Հոկտեմբերի 22-ի կեսգիշերից մի քանի րոպե անց ՀՀ տարածքի որոշ վայրերում կարճ ժամանակով էլեկտրաէներգիայի անջատումներ տեղի ունեցան: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ոլորտի մասնագետներից մեկը, այդ անջատումները պայմանավորված էին Թավրիզում տեղի ունեցած վթարով: Բանն այն է, որ Հայաստանը որոշակի քանակությամբ էլեկտրաէներգիա է ստանում Իրանից: Այդ էլեկտրաէներգիային համապատասխան էլ կարգավորվում է տեղական ռեսուրսներով արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը: Երբ վթարի պատճառով ուշ երեկոյան Իրանից Հայաստան մուտք գործող էլեկտրաէներգիայի հոսքը կանգնել է, իսկ էլեկտրաէներգիայի տեղական պահանջարկը մնացել է մեծ չափերի, էլեկտրաէներգիայի հաճախականությունը 50 հերցից կտրուկ նվազել է: Այն բարձրացնելու նպատակով հաջորդաբար դադարեցվել է հանրապետության որոշ համայնքների էլեկտրաէներգիայի մատակարարումը: Դա տեւել է այնքան ժամանակ, մինչեւ ավելացվել են էլեկտրաէներգիայի տեղական ռեսուրսները, եւ վերականգնվել է հաճախականությունը: Մեր աղբյուրների համաձայն, այժմ նույնիսկ Հայաստանն է էլեկտրաէներգիա մատակարարում Թավրիզին: