինամիկա ունենք: Ներկրվող ապրանքային ծավալն ավելացել է մեկ տոկոսով, իսկ մաքսային արժեքի միջին կշռված ինդեքսը դրամով` 14.9 տոկոսով: Սա պայմանավորված է ապրանքների իրական ինվոյսային արժեքների վերահսկման ուժեղացմամբ»: Հասկանալի ասած` մեր մաքսավորները պետբյուջեի հասանելիք գանձումներն անելիս չեն առաջնորդվում ներմուծողի ներկայացրած գնացուցակ-ինվոյսներով: ՀՀ օրենսդրությունը նրանց թույլատրում է չհավատալ գործարարի ներկայացրած փաստաթղթերին եւ փորձել ինքնուրույն որոշել ցանկացած ապրանքի շուկայական արժեքը: Այսպես վարվելով մաքսավորներն օրենք չեն խախտում, հետեւաբար նրանց մեղադրել չի կարելի: Պարզապես օրենսդիր մարմինն է որոշել, որ գործարարի հայ տեսակը հակված է խաբելու սեփական պետությանը: Որոշել ու լրացուցիչ արտոնություն է տվել մաքսային ծառայություններին: Թե ինչո՞վ է հայ գործարարը վատ հայ մաքսավորից` դժվար է ասել: Պարզապես ակնհայտ է, որ այս օրենքի տրամաբանության հիմքում ընկած է այն նաիվ պատկերացումը, որ, ի տարբերություն գործարարի, մաքսավորը պետությանը չի խաբի: Որքանով է օրենսդրական այս գործիքը մաքսավորների անձնական բարօրության աղբյուր` չգիտեմ: Փոխարենն ակնհայտ է, որ մաքսային արժեքների ճշտման հաշվին մոտ 20 տոկոս մաքսային մուտքերի ավելացումը դառնում է գնաճի լուրջ պատճառ: Տնտեսական տարօրինակ պարույր է ձեւավորվում` մաքսային մուտքերի աճը մի կողմից հարստացնում է պետությանը, մյուս կողմից աճող գներով «թալանում» սպառողին: Ներմուծող գործարարին պետական պաշտոնյա մաքսավորը ստիպում է ավելի բարձր հարկ մուծել: Մուծելուց հետո գործարարը բարձրացնում է իր ապրանքի գինը: Պետությունն ու գործարարը գործարքից գոհ են մնում: Քանի որ այդ գործարքից տուժողը բարձր գինը վճարող սպառողն է: Այսինքն` նա, ում ոչ տնտեսագետները ժողովուրդ են անվանում: Տնտեսական կյանքում որքանո՞վ է այս քաղաքականությունն արդյունավետ, դժվար է միանշանակ որոշել: Ի վերջո Հայաստանը տնտեսական աբսուրդի երկիր է: Մենք հավանաբար միակն ենք մեր տնտեսական քաղաքականությամբ: Դրամի արժեւորումը սակագնային հանձնաժողովը բավարար պայման չի համարում էլեկտրաէներգիայի, ջրի, գազի սակագների նվազեցման համար: Եվ ստացվում է, որ երկրի արտադրական համակարգը, մյուս տնտեսվարողները, բնակչությունը էլեկտրաէներգիայի համար ավելի բարձր գին են վճարում, քան երկիրը ստանում է այդ ապրանքատեսակի արտահանումից: Զուտ այն պատճառով, որ էլեկտրաէներգիայի ներքին գինն ամրագրված է օր օրի արժեւորվող ազգային դրամով, իսկ Վրաստանին վաճառվող էլեկտրաէներգիայի գինը` տարադրամով: Սույն փաստը հանգիստ խղճով կարելի է համարել տնտեսական հովանավորչության օրինակ: Որքան էլ մեր իշխանությունները միջազգային ֆինանսավարկային կառույցներին ու մեզ համոզեն, որ հովանավորչական քաղաքականություն չեն վարում: Ով` ով, բայց ՌԴ պատգամավոր Զատուլինն ու նրա նմանները հաստատ մի օր կնկատեն սա: Ու հետո արդեն իշխանությունների համար դժվար կլինի համոզելը, որ ուրիշին լավություն անելու մտադրություն չեն ունեցել: Մտքներին պարզապես սեփական ժողովրդի հաշվին տնտեսական քաղաքականություն փորձարկելն է եղել: