Հադրութի քաղաքապետարանից փոքր-ինչ ներքեւ մի ռեստորան կա։ Մարդիկ ասում են` «Էմիլի ռեստորան», սակայն ցուցանակը հուշում է, որ եկել ես «Մհերի մոտ»: Ի տարբերություն նմանատիպ այլ հաստատությունների, Էմիլի ռեստորանը մաքուր է, ոճավորված, մատուցվող սնունդն էլ` տարբեր «խորոված-քյաբաբ» ստանդարտից։
Ճաշացուցակ չկա։ Կարող ես պատվիրել ինչ ուզում ես, եթե պատվերդ դուրս չի գալիս շուկայում կամ քաղաքի խանութներում եղած տեսականու շրջանակից։ Որոշ բաներ ուղղակի բերվում են հարեւան խանութից։ Պահեստավորելու համար ազատ գումար է պետք. ի՞նչ իմանան, երբ եւ ով, ասենք, ռուսական օղի կպատվիրի։
Մատուցողուհին ասում է, որ ռեստորան հաճախում են միայն զինվորականները։ Նրա կարծիքով, դա բնական է, որովհետեւ միայն բանակում կարող ես կայուն եկամուտ ունենալ. «Մյուսները փող չունեն, հետո ռեստորան քինալու կուլտուրա էլ չկա»։ Տարբեր աստիճանի զինվորականները Հադրութում ամենուր են՝ Էմիլի ռեստորանում, Կարենի սրճարանում, քաղաքի հրապարակում գտնվող թեյարանում։
Այստեղ նրանցից բացի նստում են նաեւ տարեց մարդիկ՝ թեյ են խմում, թուղթ խաղում, խոսում անցածից ու գալիքից, քանի որ ներկան անցնում է աննկատ։
Թեյարանը բացօթյա է։ Սեղաններն ու աթոռներն ամենապակասը քառասուն տարվա վաղեմություն ունեն։ Ժամանցի այս վայրը հադրութցիները կոչում են «Խոռ աղբյուր» կամ «Չինարի»։ «Խոռ աղբյուր», քանի որ գտնվում է նույնանուն աղբյուրի մոտ, եւ «Չինարի», որովհետեւ թեյարանը մոտ 400-ամյա չինարի երկու ծառի շվաքի տակ է։ Հաճախորդներից մեկը պատմում է, որ Արցախյան շարժման առաջին ամիսներին մինչեւ օրս էլ անհայտ մի հադրութցի գիշերով բարձրացել ու ծառի կատարին է ամրացրել Հայաստանի դրոշը։ Ադրբեջանցի ոստիկաններ են եկել, շրջապատել են ծառը, իսկ դրոշը հանելու համար ուղղաթիռ են բերել Բաքվից: Երկար չարչարվելուց հետո, ի վերջո, դրոշն իջեցրել են, տեղի հայ ոստիկաններից հավաքել ատրճանակներն ու հեռացել:
Այդ պատմական դեպքերից մինչեւ այսօր թեյարանում ոչինչ չի փոխվել։ Ոչինչ չի փոխվել նաեւ Հադրութում։ «Ուզում եմ փաբրիկա լինի, զավոդ լինի, որ գյուղերը պահեն, պրոդուկտի բազա չկա»,- ասում է թեյարանի հաճախորդ Շահեն պապը։
«Ստի որ քինա, ոչ մի պեն էլ չի փոխվի»,- Շահեն պապին արձագանքում է 71-ամյա Բորիս Սեւյանն, ով չորս երեխա ունի եւ ասում է, որ նրանցից ոչ մեկն էլ չի աշխատում։ Ինքը Հադրութի Ջրաբերդ գյուղում հող ունի, ապրում են այդ հողի տված բարիքով։
Ստեղծված իրավիճակի պատճառները քննարկելիս, թեյարանի տարեցները ղարաբաղյան շարժումն ու պատերազմը համարում են պատմական օրինաչափություն։ Ասում են, թե ադրբեջանցիների հետ հակամարտություն վաղ թե ուշ լինելու էր, որովհետեւ նրանք ղարաբաղցիներին Ղարաբաղի հողում հյուր էին համարում եւ ամեն ինչ անում էին դուրս մղելու համար։ Ծերերն արդեն բացառում են ադրբեջանցիների հետ երբեւէ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը: «Մենք իրար կտորել ենք»,- ասում է Բորիս Սեւյանը:
Իսկ դժվար կյանքը, նրանց կարծիքով, գալիս է դեմոկրատիայից։ «Պատճառն էն ա, որ ժողովրդին պեց ան թողալ, ազատություն են տվալ»,- ասում է Շահեն պապը։
Նույն համոզման է 40-ամյա Սերժիկ Սարդարյանը, բայց, ի տարբերություն տարեցների, նա լավատես է եւ առաջընթաց նկատում է: «Եթե առաջ 1-2 սոտովի ա իլալ, հիմա 10-20-ն են»,- ասում է Սերժիկը: Որպես առաջընթացի ապացույց` նա նշում է նաեւ Հադրութի գիշերային լուսավորությունը։
Թեյարանի տարեցները չեն ուզում «զավոդների» ու «փաբրիկաների» հարցը կապել «սոտովիների» ու փողոցների լուսավորության հետ: Զարգացում ասելիս, իրենք էլ չգիտեն, թե ինչ են պատկերացնում, բայց հաստատ ուզում են, որ երկրի բախտը որոշողներն ունենան այդ պատկերացումը եւ ջոկ չլինեն նրանցից, ովքեր ոչինչ չեն որոշում:
www.hetq.am