Սպասում է ամանորին. տոն օրերին փուչիկները լավ են վաճառվում

29/10/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Այդպիսի ընտանիքների հետ հանդիպելու եւ զրուցելու համար հաճախ շրջում եմ քաղաքի ծայրամասերում, հատկապես լուծարված, կիսաքանդ գործարանների, տրամվայի, տրոլեյբուսի պարկերի ավերակ դարձած շինությունների, պահակակետերի, աղբակույտերով շրջապատված երկաթե տնակների մոտով ու ընդամենը հարցնում՝ «Ճի՞շտ է, որ էստեղ մարդիկ են ապրում»: Եվ հաճախ տարածքին ծանոթ մարդիկ ձեռքով ցույց են տալիս մի փլվածք ու անհանգստությունից դողում՝ մտածելով, որ եկել են այդ մարդկանց վնասելու: Որքան էլ տարօրինակ է, բայց բազմաթիվ երեխաներ ունեցող մարդկանց կարելի է գտնել այնպիսի վայրերում, որտեղ իսկապես անհնար է ապրել:

Տիկին Անուշի դեմքին դաջված զայրույթն ու ագրեսիվ աչքերն ինձ մի պահ վախեցնում են, որովհետեւ որեւէ բանի մասին խոսելիս նրա դեմքի արտահայտությունը երբեք չի փոխվում: Միշտ նույնն է: Նրա դեմքին ժպիտի նշույլ անգամ չկա: Սիրտ էլ չունի ժպտալու: Նրանք ապրում են ծայրահեղ վատ պայմաններում: Եվ անզորությունից՝ տիկին Անուշն ակամայից չարանում եւ ատելությամբ է լցվում ամեն ինչի նկատմամբ: Տիկին Անուշը չորս երեխաների մայր է: Նա իրեն անզոր է զգում, որովհետեւ կյանքի գնով փորձում է մանկուց հաշմանդամ իր աղջկա՝ Մարգարիտի կյանքը երկարացնել: Տիկին Անուշը չի էլ նկատում, որ նույնքան ագրեսիվ է դառնում, երբ իր ձեռքը չկամությամբ մեկնում է 10-ամյա հաշմանդամ աղջկան, ով սիրում է հարազատների ձեռքերի հետ խաղալ: Մարգարիտը մանկական ցերեբրալ հիվանդությամբ է ծնվել: Մայրն ասում է, որ թեեւ նա 10 տարեկան է, այդուհանդերձ, ոչինչ չի հասկանում, իսկ նրա ցնցվող շարժումներն անկառավարելի են: «Մեջտեղիցս ճղվում եմ, հասկանո՞ւմ ես, էլ չեմ կարում: Երեխուս կյանքը փրկելու համար «Դեպակին» դեղ եմ առնում, որն արժե 12.000-14.000 դրամ, իսկ իրա հաշմանդամության թոշակը 5900 դրամ ա: Ստիպված հատիկով ենք առնում, որ գոնե օրվա մեջ մի հատ խմացնենք: Էդ շատ ահավոր ա, դու երեւի չես պատկերացնում` նոպաները ոնց են սկսվում: Երեխեն ահավոր ցնցվում ա, ընկնում ա կոմայի մեջ, փայտանում-անզգայանում ա, արյունը մեջը սառում ա: Երեխու գույնը լրիվ սեւանում ա, մարմինը քար ա դառնում… Էդ դեղը հակացնցումային ա, երեխես գնում ա մահվան դուռը ու` կամ կփրկենք, կամ չէ,- խիստ տոնով աղջկա վիճակը նկարագրում է տիկին Անուշն ու վստահեցնում,- ես շատ լավ հասկանում եմ, որ մի օր երեխուս չեմ կարա կոմայից հանեմ: Բայց պայքարում եմ, հասկանո՞ւմ ես»։ Անուշի մայրը՝ տիկին Անահիտը, հասկանալով, որ աղջիկն էլ ավելի նյարդային է դառնում եւ անկարող է բառերով իրավիճակը նկարագրել՝ փորձում է միջամտել. «Ահավոր վախով ենք ապրում, երեխեն մազից կախված ա: Շտապօգնություն կանչում ենք՝ ահավոր քիթումռութով են գալիս, գիտեն, որ անվճարունակ ենք: Մինչեւ շտապօգնության մեքենայի վարորդի ու բժշկուհու գրպանը փող չես դնում, տեղից չեն շարժվում: Բժիշկն ասում ա՝ որ տանեմ հիվանդանոց, ռեանիմացիա, ի վիճակի՞ ես վճարել: Ասում եմ՝ չէ, ասում են` ուրեմն չենք տանի: Բայց որ չենք կարողանում կոմայից հանենք, պիտի տանեն ռեանիմացիա, մագնեզիում սրսկեն, որ էդ բթացման վիճակից դուրս բերեն, զգայարաններն արթնանան: Նայի՛, աչքովդ տե՛ս, երեխեն մահացածի պես ընկած ա, ոչ էլ հասկանում ա, ուղեղը, կարելի ա ասել, զրոյական ա»: Ուզում եմ հարցնել, որ, եթե հատուկ խնամքից է կախված երեխայի կյանքը, ուրեմն ինչո՞ւ չեն հանձնում Խարբերդի մասնագիտացված մանկատուն: Տիկին Անուշը բարկությամբ ընդհատում է, ասելով՝ «Ես գիտեի, որ էդ հարցը տալու եք: Հարցի պատասխանը մեկն է՝ ես մայր եմ, երեխայիս անսահման եմ սիրում, ծայրահեղ ձեւով, բայց պահում եմ: Չեմ կարա տանեմ մանկատուն»: Անուշի չարացած աչքերն արցունքոտվում են, ինչն անակնկալի է բերում ինձ, որովհետեւ թվում էր` սառած հայացքով այդ կնոջը ոչինչ չի կարող այլեւս հուզել: Լաց է լինում, որովհետեւ հիշում է, որ ընտանիքի աշխատողից, կոմունալ հարցերը լուծողից, տղամարդու գործերն իր վրա վերցնողից, արեւածաղիկ վաճառելով փող բերողից բացի` ինքը նաեւ մայր է: Տիկին Անուշը տղամարդուն հատուկ կոպտությունը թողնելով, քնքշորեն շոյելով աղջկա ձեռքն անկեղծանում է. «Ժամանակ ա եղել, զգացել եմ, որ սպառվում եմ, էլ հնար չունեմ, ասել եմ՝ երեխուն տանեմ, բայց լեզուս ասել ա, իսկ սիրտս բացառել ա: Նայում եմ, թե երեխեն ոնց ա ընկնում քիթ-մռութի, խեղճանում ա, ոնց որ մահացած լինի…»,- կցկտուր արտաբերում է բառերն ու հեկեկում: 10-ամյա Մարգարիտը միայն ճանաչում է հարազատներին եւ ջրով լի շիշը, որովհետեւ դեղ խմելիս այդ շշով է ջուր խմում: Նա անընդհատ ձեռք է գցում պահարանի վրա դրված դեղի տուփին, քանի որ ենթագիտակցորեն հասկանում է, որ իր կյանքի փրկությունը միայն այդ դեղի մեջ է: Ծնված օրից նրա զբաղմունքը ծափ տալն է, ծափահարում է եւ ուրախանում իր կատարած գործողության վրա: Նրա տատը՝ տիկին Անահիտն ասում է, որ ամենաշատը սիրում է քրոջը՝ Քրիստինեին, ով ամբողջ խոսակցության ժամանակ սենյակի այս ծայրից մյուս ծայրն էր վազում, որ լուսանկարելիս հանկարծ կադրի մեջ չընկնի: Նուրբ դիմագծերով Քրիստինեն 13 տարեկան է եւ ամաչում է համադասարանցիներից: Շատ է հոգնում, քանի որ մայրն առավոտից-իրիկուն արեւածաղիկ ու փուչիկ է վաճառում, իսկ քրոջ խնամքն իր եւ տատի վրա է: Ասում է՝ «Ես հոգնել եմ, չեմ հասցնում, ամբողջ օրը քրոջս եմ խնամում, նրա տակն եմ փոխում, իսկ դասատուներս ինձ են նախատում, որ դասերին չեմ պատրաստվում: Ինքը սիրում ա, որ մի ձեռքդ տաս` իրա ձեռքով ծափ տա, պիտի միշտ կողքին լինես: Ես շատ եմ հոգնել, ոչինչ չեմ հասցնում»,- ասում է նա ու վազում սենյակի անկյուն, որովհետեւ աչքերն արցունքով լցվել են, ամաչում է: Քրիստինեն տատի հետ կիսվելիս ասել է, որ ինքը երբեք չի ամուսնանա, որովհետեւ ընտանիք կազմելու, երեխա ունենալու համար իր մեջ ուժ չի մնացել: Քրիստինեի 2 եղբայրներից 21 տարեկան Սամվելը կրծքավանդակի դեֆորմացիա ունի, սակայն բանվորություն է անում: Մայրն ասում է, որ նեւրոզից սրտի արատով է տառապում, ազատված է զինվորական ծառայությունից մինչեւ հաջորդ կոմիսիա: Մյուս տղան՝ 19 տարեկան Արմանը, զինվորական ծառայությունն անցկացնում էր Ղարաբաղում, բայց թոքաբորբով հիվանդությունն առիթ է հանդիսացել, որ տեղափոխեն Արարատ, որտեղ նա կրկնակի թոքաբորբ է տանում: «Երեւի մուրացկաններն ավելի լավ են ապրում, քան մենք: 4 երեխաներիցս մենակ աղջիկս ա նորմալ, էն էլ էնքան ա տանջվում, որ հոգնել ա»,- ասում է տիկին Անուշը, ում տան պայմանները տեսնելով` չեմ զարմանում, որ բոլորը հիվանդ են: Հարցնում եմ՝ «Ամուսին չունե՞ք»: Պատասխանում է՝ «Է՜, չորս ամիս առաջ մահացավ: Երեւի մեղք ա ասելը, բայց ինքն էլ հոգս էր իմ վրա: Խմում էր, երեխեքն էս վիճակին՝ հա խմում էր: Ողորմի իրան, մեղք ա ասելը, բայց իրա մահն իմ վրա որոշակի թեթեւություն բերեց, որովհետեւ էդ հարբեցողության պատճառով սաղիս հոգեկան վիճակը խանգարվել էր: Բացի սթրեսներից ու տանջանքից ինձ ոչնչով չէր օգնում: Իրա մահն իրան էլ հանգստացրեց, մի քիչ մեզ էլ, գժվացնում էր մեզ: Եթե էսքան տարի մերս երեխուս չպահեր՝ ես էդ սեմուշկեն էլ չէի կարա վաճառեի»,- ասում է Անուշն, ում միջամտում է թոշակառու մայրն՝ արդարանալով, որ, եթե ոտքի տրոմբն ու ստամոքսի խոցն իրեն չխեղճացնեին՝ հավաքարարություն կաներ, կօգներ: Անահիտ տատի ու տիկին Անուշի հարաբերությունները հաճախ սրվում են, որովհետեւ՝ «Տեսնում եմ, որ էլ ճար չունենք, ցամաք հացին կարոտ ենք, ասում եմ՝ երեխուն տանք մանկատուն: Հետս կռվում ա, բայց հետո զգում եմ, որ ես էլ չեմ ուզում, սխալ եմ ասում: Ամիսներով, շաբաթներով պարտքով հաց ենք վերցնում: Ինչքան հին, կոտրած, մաշված ապրանք կա մարդիկ դնում են դռան առաջ, որ վերցնենք-օգտագործենք»: Տիկին Անուշը հիշում է իրեն այն տարիներին, երբ կարգին կին էր, ոչ թե արեւածաղիկ ու փուչիկ վաճառող. «Նախկինում աշխատում էի Պոլիվինիլացետատ գործարանում, բայց հիմա գործարանի դատարկ պատերն են մնացել, քանդեցին հսկայական գործարանը: Բնակարան ստանալու համար հերթագրված էինք, պետք է 3 սենյականոց տային, բայց գործարանը քանդելուց առաջ ասեցին՝ լավագույնը, որ ձեր համար կարանք անենք` էս սենյակն ա, ստեղ ապրեք: Սենյակն էլ տեսնում ես, գոմերն ավելի հարմար են, քան մեր սենյակը: Տեսնում ես, էլի, ծայրահեղ չքավորության մեջ ենք ապրում: Հիմա Քիմիական տեխնիկումի «5»-երով դիպլոմս առած փողոցներում նստած սեմուշկա ու փուչիկ եմ ծախում, որ երեխեքիս մի կտոր հաց հասցնեմ: Օր ա լինում, որ էդ ցամաք հացն էլ չեն ուտում»,- պատմում է նա՝ վստահեցնելով, որ նպաստից էլ են կտրել: Դիմել է ՀՀ առողջապահության եւ սոցապ նախարարներին՝ խնդրելով դեղորայքով երեխային օգնել: Պատասխան չի եղել: Տիկին Անուշն անհամբերությամբ սպասում է Ամանորին, որովհետեւ նախորդ տարվա փորձը ցույց է տվել, որ տոն օրերին փուչիկները շատ են վաճառվում: Ձմռան դաժան ցրտին, առավոտից իրիկուն նստում է դրսում, որ արեւածաղիկ ու փուչիկ վաճառելով` երեխայի համար դեղորայք ու ցամաք հաց գնի: