Հարուստ պատմություն ու ավանդույթներ ունեցող արվեստի այս ճյուղը լայն տարածում ունի ողջ աշխարհում։ Մեզ են հասել Տիցիանի, Ռուբենսի, Պիկասոյի ու այլ վարպետների նկարազարդած հեղինակային ափսեները։ Հազարամյակներ շարունակ մարդիկ նկարել են ափսեների վրա՝ ոչ միայն զուտ գեղագիտական նպատակներ հետապնդելով, այլեւ՝ փորձելով հնազանդեցնել, իմաստալից դարձնել եւ ուժ հաղորդել այդ կլոր տարածությանը։ Եվ յուրաքանչյուր նկարազարդված ափսե իր փիլիսոփայությունն ու ուղերձն ուներ։ Հայաստանը նույնպես «փիլիսոփա» ափսեների ծննդավայր է եղել, սակայն այս ավանդույթը վերջին տարիներին կանգ է առել։ Շատ բան կորել է Արեւմտյան Հայաստանի կենցաղի կորստի հետ։ Կորել է նրբագեղ ձեւերի ու համերի խոհանոցը, կորել է կենցաղային առարկաներին օրիգինալ իմաստ հաղորդելու սովորույթը։ «Շատ բան է պետք վերականգնել»,- ասում է մշակութաբան եւ փիլիսոփա Ռուբեն Անգալադյանը, ով արդեն երկար տարիներ հավաքում ու ամբողջացնում է հեղինակային նկարազարդումներով արված ափսեների իր կոլեկցիան։ «Ափսեի կլոր տարածքը սովորական մի բան է թվում, երբ դու ոգով նկարիչ չես ու սրտիդ խորքում երեւակայության կայծ չի բռնկվում»,- այդպես է մտածում նա ու ցանկանում է վերականգնել ափսեներ նկարազարդելու հին ավանդույթը։ Նա համոզված է, որ ժամանակակից հայացքը որսալու եւ մշակութային դաշտ ստեղծելու համար մեծ գումարներ պետք չեն. «Մշակույթը ծնվում է ոչ միայն գումարից, այլ շատ հաճախ միայն սերը բավական է»,- համոզված է նա։
Իր անձնական հավաքածուի նմուշները Ռ. Անգալադյանը չի գնում, այլ՝ պատվիրում է տարբեր ստեղծագործողների, որոնք հետագայում իրենց աշխատանքները պարզապես նվիրում են նրան։ «Բոլորը սիրուց ծնված գործեր են»,- ասում է Ռ. Անգալադյանը։ Այդ մոտեցումը թույլ է տալիս համակարգված ու լիարժեք հավաքածու ստեղծել։ Գրեթե բոլոր ժամանակակից հայ նկարիչներին նույն պայմաններն առաջարկելով, հավաքածուի տերը ժամանակակից հայ արվեստի ուղերձն ու պատկերն է հավաքում։
Հոկտեմբերի 26-ին Ե. Չարենցի տուն-թանգարանում առաջին անգամ հանդիսատեսին կներկայացվի այս տեսակի ու ձեւի ցուցադրությունը։ Սա պարզապես արվեստասեր մարդու հավաքածու չէ, այն դեմք ու բովանդակություն ունեցող նախագիծ է, որը շատերի համար լի կլինի բացահայտումներով։ Մանավանդ, որ հեղինակները մեր օրերի ամենահայտնի ու ցայտուն մարդիկ են՝ Ռոբերտ Էլիբեկյան, Էդուարդ Խարազյան, Թենի Վարդանյան, Արա Շիրազ, Անատոլի Գրիգորյան, Հասմիկ Սեւոյան, Վահան Ռումելյան, Քնարիկ Հովհաննիսյան եւ շատ ու շատ այլ նկարիչներ։ Ընդ որում, բոլոր նկարիչներին ափսեները հենց Ռ. Անգալադյանն է տվել: Ափսեների նկարազարդման պրոցեսը ոմանց համար շատ երկար ու տանջալի է եղել, իսկ ոմանց համար էլ` շատ թեթեւ ու արագ: Նկարիչներ կային, որոնք մտածում էին՝ «Բան ու գործ չունեմ, պետք է ափսե նկարեմ», սակայն երբ անցավ առաջին տարակուսանքը ու կլոր տարածքի սանձում տեղի ունեցավ, աշխատանքը հաճույք դարձավ:
«Հրաշալի է, որ իմ շրջապատում, մեր անհոգ-անհանգիստ քաղաքում այսքան շատ հրաշագործներ կան, ում հայացքը՝ թողած ափսեի տարածքին, դառնում է հենց այն աշխարհը, որը մեզ պակասում է»,- ասում է Ռ.Անգալադյանն ու աշխարհ բաց թողնում մոտ հիսուն «ափսե-տիեզերքներ», որոնք ստեղծվել են հայ նկարիչների երեւակայությունից։ Բոլոր հեղինակները շատ տարբեր են, տարբեր են նրանց տեխնիկան, ոճն ու աշխարհայացքը։ Նրանց միացնում է միայն ափսեի կլոր տարածքը, որը գեղանկարիչները, գծանկարիչները, դիզայներները, քանդակագործներն ու խեցեգործները լցնում են սեփական պատկերներով։ «Սա շատ լուրջ փորձ է, որը կարող է անսպասելի գեղարվեստական արդյունքների հանգեցնել»,- համոզված է Ռ. Անգալադյանը։ Նույն ժամանակահատվածում ապրող ստեղծագործողներն իրենց ժամանակի մասին սեփական պատկերացումներն են թողնում՝ ունենալով հավասար պայմաններն ու շրջանաձեւ միեւնույն տարածությունը։ Միգուցե այս ցուցահանդեսը նոր առասպելների ու նոր բացահայտումների սկի՞զբ կդնի։ Չէ՞ որ մարդկությունը երբեք զուտ ուտիլիտար նշանակություն ունեցող կենցաղային իրեր չի սիրել ու փորձել է նրանց փիլիսոփայական իմաստ հաղորդել։ Հնագույն չինական առասպելը վկայում է, որ ափսեի ծնունդը կապված է մայրական ափերի հետ, այն ափերի, որոնք ջերմությամբ ու սիրով երեխային համեղ ու գեղեցիկ ուտելիք են պարզել։ Բոլորս մանկուց մեզ ծանոթ ափսեի կլոր տարածությունը կապում ենք կենսունակության ու սննդի հետ։ Իսկ շատերն էլ այդ կենսունակությունը նաեւ գեղեցկության մեջ են տեսնում։