Թուրքական խորհրդարանը հաջորդ քայլն է ձեռնարկել Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունելու դեմ: «Զաման» օրաթերթի փոխանցմամբ, թուրք խորհրդարանականները «ամոթալի ցուցակ» են կազմում՝ դրանում ընդգրկելով «կոտորածներ իրականացրած» եվրոպական երկրները, այդ թվում` Ֆրանսիան, Գերմանիան եւ Նիդեռլանդները: Նման ցուցակի համար ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունը պնդում է Թուրքիայի խորհրդարանի Արդարադատության ենթահանձնաժողովը, որը քննարկում էր Ֆրանսիայի կողմից Ալժիրում իրականացված «ցեղասպանությունը» ճանաչելու հնարավորությունը: Այժմ հանձնախումբն իր ուսումնասիրությունների ոլորտում ընդգրկել է առհասարակ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների կողմից անցյալում կատարված «կոտորածները»: Հանձնախմբի անդամները լսել են Թուրքիայի պատմաբանների ընկերության նախագահ Յուսուֆ Հալաջօղլուի ելույթը եւ որոշել, որ եվրոպական երկրների նման ցուցակ հրապարակելը ավելի արդյունավետ է, քան միայն Ալժիրի «ցեղասպանության» ճանաչումը: «Ամոթալի ցուցակը» նախատեսվում է հրապարակել Ռամադանի տոնակատարությունից հետո: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Մուսթաֆա Նուրի Աքբուլութը հայտարարել է, թե այդ փաստաթուղթն ընդգրկելու է նաեւ տեքստ, որում պարզաբանվելու են 1915թ. հայերին «տեղահանելու» Թուրքիայի որոշման հանգամանքները: