Տաքսու վարորդների հետ մեր այսօրվա զրույցի թեման Երեւանն է, որին նրանցից շատերը կոչում են նոր Երեւան: Որքան էլ զարմանալի է, նոր Երեւանում իրենց հարմարավետ չեն զգում ոչ միայն հին երեւանցի վարորդներն, այլեւ երիտասարդները, ովքեր պատկերացում չունեն նախկին Երեւանի մասին:
24-ամյա վարորդ Արթուրն անտարբերությամբ ասում է. «Գիտե՞ս, ես մի սովորական վարորդ եմ, կրթություն, մասնագիտություն չունեմ, ուղեղս էլ գիտելիքներով չի փայլում, բայց փառք Աստծո, որ տեսողությունս ա փայլում: Իմ աչքերով նայում եմ էս դեղին, կարմիր շենքերին, զարմանում եմ, թե հին, հետաքրքիր լուծումներով շինությունները ոնց են սառնասրտորեն քանդում ու դրանց փոխարեն դեղին ու կարմիր «դիշովի» շենքեր կառուցում: Նայե՛ք, Հանրապետության հրապարակի գորգի «ուզոռներին», գույներին, որը քաղաքի դեմքն ա: Էս ամեն ինչը գեղացիություն ա: Երեւանը տգեղ ա, որովհետեւ նման ա «յարմրկի»: Էն, որ մտնում ես բազար ու էնքան գույնզգույն, բազմազան բաներ ես տեսնում, որ շփոթվում ես, է, ա՛յ, տենց էլ Երեւանն ա, էնքան զիզի-բիզի ա, որ գլուխդ պտտվում ա: Մեր քաղաքը նման ա գյուղից եկած էն տղերքին, որոնք կանաչ սառոչկով, գծավոր կոստյում-շալվար ու հետն էլ սպիտակ ադիդաս բոթասներ են հագնում, կեպիով, սեմուշկա չրթելով ման են գալիս: Էդ տղեն որ քայլում ա՝ նայողները գիտեն, որ ինքը գյուղից ա եկել ու խաբար չի, թե քաղաքում ինչն ա մոդա, ու չգիտի՝ ի՞նչ բան ա ճաշակով հագնվելը: Հիմա մեր քաղաքն էդ ադիդաս բոթասներով ու կոստյում-շալվարով տղեն ա, խաբար չի աշխարհի ճաշակից: Արտասահմանցիք գալիս, ման են գալիս ու, երբ Հայաստանից գնում են՝ մի լավ ղժում են մեր անճաշակության վրա: Օրինակ՝ մարդ, որը ճաշակով ա՝ հագնվում ա շատ հասարակ ու պարզ, ու էդ պարզությունը սիրունություն ա: Մարդ էլ կա, որ անճաշակ ա, գարդիրոբում ինչ ունի` լցնում ա վրեն, բայց մեկ ա, ինքը ծիծաղելի ա: Հիմա Երեւանն ինչքան հարստանա, էնքան շենքերով կխեղդեն, ով ինչ հնարավորություն ունի՝ կլցնի քաղաքի վրա, բայց մի օր էլ կտեսնենք, որ էդ ճոխությունն անտանելի ու գեշ ա: Բայց ասեմ քեզ, Երեւանը նման ա հիմիկվա երեւանցիներին: Մարդիկ ճոխության են ձգտում, ճոխ հեռախոսներ, ճոխ ավտոներ, ճոխ հագուստ, ճոխությունն ապրելու իմաստ ա դարձել: Հիմա էդ տեսակ ճոխությամբ մարդու արժանիքներն են գնահատում, էդ չափանիշ ա դարձել: Աշխարհում ճոխությունը գեղցիություն ա, մարդիկ ու քաղաքները պարզ են: Նայում ես աղջիկներին՝ ինչ ունեն-չունեն` լցնում են վրները, 10 կիլո ժեշտ են կախում ու մի 10 կիլո էլ կոսմետիկա: Այսինքն՝ երեւի, ոնց որ մենք ենք, նենց էլ մեր քաղաքն ա, մեր դեմքն ա Երեւանը: Էն հին, տաղանդավոր, գրագետ երեւանցիներն ամեն մեկը մի անկյուն ա մտել ու ջրի երեսում մենակ փող ունեցողներն են: Եթե էդ տաղանդավոր, մտավորական մարդիկ հիմա ղեկավարեին մեր երկիրը, կարող ա Երեւանն էլ շատ նրբաճաշակ ու գեղեցիկ լիներ: Թե չէ՝ նայում ես Երեւանը տնօրինողներին ու մտածում ես՝ խեղճ քաղաք, իսկը իրանց ճաշակով ես դառել»,- ասում է Կարենը:
Բուդկեքի քաղաք իմ Երեւան
«Երեւա՞ն… Է՜հ, մեր քաղաքի գանձերը մեր այգիներն էին, կանաչը, մաքուր օդը ու էդ սիրո մթնոլորտը»,- իր երիտասարդությունը հիշելով` ասում է 59-ամյա վարորդ Ստեփանը: «Եթե իմանայիր` ի՜նչ ջահելություն, ուսանողական տարիներ եմ անցկացրել էդ այգիներում: Էդ ինչ սիրահարական մթնոլորտ կար, ինչքան սիրուն ու մաքուր բան կար էդ կանաչների մեջ… Էդ այգիները որ սկսեցին ջարդել՝ ոնց որ իմ հիշողությունները ջնջեին, շատ էի տխրում: Առաջվա էն սիրահարների այգիները դարձել ա բեսպրեդելի հավաքատեղի: Ես հիմա ռիսկ չեմ անում թոռներիս տանեմ Օղակաձեւ այգի: Մտնում են ավտոները ճռռացնելով, կոժից կուրտկեքով ու սեւ ակնոցներով, ոնց որ իտալական մաֆիայի սարսափազդուները լինեն: Մանավանդ, որ մութն ընկնում ա, դառնում ա բարդակ: Մի քանի հատ ծառ են թողել ու սաղ կաֆեներ են դրել, գնում ես՝ չես կարա նստես նստարանին, որովհետեւ ամոթ ա: Կասեն՝ փող չունի, որ մի հատ «Կոկա-կոլա» առնի, նստի: Ես, իհարկե, էդքան կորած մարդ չեմ, կարամ նստեմ խորոված-քյաբաբ էլ ուտեմ, բայց, դե՛, ամբողջ էֆեկտն էդ նստարանին նստելն ու մթնոլորտը վայելելն էր: Հիշում եմ, ջահել վախտս մի հատ աղջկա էի սիրահարվել, համալսարանում էր սովորում: Ժամերով էդ այգիներում նստում, սպասում էի, թե դասերը երբ պիտի վերջանա: Հանդիպում, նստում էինք այգու նստարանին ու նենց անուշ բաներ էինք խոսում՝ Չարենց, Տերյան էինք կարդում ու էլի մեր կարդացածի ժամանակ սիրահարվում էինք իրար: Հետո ծանոթ ընկերներ էին գալիս, հավաքվում էինք ու բոհեմական կյանք էինք վայելում: Որոշում էինք գնալ Կազիրոկ, որ մեր սիրած դերասան, երգիչ կամ գրողներին հեռվից տեսնեինք: Գնում, ժամերով անկյուններում կանգնում էինք, որ մի հանրաճանաչ մարդու տեսնեինք ու գնայինք տանը, հայաթում կամ ինստիտուտում հպարտանայինք, ասեինք` էսինչին ենք տեսել: Սաղ հավաքվում էին ու սկսում էին հարցուփորձ անել, թե որտե՞ղ տեսար, ո՞ւմ հետ էր, ի՞նչ էր անում եւ այլն: Մարդիկ էնքան հռչակ ու հարգանք էին վայելում, որ դու մի անգամ իրանց տեսնում էիր, իրանց մասին «ժիվոյ» ինֆորմացիա էիր ունենում, դու՝ ինքդ դառնում էիր աստղ: Էն օրը «Շանթով» Արթուր Մեսչյանի հարցազրույցն էի նայում: Ինչքան էինք իրան սիրում, ա՛յ աստղը ինքն ա, ա՛յ երեւանցին ինքն ա, որովհետեւ նրա մտածելակերպը, նրա հոգին ու գրած բառերը երեւանցու սրտացավություն ունեն: Իրա խոսքը շատ ուժեղ ա, կպնում ա սրտիդ, ու ուզում ես պահպանել քո քաղաքը, քո մերձավորներին: Ազդվում ես նրա խոսքերից: Ժամանակին, չնայած արգելված էր, բայց գժվում էինք նրա երգերի համար, հիմա էլ, երբ վերադարձել ա, ես շատ եմ ուրախացել: Երեւանի մասին խոսալուց ես նրան չհավատացի: Ասում էր՝ բոլոր նորանկախ պետություններում տենց ա լինում, հինը քանդվում, նորը կառուցվում ա ու հետո էդ անճաշակ նորն էլ ա քանդվում, որ ճաշակովը կառուցվի: Ինքը անկեղծ չէր, չհավատացի, ուղղակի չուզեց մեր «լավ տղերքին» մի երկու կծու խոսք ասի: Ես էլ կարամ հայտարարեմ, որ, եթե Մեսչյանի նման տղերքը Երեւանը կառուցապատեին, էլ կարիք չէր լինի նորից քանդելու: Վստահ կարամ ասեմ, որ ինքը Երեւանը կգեղեցկացներ, գեղագիտություն կպահպաներ, ոչ թե սենց ռեստորանների, հյուրանոցների, բուդկեքի քաղաք կսարքեր: Նրա էությունը, երգերն ու մարդկային կերպարը քաղաքին ցավ չէին պատճառի»,- հիշողությունների գիրկն ընկնելով բացատրում է վարորդ Ստեփանը: «Երեւանը Շիրազն էր, Երեւանը Մեսչյանն ու Ռաիսա Մկրտչյանն էին, Երեւանը Մարիետա Բադալյանն ու ծո Թորիկի թեման էր: Ի վերջո, Երեւանը մերն էր, իսկ հիմա մեր քաղաքը սափրագլուխներինն ու ուժեղ տղերքի Երեւանն ա»,- եզրափակում է Ստեփանն` ասելով, որ այս թեման տակնուվրա արեց իր հիշողություններն ու գեղեցիկ անցյալը:
«Քաղաքն էլ պիտի ռեմոնտ արվի»
27-ամյա վարորդ Վարդանի կարծիքով` յուրաքանչյուր մարդու համար իր ծննդավայրն անփոխարինելի եւ սիրելի է. «Ինչքան ուզում են թող փոխեն Երեւանը, մեկ ա, ես սիրում եմ մեր քաղաքը: Նայում եմ, լիքը սիրուն, էլիտար շենքեր են սարքում, ապակիներով, շքեղ օբյեկտներ են բացում, ինձ դուր ա գալիս, թե չէ՝ առաջվա տխուր, ճաքած շենքերն ո՞ւմ էին պետք: Ես իմ ծնողների նկարները որ նայում եմ, մեր քաղաքը ոնց որ Նոյի թվի, հին քաղաք լինի, իսկ հիմա, նայե՛ք, թե ինչ սիրունացրել են: Քաղաքապետից էդքան դժգոհում են, բայց դուք քաղաքապետարանի շենքը նայե՛ք, տեսե՛ք, ինչքան սիրուն ա: Ցիրկի մոտից դաժե երեւում ա, մարդ դրսից նայում ա, երազում ա, որ մի անգամ մեջը մտնի, տեսնի: Կամ էս կաֆեները, ինչքան լավ ա, որ մենք էլ ունեցանք կաֆեներ: Թե չէ, առաջվա փլված, հոտավետ բուֆետներում նստում էինք, էդ յուրահատուկ հոտից սիրտս խառնում էր, չէի դիմանում: Հերս որ մեզ տանում էր բուֆետ կամ ռեստորան՝ ուզում էի փախնել: Հիմա մտնում ես կաֆե, մատուցողը քեզ ժպտում ա, մենյուն բերում ա, խի էդ զարգացում չի՞: Ուղղակի մեծերը միշտ էլ դժգոհ են նոր սերնդի արածներից, դրա համար էլ միշտ ասելու են, որ վատ ա: Սաղ ասում են` Երեւանը քանդում են, հա, բայց ժամանակի հետ պետք ա քաղաքն էլ թարմացվի, չէ՞: Էդ ասողները իրանց տները խի՞ են վերանորոգում, դե՛ թող հին ռեմոնտով սաղ կյանքներն ապրեն: Քաղաքն էլ պիտի ռեմոնտ արվի, փոխվի չէ՞»,- հարցնում է Վարդանն ու հավելում, որ իր ծնողների ու իր համար գերնպատակ է իրենց բնակարանի վերանորոգումը, որովհետեւ մարդը հնից միշտ հոգնում է:
Երեւանի տերը ֆինանսական ուժն ու զենքն են»
Վարորդ Կարենն էլ խորհուրդ է տալիս Երեւանի մասին հարցը երիտասարդներին չուղղել, քանի որ նրանք նախկին Երեւանը չեն տեսել, հետեւաբար չեն կարող օբյեկտիվ կարծիք հայտնել: Քաղաքի եվրոշինարարությանը եւ ընդհանրապես ամեն մի «եվրոյին» դեմ է: «Ցանկացած աշխատանքի մեջ կարեւորը որակն ա: Էս շինարարությունը երկարակեցություն չունի, չի ծառայի 30-40-50 տարվա համար: Կառուցողները շենքերի որակի մասին չեն մտածում, որովհետեւ հալալ քրտինքով աշխատած փողերով չեն կառուցում: Եթե մարդը հալալ քրտինքով աշխատած փողով կառուցի՝ էդ փողը կափսոսի էս որակի շենք կառուցելու վրա ծախսելու համար: Մարդիկ մտածում են՝ կենտրոն թաղամաս ա, Կարապի լճին մոտիկ ա, պրիստիժնի ա եւ այլն, ու առնում են բնակարանն` առանց հաշվի առնելու, որ դրանք անորակ շենքեր են: Էդ նույն շենքը սարքողը եթե իրա համար քաղաքից դուրս մի հատ առանձնատուն ա սարքում՝ շատ լավ, որակյալ ա սարքում: Հետո ասեմ քեզ, որ որակը կախված ա նաեւ արհեստավորներից, էսօր արհեստավորներն էլ հմուտ չեն: Մինչեւ հեղափոխությունը, Կոմունիստների ժամանակ ես աշխատում էի Քաղսովետի Նյութային ֆոնդերի բաժնում: Պետական շենքերի հանդեպ մեծ սրտացավություն կար, պետականի վրա դողում էին, հոգատարություն ու վախ կար: Կոմունիստների ժամանակ Քաղսովետը մարդուն ասում էր՝ արի՛, էսքան հսկայական գործարաններից մեկում աշխատի, տանջվի, հերթագրվի, բնակարան ստացի, իսկ հիմա՞… Հին Երեւանն ինձ շատ հարազատ ա, իսկ նորն իմը չի, որովհետեւ նորը «Եվրոերեւան ա»: Երեք տարեկան երեխուն չես կարա հանես հայաթ, որ խաղա. սաղ գառաժներ, երկաթներ են, երեխեն չի կարա նույնիսկ ազատ վազի: Ուզածդ տեղում, ուզածդ չափի ու քանակի գարաժ կարաս դնես, մենակ թե փող ունենաս: Էս կապիտալիստական սիստեմն ավանտյուրիստների, աննորմալ սիստեմ ա: Ամերիկան իրա չաշխատող քաղաքացուն թոշակ ա տալիս, ասում ա՝ գոնե ցամաք հաց կեր, բայց աղբի միջից ուտելիք մի հավաքի, սովի մի մատնվի: Ստեղ ծերերը թոշակի չափից մեռնում են: Էս ա նոր Երեւանը, որտեղ 24 ժամ ավտո քշելով, ժամեր, տարիներ անցկացնելով` խիղճդ անհանգիստ ա, որովհետեւ երեխեքդ չեն կշտանում: Հետ եմ նայում ու տեսնում եմ, որ 5 տարի բացի քշելուց ուրիշ բան չեմ արել, ընդամենը սպանել եմ ժամանակս, առողջությունս, ներվերս: Ես ու դու Երեւանի տերը չենք, ուժեղներն են քաղաքի տերը: Երեւանի տերը ֆինանսական ուժն ու զենքն են: Երեւանում թողնում են էն կարգի մարդկանց, ովքեր եթե ասում են` մածունը սեւ ա, պետք ա ասես` սեւ ա, էդ դեպքում քեզ ոչ ինֆարկտը կխփի, ոչ էլ սպանություն կլինի»: