Հոկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Գունար Ադենին: Վարչապետը նշել է «Շվեդական միջազգային համագործակցության զարգացման գործակալության» (SIDA) ֆինանսավորմամբ 1995 թվից Հայաստանում իրականացվող տեխնիկական ծրագրերի հաջող ընթացքի մասին: Ընդգծելով այդ ծրագրերի օգտակարությունը՝ Ա. Մարգարյանն առաջարկել է քննարկել դրանցում ընդգրկված բնագավառների ընդլայնման հարցը՝ ներառելով տեղական ինքնակառավարման եւ ժողովրդավարության զարգացման ոլորտները: Համագործակցության առումով կողմերը հեռանկարային են համարել, մասնավորապես, ՏՀՏ, մեքենաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ այլ ոլորտները: Նշելով, որ երկրում բարենպաստ պայմաններ են ստեղծված ներդրումային ծրագրերի իրականացման համար, Ա. Մարգարյանը, երկկողմ քաղաքական ու տնտեսական համագործակցության հետ մեկտեղ, հայկական կողմի համար ցանկալի է համարել փոխգործակցություն ծավալել նաեւ գիտության, կրթության ու մշակույթի բնագավառներում: Ընդգծելով, որ ՀՀ-ում այսօր գործում է շվեդական կապիտալի մասնակցությամբ 9 ընկերություն, վարչապետը նշել է, որ այդ թիվը մեծացնելու եւ շվեդական ներդրումներն ավելացնելու լայն հնարավորություններ կան: ՀՀ վարչապետը ներկայացրել է նաեւ եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի իրականացրած աշխատանքը, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մակարդակը: