Ա-320. ՔԱԳՎ-ն դիտողություններ է անում

29/10/2006

«Ռեգնում»-ի փոխանցմամբ` ՀՀ Քաղավիացիայի Գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) դիտողությունների փաթեթ է ներկայացրել Միջազգային ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) վերջնական եզրակացության նախագծի տեքստի վերաբերյալ, որն առնչվում է Սեւ ծովում մայիսի լույս 3-ի գիշերը «Արմավիա» ընկերության Էյրբաս Ա-320 ինքնաթիռի կործանման պատճառների քննությանը:

Փաստաթուղթը կազմված է 3 մասից՝ էական, խմբագրական եւ սկզբունքային դիտողություններ: Էական դիտողությունների թվում նշվում է, որ Սոչիի օդանավակայանի օդերեւութաբանական ռադարը ցույց չի տվել վտանգավոր եղանակային երեւույթներ, եւ իր եզրակացության մեջ ՄԱԿ-ը հիմնվում է այդ թվում նաեւ եղանակային պայմանների վերաբերյալ օդաչուների խոսակցությունների վրա: ՔԱԳՎ-ն առաջարկում է օդանավի ռադարի ցուցմունքների վերլուծության եւ պարամետրային տեղեկատվության օդանավային գրանցիչի տվյալների հիման վրա որոշել անձնակազմի կողմից հնչած արտահայտությունների պատճառը եւ տալ Սոչիի օդանավակայանի օդերեւութաբանական ռադարի աշխատունակության գնահատականը եւ բնութագիրը:

Հաջորդ դիտողությունը վերաբերում է ՄԱԿ-ի այն սահմանմանը, թե «Արմավիա» ընկերությունում օբյեկտիվ վերահսկողության միջոցների օգնությամբ չի կատարվում Ա-320 օդանավերի անձնակազմերի թռիչքների վերլուծություն, որը թույլ չտվեց համակողմանիորեն գնահատել անձնակազմի մասնագիտական որակավորումը»: ՔԱԳՎ-ն առաջարկում է հանել այդ կետը, քանի որ «օբյեկտիվ վերահսկողության միջոցների նշանակությունը անձնակազմին մասնագիտական որակավորումը գնահատելը չէ»:

ՔԱԳՎ-ն առաջարկում է նաեւ հանել տեքստից հետեւյալ պարբերությունը. «օդանավի ներխցիկային խոսակցությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ խցիկում իրավիճակը բարդանում է: Անձնակազմի անդամները (առանձնապես օդանավի հրամանատարը) ձգտում են վայրէջք կատարել հատկապես Սոչիի օդանավակայանում: Հետագա խոսակցությունը վկայում է, որ անձնակազմը չի ցանկանում ավելորդ անգամ անհանգստացնել Սոչիի մոտեցման կարգավարական կետի կարգավարին՝ նրանից ոչ բարենպաստ եղանակային կանխատեսում չստանալու պատճառով»: Բացի այդ, ՔԱԳՎ-ն առաջարկում է հանել հետեւյալ նախադասության վերջին մասը. «… կամ գտնվել էր լարված հոգեզգացմունքային խախտումների իրավիճակում՝ Սոչիում արագ վայրէջք կատարելու հրամայական պահանջով»:

ՔԱԳՎ հաջորդ դիտողությունը վերաբերում է ՄԱԿ-ի այն պնդմանը, թե «կարգավարը տվել է տվյալ հաղորդագրությունն իր աշխատանքային գործելաձեւի համաձայն, իր հետ անձնակազմի անդամների կապի դուրս գալուց հետո»: ՔԱԳՎ-ն նշում է, որ «փաստորեն գնահատական է տրված կարգավարի (թռիչքաշրջանի) գործողություններին՝ կապի դուրս գալու հաջորդականության վերաբերյալ, բայց կարգավարի գործողությունների գնահատական չի տրված օդանավի բարձրության վերահսկման առումով՝ 2-րդ շրջապտույտի գնալուց հետո՝ մինչ ջրի հետ բախվելը, HNN -85 6.5.8. կետի պահանջները սահմանված սխեմայի կամ տրված հետագծի պահպանման վերահսկման վերաբերյալ»: Այդ կետի վերաբերյալ ՔԱԳՎ-ն առաջարկում է տալ գնահատական թռիչքաշրջանի կարգավարի գործողություններին թռիչքի տվյալ փուլում ավելացնելով՝ «բայց թռիչքի ելքի վրա անմիջական ազդեցություն չի գործել» արտահայտությունը: Բացի այդ, վարչությունն առաջարկում է շարադրել 10-րդ կետը հետեւյալ խմբագրությամբ՝ «Թռիչքի օդերեւութաբանական եւ աերոնավիգացիոն ապահովումը ոչ միշտ է համապատասխանել գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին»: Որպես սկզբունքային դիտողություն` ՔԱԳՎ-ն նշում է, որ քննարկման չի դրվել օդավարման այնպիսի հավանական պատճառ, որն է՝ օդանավի հրամանատարի աշխատունակության կորուստը: Առաջարկվում է եզրակացության տեքստում ընդգրկել թռիչքի վերջին վայրկյաններին հրամանատարի անաշխատունակության վարկածը: