Օգոստոսի 14-ին տասներկուամյա Մարիամ Դոլուխանյանը մոտ 3 ժամ` դույլերը ձեռքին, կանգնած էր Հադրութի շրջանի Ազոխ գյուղի աղբյուրի մոտ: Այդ օրը Մարիամի համար Ազոխում անցկացրած մյուս օրերից ոչնչով չէր տարբերվում: Մարիամն ապրում Է Ստեփանակերտում: Ազոխ եկել է տատ ու պապի մոտ: «Օրեր են եղել, երբ ավելի երկար եմ կանգնել: Երբ մեծահասակներ են գալիս աղբյուր, արեւի տակ երկար չեն կարողանում սպասել, ես էլ ստիպված իմ հերթը նրանց եմ զիջում: Դեպքեր է եղել, երբ մեծահասակ կանայք արեւի տակ կանգնելով` ուշաթափվել են: Մեկ-մեկ հարեւանների համար էլ եմ ջուր տանում, մեծահասակ են, միայնակ են ապրում: Օրվա ընթացքում մոտ 10 անգամ աղբյուր եմ գալիս»,- ասում է Մարիամը:
Ազոխում 3-4 ժամ ջրի հերթ կանգնելը սովորական երեւույթ է: Ամբողջ օրվա ընթացքում հերթը չի ավարտվում: Կարելի է ասել, շուրջօրյա է: Հերթը չխախտելու համար որոշ գյուղացիներ ամբողջ գիշեր հերթապահում են, հակառակ դեպքում` կզրկվեն ջրից:
Անժելա Օհանջանյանն ընտանիքին ջրով ապահովելու համար ամեն առավոտ ժամը 6-ին արդեն աղբյուրի մոտ է լինում: Իր ասելով՝ օրվա ընթացքում ջրի է գնում այնքան անգամ, քանի դեռ ձեռքերն ու ոտքերը ենթարկվում են. «Մին օր օշս քինական ա, վեր ընկնիմ` էդ վեդռաները ծեռքս»:
18-ամյա Բալասանյան Մելինեն օրը երեք անգամ է ջրի գնում` էշով, կարողանում է 80 լիտր ջուր տանել տուն: Ազոխում էշ ունենալն արդեն նշանակում է` ջրով ապահովված լինել: Այս առումով Գյուլվարդ Դալլաքյանի բախտը չի բերել: Նա 43 տարեկան է եւ, ինչքան հիշում է, միշտ ջրի հերթում է. «Մեր շենում հենց աղջիկ խոխան շոռ ա կյաս, վեդռան ծեռն ա յոր անես: Էդ էլ մեր խաչն ա, պիտի տանինք»:
Ամռանն Ազոխ մտնող ջուրը 80 տոկոսով ցամաքում է: Նրանք, ովքեր մեքենա, ձի կամ ավանակ ունեն, կարողանում են այլ գյուղերից ջուր բերել, սակայն այդպիսիք Ազոխում փոքրամասնություն են: Մյուսները ստիպված են ջուր գնել: Մեկ տոննա ջուրը վաճառում են 1000 դրամով, որը 4 անդամից բաղկացած ընտանիքին բավարարում է ընդամենը 2 օր:
Գյուղում ջուրը համեմատաբար վարար է ձմռանը, սակայն գյուղացիներին դա այնքան էլ չի ոգեւորում: «Ձմռանն էլ ճանապարհներն են սառչում: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ձմռանը ջրի ճանապարհին մարդիկ ընկել են եւ ոտքը կամ ձեռքը կոտրել: Ջրի խնդիրը ոչ ձմռանն է լուծվում, ոչ էլ ամռանը»,- դժգոհում է գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Սամվել Օհանյանը: Ջրի բացակայության պատճառով Ազոխում մարդիկ գրեթե չեն զբաղվում հողագործությամբ: Բնակիչներին հող են հատկացրել գյուղից 5-6 կմ հեռավորության վրա, եւ ոչ բոլորն են ի վիճակի կտրել այդ ճանապարհն իրենց հողերը մշակելու համար: Սամվել Օհանյանի կարծիքով, գյուղը կարող է բարգավաճել, եթե պետությունը գյուղացուն վարկ տրամադրի. «Վարկի դիմաց մեզանից գրավ են պահանջում: Մեր ունեցածը` մեր կիսաքանդ տներն են, որոնք որպես վարկ չեն ընկալվում բանկերի կողմից: Մեր գյուղը ժամանակին զբաղվել է խաղողագործությամբ, որը շատ շահութաբեր էր: Այսօր միայն հացահատիկ ենք մշակում ու գրեթե օգուտ չունենք»:
Ազոխում խնդիրներ շատ կան, սակայն խմելու ջուրն առաջնային է: Սամվել Օհանյանի կարծիքով` ավելի լավ կլինի, որ գյուղն ինքնահոս ջուր ունենա, որը շատ ավելի էժան է, քան` մղվողը: Որպես ուսուցիչ նրան ջրից ոչ պակաս անհանգստացնում է նաեւ գյուղի դպրոցի շենքը, ճանապարհները, որոնք ձմռանը սառչում են, եւ երեխաները շատ հաճախ դպրոց չեն հասնում. «Այդ խնդիրները մենք մեր ուժերով չենք կարող լուծել: Դրանք ի վիճակի չէ լուծել նաեւ մեր գյուղապետարանը»:
Ազոխի գյուղապետն ապրում է նույն խնդիրներով եւ խոստովանում, որ իրենից ոչինչ կախված չէ: Գեւորգ Գեւորգյանն արդեն 2 տարի Ազոխի գյուղապետն է եւ դժվարանում է ասել, թե այդ տարիների ընթացքում Ազոխում էական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել. «Ֆինանսների բացակայության պայմաններում ի՞նչ էական փոփոխությունների մասին կարող է խոսք լինել: Էական փոփոխությունը ջրի հարցի լուծումը կարող է լինել, որն արժե 500 հազար ԱՄՆ դոլար: Այդ գումարի առկայության դեպքում խմելու ջրով հնարավոր է միանգամից ապահովել Հադրութի շրջանի երեք գյուղի` Թաղլար, Դրախտիկ եւ Ազոխ: Այս երեք գյուղերն ընդգրկված են մեկ ընդհանուր ծրագրում, իսկ այն երբ կյանքի կկոչվի` դժվարանում եմ ասել»:
www.hetq.am