Երեկ մեկնարկեց Աժ նիստերի հերթական քառօրյան (կամ որոշ պատգամավորների բնորոշմամբ՝ «չոռօրյան»), որի սկզբից էլ պարզ դարձավ, որ պատգամավոր Թաթուլ Մանասերյանի՝ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացած «Հայոց ցեղասպանության հարցերի քննարկման ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու» նախաձեռնությունը ոչ մեկին առանձնապես չի ոգեւորում:
Այդ առաջարկին դեմ արտահայտվեցին նաեւ դաշնակցականները, ովքեր գտնում են, թե հանձնաժողովի գոյությունն անգամ սպառնալիք կդառնա մեր պետության համար եւ շահարկման առարկա՝ Թուրքիայի համար, ու բացի այդ էլ՝ կասկածի տակ կդրվեն աշխարհի այլ երկրների խորհրդարանների հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու վերաբերյալ բանաձեւերը: Ի վերջո Թ. Մանասերյանը ստիպված եղավ ետ վերցնել իր նախաձեռնությունը: Նշենք, որ այս քառօրյայի օրակարգում առավել մեծ հնչեղություն ունեն երկու հարց` «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագիծը եւ Ընտրական օրենսգրքի այն փոփոխությունը, որով առաջարկվում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ: Նախ` երկրորդի մասին: Հայտնի է, որ ՀՀԿ-ն դեմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, իսկ ՀՅԴ-ն էլ, թեեւ հայտարարում է, թե իրենք կողմ են դրան, սակայն տվյալ պահին դեմ են արտահայտվում, քանզի, ինչպես երեկ նշեց Արմեն Ռուստամյանը, «դրա վերաբերյալ քաղաքական համաձայնություն չկա»: ՀՅԴ-ում գտնում են, որ, ինչպես նշեց Գեղամ Մանուկյանը, 100 տոկոսանոց համամասնական տարբերակին անցնելու վերաբերյալ օրինագիծը ծառայեցվում է մեծամասնական տեղերի ավելացմանը, եւ օրակարգում այդ օրինագծի ընդգրկումը նա համարում է «օպերացիա մեծամասնական»: Ի դեպ, 100 տոկոսանոց համամասնականի անցնելու առաջարկի հեղինակը մեծամասնականով ընտրված պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն է: Պետաիրավական հանձնաժողովի նիստի ընթացքում Վ. Դալլաքյանի առաջարկին դեմ է քվեարկել միայն ՀՀԿ-ն: ՄԱԿ-ը, ՕԵԿ-ը, «Արդարությունն» ու «Ազգային Միաբանությունը» կողմ են եղել, իսկ ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը, ըստ Վ. Դալլաքյանի, լքել է դահլիճը եւ չի մասնակցել քվեարկությանը: Իսկ ՀՀԿ-ում սպառնում են, թե եթե 100 տոկոսանոց համամասնականի հարցն ԱԺ-ում քննարկվի, իրենք կառաջարկեն կրկին վերադառնալ համամասնական-մեծամասնական նախկին հարաբերակցությանը՝ 75-56: Ինչեւէ, այս քառօրյայի մեծ հնչեղություն ունեցող մյուս հարցը «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագիծն է, որը երեկ արդեն երրորդ անգամ կառավարությունը ներկայացրել է ԱԺ, ինչի վերաբերյալ «Արդարություն» խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը հայտարարեց. «Անհարմար է երեք անգամ նույն նախագիծը բերել ԱԺ»: Նախորդ դեպքերում մերժված այս նախագիծը, ըստ պատգամավորի, առանց փոփոխությունների կրկին բերվել է ԱԺ: Այն ընդգրկված է պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերի թվում: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով` հարցը մերժելը եւ «օրակարգից դուրս գցելը» ելք չէ, եւ պետք է քննարկել: ԱԺ նախագահը նաեւ շեշտեց, թե ԱԺ-ն կարող է ցանկացած օրենքի նախագիծ ցանկացած ձեւով փոխել: Իսկ մինչ ԱԺ-ում հերթական անգամ քննարկվում էր այս օրինագիծը, ԱԺ դարպասների մոտ պետական կարիքների զոհերը բողոքի ցույց էին անում: Ըստ ցուցարարների, թեեւ սեփականության օտարման մասին օրենք ունենալու այս նախագիծը ԱԺ-ում երկու անգամ մերժումից հետո կազմակերպվեցին խորհրդարանական լսումներ եւ բազմաթիվ հասարակական կազմակերպությունների կողմից բազմաթիվ առաջարկներ ներկայացվեցին, սակայն դրանցից ոչ մեկը նախագծում չի ներառվել, եւ կառավարությունն ԱԺ է բերել նույն նախագիծը` չնչին փոփոխություններով: «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Վաչագան Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախորդ շաբաթ այդ օրենքի նախագծի հետ կապված լսումներից հետո բազմաթիվ հ/կ-ների եւ մասնագետների կողմից ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանին եւ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին ներկայացվել է օրինագծի հետ կապված առաջարկությունների փաթեթ, սակայն նախագիծը կրկին նույն տեսքով է ԱԺ բերվել: «Եթե իրենք նախագիծն այս տեսքով ընդունեն, մեր հաջորդ քայլը լինելու է այն, որ մենք դիմելու ենք Եվրոպայի մարդու իրավունքների հանձնաժողովին, SOS-ով կդիմենք մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր միջազգային ուժերին եւ կխնդրենք, որ իրենք մեզ օգնեն այս իշխանություններից ազատվել»,- նշեց Վ. Հակոբյանը: Նրա բնորոշմամբ՝ իշխանությունները ոճրագործություն են արել իրենց ժողովրդի նկատմամբ: Եվ եթե օրենքի նախագիծն այս տեսքով ընդունվի, ցուցարարները միջազգային կառույցներին դիմելով չեն սահմանափակվելու: «Մենք դուրս ենք գալու փողոց եւ քաղաքական հարց ենք բարձրացնելու ու պահանջելու ենք այս կառավարության եւ նախագահի հրաժարականը»,- շարունակեց Վ. Հակոբյանը, ով տեղեկացրեց, որ իրենց տներից մարդկանց վտարումների արդյունքում ստեղծված իրավիճակի պատճառով վտարվածների շարքերում արդեն ութ զոհ է եղել: ԱԺ դարպասների մոտ երեկ օրինագծի դեմ բողոքի ցույցին մասնակցում էին Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների, Կոզեռն թաղամասի, Կոնդի, Ֆիրդուսի, Նորքի եւ Դալմայի այգիների ներկայացուցիչները՝ «տնաքանդությունը մեղք է» պաստառով: Նրանք պահանջում էին, որ լսումների արդյունքում իրենց կողմից արված առաջարկություններն օրենքի նախագծում հաշվի առնվեն: «Այդ հին նախագիծը չի բխում ժողովրդի շահերից: Դրանով իրենք ուզում են իրենց արած վայրագությունները, այն, որ ժողովրդին տնից հանել, ջարդել, ծեծել են` փակեն, որ մենք չկարողանանք շարունակել մեր պայքարը, բայց մենք այն շարունակելու ենք: Պահանջելու ենք այս թալանչիների հրաժարականը»,- նշեց Վ. Հակոբյանը: Նրա խոսքերով՝ իրենք դուրս են գալու փողոց եւ հասնելու են իրենց նպատակին: «Թող մեզ ինչ ուզում են անեն, թող մեզ ջարդեն, թող սադրանք անեն մեզ վրա, բայց մենք վճռական ենք լինելու, հասնելու ենք մեր նպատակին եւ պահանջելու ենք նրանց հրաժարականը»,- բորբոքված նշում էր Վ. Հակոբյանը: