Վայրէջք կատարելով Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանում` միանգամից չես հասկանում Էռնեստ Հեմինգուեյի հայտնի նախադասության իմաստը. «Փարիզը մի տոն է, որ միշտ քեզ հետ է»: Այն ընկալելի է դառնում որոշ ժամանակ անց: Սակայն խոսքը միայն «Եվրոպայի մայրաքաղաքի» մշակութային մեծ հարստության մասին չէ. կյանքը Փարիզում եռում է, առօրյա ամեն մի մանրուք մարդուն ստիպում է ապրել լիարժեք կյանքով: Փարիզյան մեր 7-օրյա այցը նույնպես վառ տպավորություններով անցավ:
Մեքենաները Փարիզում չեն տեղավորվում
Ֆրանսիայի մայրաքաղաքից առաջին տպավորությունն այնքան էլ հաճելի չէ: Պատճառը խցանումներն են: Դրանց կարելի է հանդիպել Փարիզի բոլոր հատվածներում, օրվա տարբեր ժամերին, անկախ նրանից` նեղ փողոցնե՞ր են, թե՞ պողոտաներ: Ճիշտ է` գիշերվա ժամերին իրավիճակը մի քիչ ավելի բարվոք է, այնուամենայնիվ, կենտրոնական պողոտաներում խցանումներ միշտ կան:
Սակայն Փարիզը միայն վերգետնյա քաղաք չէ: Փարիզում գոյություն ունեն բազմաթիվ ստորգետնյա ավտոկանգառներ, որոնք բառացիորեն մի քանի հարկանի են: Բայց դա էլ չի բավականացնում ավտոմեքենաներին: Այդ «parking»-ները գրեթե միշտ լեցուն են, եւ դժվար է դատարկ տեղ գտնել: Ընդ որում, ավտոկանգառն ամենեւին էլ էժան ծառայություն չէ: Կախված նրանից, թե վարորդը որքան ժամանակով է կայանում իր մեքենան ստորգետնյա «parking»-ում, դրա գինը հասնում է տասնյակ եվրոների: Փարիզում գտնում են, որ եթե միեւնույն ժամին քաղաքի բոլոր ավտոմեքենաները դուրս բերվեն փողոց, երթեւեկությունը պարզապես կկանգնի: Ի դեպ, շատ փարիզաբնակներ նախընտրում են հեծանիվներ կամ մոտոցիկլետներ, որոնց առատությունը խոսում է դրանց պրակտիկության մասին:
Ավտոմեքենաների նման առատության եւ փողոցային խցանումների պայմաններում էլ երթեւեկությունը կատարվում է հիմնականում օրինական ձեւով: Երթեւեկության կանոնների խախտում Փարիզում շատ քիչ է պատահում: Թերեւս դա պայմանավորված է նաեւ երկրում օրենքի գերակայությամբ: Ոչ մի փարիզեցու մտքով չի էլ անցնի կարմիր լույսի տակով անցնել կամ անթույլատրելի ճանապարհով շրջադարձ կատարել: Միգուցե սա է պատճառը, որ Փարիզում ճանապարհային ոստիկանների շատ հազվադեպ կարելի է հանդիպել: Բայց Փարիզի քաղաքացիները վստահեցնում են, որ եթե ոստիկանը կանգնեցնում է վարորդին, ապա նա լուրջ խախտում է թույլ տվել, ու նրա «բանը բուրդ» է: Փարիզի փողոցներում ոստիկաններ չկան, բայց կան հատուկ ռադարներ, որոնց փարիզաբնակներն անվանում են «սարկոզիներ»: Բանն այն է, որ այդ սարքերը ներդրել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Նիկոլա Սարկոզին: Ճանապարհային ռադարներն արագ գրանցում են թույլատրելի արագության գերազանցումը, նկարում են ավտոմեքենան, եւ հաջորդ օրն այդ մեքենայի վարորդի բնակարանի հասցեով նամակ է գալիս, որում նշվում է նրա կողմից վճարվելիք տուգանքի չափը:
Փարիզից Ֆրանսիայի այլ շրջաններ տանող շատ ավտոճանապարհներ վճարովի են: Ճանապարհի մի քանի հատվածներում անցակետեր են դրված, որոնց մոտ վճարելուց հետո միայն վարորդը կարող է շարունակել ճանապարհը: Վճարովի ավտոճանապարհներն իրենց հերթին լինում են էժան եւ թանկ: Բարձրորակ այդ ճանապարհները մոտ մեկ ժամով կրճատում են ճանապարհորդության տեւողությունը: Բայց հետաքրքիրն այն է, որ քաղաքացիները չեն բողոքում ո՛չ թանկ ավտոկանգառներից, ո՛չ էլ վճարովի ավտոճանապարհներից: Նրանք գտնում են, որ դրանք առավել հարմարավետ են դարձնում իրենց առօրյան, ուստի իրենք պարտավոր են վճարել այդ ծառայությունների դիմաց:
Փարիզում երթեւեկելիս ուշադրություն դարձրինք նաեւ փողոցներով պաշտոնական պատվիրակությունների անցնելուն: Տեղացի եւ օտարերկրյա պաշտոնյաների ավտոմեքենաներին ուղեկցող մի քանի մոտոցիկլետներ, որոնք ընթանում էին շարասյան դիմացից, ազդանշաններով վարորդներից պահանջում էին ճանապարհ բացել: Այդ ամբողջ «ընթացակարգը» վայրկյաններ էր տեւում եւ քաղաքի երթեւեկությանը բնավ էլ չէր խանգարում:
Փարիզից դուրս
Մեկ օրով եղանք նաեւ Փարիզից մոտ 200 կմ հեռավորության վրա, Լա Մանշի ափին գտնվող Դովիլ եւ Տրուվիլ ծովափնյա «երկվորյակ» քաղաքներում: Հիանալի բնություն, շքեղ ռեստորաններ, բարեր, ժամանցի այլ վայրեր. այս ամենի հաշվին էլ զարգանում է այս երկու քաղաքների զբոսաշրջությունը: Դովիլի եւ Տրուվիլի կենտրոններում մեկական շքեղ խաղատներ են կառուցված, որոնք պատկանում են «Lucien Barriere» ընկերությունների խմբին: Ֆրանսիայի տարբեր շրջաններից օրական հարյուրավոր մարդիկ են այցելում այս կազինոներ: Իսկ վերջիններս էլ բառացիորեն պահում են այս քաղաքները: Նրանց գործունեությունը հարկվում է այնքանով, որպեսզի Դովիլի եւ Տրուվիլի հսկայական բյուջետային ծախսերը փոխհատուցվեն: Այս պահանջը խաղատներին ներկայացվել է քաղաքապետարանների կողմից:
Յուրօրինակ ճարտարապետական ոճ ունի նաեւ Փարիզի կենտրոնից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Պլեսի Ռոբինսոն փոքրիկ քաղաքը, որի կանաչապատումը Ֆրանսիայում առաջին տեղն է զբաղեցրել: Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկը, ով նաեւ Նիկոլա Սարկոզիի թիմակիցն է, իր քաղաքում արգելել է ժամանակակից ճարտարապետությունը: Պլեսիում շենքերը կառուցվում կամ վերանորոգվում են միայն դասական ճարտարապետական ոճով: Հետաքրքիր էր նաեւ այն, որ փոքրիկ քաղաքի շքեղության ու յուրօրինակության հետ մեկտեղ քաղաքապետարանի շենքի արտաքին հատվածը 13-րդ դարից ի վեր չի վերանորոգվել:
Շանզ-Էլիզեով զբոսնելիս
70 մետր լայնություն եւ մոտ 2 կմ երկարություն ունեցող Շանզ-Էլիզե պողոտան աշխարհի ամենաթանկ ու գեղեցիկ վայրերից մեկն է, որտեղ ամեն ինչ հնարավոր է՝ զբոսնել, հանգստանալ, գնումներ կատարել, ռեստորան կամ սրճարան, թատրոն կամ դիսկոտեկա մտնել եւ այլն: Աշխարհի գրեթե բոլոր ճանաչված խոշոր ֆիրմաները Շանզ-Էլիզեի վրա խանութներ ունեն: Բոլոր այդ խանութներում էլ հաճախորդների հոծ բազմություն կա: Աշխարհահռչակ «Louis Vitton» ֆիրմայի բազմահարկ շենքի մուտքի մոտ հերթը (հիմնականում՝ չինացի, ճապոնացի եւ այլազգի այլ զբոսաշրջիկների) երբեմն հասնում է մի քանի մետր երկարության: Շանզ-Էլիզեի վրա գտնվող սրճարաններում օրվա որոշ ժամերի պարզապես չէին սպասարկում հաճախորդներին, քանզի վերջիններիս բազմության պատճառով մատուցողները չէին հասցնում աշխատել: Սա Փարիզում հազվադեպ պատահող երեւույթ չէր: Մեզ բացատրեցին, որ մատուցողների նկատմամբ պահանջարկը մեծ է, սակայն քիչ երիտասարդներ են նախընտրում այս աշխատանքը: Ի դեպ, փողոցային սրճարանների մատուցողները պատվերն ընդունելուց շատ չանցած հաճախ պահանջում են հաշիվը շուտ փակել: Պատմում են, որ այդ երեւույթի պատճառն այն է, որ հաճախ մարդիկ պատվիրում են եւ առանց վճարելու հեռանում: Մատուցողներն էլ իրենց այդպես են «ապահովագրում» անբարեխիղճ հաճախորդներից: Ռեստորանատերերն իրենց բիզնեսի գրավականը համարում են սպասարկման բարձր որակն ու արագությունը եւ շեշտը դնում են հենց դրանց վրա: Փարիզյան սրճարանները, բարերն ու ռեստորաններն ունեն եւս մեկ առանձնահատկություն: Ամենաթանկարժեք հաստատությունները, որոնք դասվում են աշխարհի լավագույնների շարքում, իրենց արտաքին տեսքով առանձնապես ոչնչով աչքի չընկնող շինություններ են (շատերն արտաքնապես նույնիսկ զիջում են երեւանյան ռեստորաններին): Սակայն, երբ մտնում ես սրահ եւ օգտվում տվյալ հաստատության ծառայություններից, հասկանում ես թանկարժեքության իմաստը: Նույնը վերաբերում է նաեւ հյուրանոցներին: Շանզ-Էլիզեի վրա գտնվող «Marriott» հյուրանոցի դուռն ընդամենը 2-3 մետր լայնություն ունի եւ ոչնչով չի տարբերվում հարեւան հաստատություններից: Այն դեպքում, երբ «Marriott»-ն աշխարհի լավագույն եւ թանկարժեք հյուրանոցների ցանցն է:
Շանզ-Էլիզեի վրա է գտնվում նաեւ «Culture Biere» ժամանցի վայրը, որն աչքի է ընկնում իր համեղ գարեջրերի լայն տեսականիով: Երեկոյան ժամերին «Culture Biere»-ը լեփ-լեցուն է հիմնականում երիտասարդներով: Երբ մենք մտանք, նստելու տեղ չկար, սակայն մեզ հուշեցին, որ Ֆրանսիայում էլ ամենեւին «սուրբ» չեն, եւ կարելի է նրանց «լավության տակից էլ դուրս գալ»: Այդպես էլ եղավ: Որոշակի գումար առաջարկեցինք հաստատության մենեջերին, եւ մեզ համար բազկաթոռներ ազատվեցին:
Արտաքին համեստ ոճը բնորոշ է ոչ միայն Փարիզի ժամանցի վայրերին, այլեւ փարիզաբնակներին: Շանզ-Էլիզե պողոտան Էյֆելյան աշտարակից, Փարիզի Աստվածամոր տաճարից կամ Լուվրի թանգարանից տարբերվում է նրանով, որ այստեղ տեղաբնակների շատ կարելի է հանդիպել: Հետաքրքիր է նստել բացօթյա մի սրճարանում եւ պարզապես հետեւել անցորդներին: Իզուր չէ ասված, որ փարիզյան նորաձեւությունը յուրօրինակ է ու հավերժ: Յուրաքանչյուր քաղաքացի հագնված է իրեն եւ Փարիզին բնորոշ դասական, բայց ժամանակակից ոճով:
Ասում են` Փարիզը կեղտոտ քաղաք է: Բնականաբար, աշխարհի յուրաքանչյուր խոշոր բնակավայր էլ ենթարկվում է աղտոտման: Բայց Շանզ-Էլիզեում ականատես եղանք, թե ինչպես մարդկանց հոծ բազմության միջով անցնում էին մաքրող փոշեծծիչ հատուկ մեքենաները եւ «փայլեցնում» էին մայթերը: Եվ այսպես, օրական մի քանի անգամ:
Շքեղության ու ճոխության հետ մեկտեղ` Փարիզի գլխավոր պողոտայում ամեն քայլափոխի կարելի է թափառաշրջիկների ու մուրացկանների հանդիպել: Մեկը լրիվ հորիզոնական դիրքով, ոտաբոբիկ պառկած էր գետնին, մյուսը մայթին չոքած աղոթում էր, մեկ ուրիշը շրջում եւ ծխախոտ էր խնդրում… Հետաքրքիր էր, որ մուրացկաններից շատերը խոսում էին անգլերենով, զգացվում էր, որ նրանք տեղացիներ չեն: Մի կնոջից էլ պարզեցինք, որ ինքը Փարիզ է եկել Բոսնիա-Հերցեգովինայից եւ հանգամանքների բերումով այժմ հայտնվել է ծանր սոցիալական պայմաններում: «Բոսնիա-Հերցեգովինա» բառերը լսելով` խիղճս տանջեց եւ որոշեցի այդ մեկին օգնել: Քիչ անց, սակայն, ֆրանսահայ մեր ընկերն ասաց, որ դիտմամբ են այդպես ասում, որ մարդու սիրտ հալվի, իսկ իրականում այդ թափառաշրջիկները շատ-շատերից հարուստ են: Փարիզում, առհասարակ, պետք է զգույշ լինել ոչ միայն գնչու թափառաշրջիկներից, այլեւ նույնիսկ ծխախոտ խնդրողներից, որովհետեւ նրանցից շատերը պրոֆեսիոնալ գրպանահատներ են: