Բացառություն չի լինի

25/10/2006

ԵԱՀԿ ԱՄՆ դեսպան Ջուլիա Ֆինլին նախորդ շաբաթ հնչեցրեց իր մտահոգությունը Հայաստանում 2007թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքը ԵԱՀԿ-ի առաքելության կողմից մոնիտորինգի ենթարկելու հարցի կապակցությամբ: Բացի այդ, առանց անուն նշելու, Ջ. Ֆինլին ասել էր, թե հայաստանյան պաշտոնյաներից մեկն իր հետ ոչ պաշտոնական զրույցի ընթացքում ակնարկել է, թե «գուցե իշխանությունները չցանկանան հրավիրել ԵԱՀԿ-ի դիտորդների»: Դեսպան Ֆինլիի կարծիքով՝ շատ կարեւոր է թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ դիտորդական առաքելության իրականացումը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ողջ ընթացքում: «Մենք կհորդորենք կառավարությանը, որպեսզի հրավիրեն ԵԱՀԿ-ի դիտորդներին եւ երկարաժամկետ, եւ կարճաժամկետ առաքելություն իրականացնելու համար»,- ասել էր նա` հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի իշխանությունները նախապես ուղարկեն հրավերը: ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինն արդեն Աժ նախագահ Տիգրան Թորոսյանին խնդրել է, որպեսզի հայկական կողմը դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավերը միջազգային կազմակերպություններին ուղարկի մինչեւ տարեվերջ: Ի վերջո, հրավիրվելո՞ւ են դիտորդներ, թե՞ ոչ եւ ե՞րբ պարզ կլինի այս հարցի պատասխանը: Պատասխանելով «168 Ժամի» այս հարցին` երեկ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը նշեց. «Հիմա իմաստ չունի այդ հարցը քննարկել: Դա մոտավորապես նույնն է, թե հիմա քննարկենք, թե թերթիկներն ինչպե՞ս են տպվելու կամ ընդհանրապես դիտորդները որտե՞ղ են տեղակայվելու: Շատ վաղ է դրա մասին խոսելը»: Ըստ Վ. Սողոմոնյանի, գալիք տարվա սկզբում այս բոլոր հարցերի պատասխանները պարզ կլինեն: «Հայաստանում բոլոր ընտրություններին ԵԱՀԿ դիտորդներ եղել են: Չեմ կարծում, որ այս անգամ բացառություն լինի»,- նշեց նախագահի խոսնակը: