ԱԺ պատգամավոր Հմայակ Հովաննիսյանը գտնում է, որ Ռուսաստանը Վրաստանի «լրտեսական խաղերով սկսված հակառակությանն» արձագանքում է տեղին եւ տրամաբանորեն, քանի որ Վրաստանն ուղղակի վիրավորել է ՌԴ-ին եւ հարված է հասցրել նրա ռազմավարական հետաքրքրություններին: Հ. Հովհաննիսյանն այս մասին երեկ հայտարարել է «Հայելի» ակումբում։ Իսկ Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանի համակրանքը Վրաստանի կողմն է: «Որեւէ ինքնուրույն, ինքնիշխան պետություն ազատ է իր աշխարհաքաղաքական կողմնորոշումների ընտրության հարցում, եթե այդ ընտրությունը չի սպառնում երրորդ կամ երկրորդ երկրների անվտանգությանը կամ ռազմավարական հետաքրքրություններին: Եթե կա սպառնալիք, ապա դա պետք է դառնար քննարկումների եւ բանակցությունների առարկա, այլ ոչ թե շուկան փակել Բորժոմիի համար, գինիների համար»,- ասել է Խոսրով Հարությունյանը: Այդուհանդերձ, նախկին վարչապետը գտնում է, որ Հայաստանն՝ ի դեմս խորհրդարանի, կարող էր համապատասխան հայտարարություն անել՝ Վրաստանին մեղադրելով Կովկասում իր քաղաքականությամբ բաժանարար գծերի առաջացման համար: Սակայն չի անում, եւ դա, ըստ Խ. Հարությունյանի, վկայում է Խորհրդարանի քաղաքական իմպոտենցիայի մասին: