ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան հերքել է ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդումները, թե Վաշինգտոնը փոխել է իր դիրքորոշումը Վրաստանի տարածքային ամբողջականության առնչությամբ: Ըստ «Կոմերսանտ» թերթի, Մ. Բրայզան կարծիք է հայտնել, թե խոսքը, հավանաբար, վերաբերում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի իր հարցազրույցի այն հատվածին, որը «վերարտադրվել է ոչ ամբողջությամբ»: «Ես ասել եմ հետեւյալը. սկզբունքորեն, մենք չենք կարող խոսել Աբխազիայի կամ Հարավային Օսիայի ինքնորոշման ձգտման անօրինականության մասին,- նշել է Բրայզան՝ հավելելով,- Այդ ցանկությունը համապատասխանում է միջազգային նորմերին, ինչպեսեւ` ցանկացած պետության տարածքային ամբողջականության պահպանումը: Բանակցությունների մասնակիցների նպատակը ստեղծված իրավիճակից ելք գտնելն է»: Նա նշել է նաեւ, թե տվյալ դեպքում պատրաստի բանաձեւ չկա եւ տեսականորեն հնարավոր են տարբերակներ՝ դաշնություն, համադաշնություն, ՄԱԿ-ի կողմից կամ անցկացված հանրաքվեի հիման վրա ընդունված որոշում: Միաժամանակ, նա շեշտել է, թե Աբխազիայում անցկացված հանրաքվեն չի կարող հիմք դառնալ անկախության համար, քանի որ «շուրջ 300 հազար մարդ չեն մասնակցել դրան, քանի որ այդպես էլ չեն կարողացել վերադառնալ իրենց տները»: Ի պատասխան հարցին, թե որքանո՞վ են Վրաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիրքորոշումները տարբերվում, Բրայզան ասել է, թե Ռուսաստանի կառավարության պաշտոնական դիրքորոշումը նույնն է, ինչ նրա արեւմտյան բարեկամների դիրքորոշումը: «Մենք բոլորս հանդես ենք գալիս Վրաստանի տարածքային ամբողջականության օգտին: Սակայն իրականում գոյություն ունեն տարաձայնություններ»,- ասել է Մ. Բրայզան եւ, որպես այդ տարաձայնությունների օրինակ, նշել Վրաստանի կողմից Կոդորի կիրճում անցկացված գործողությունը: «Մեր կարծիքով, Վրաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը նրան տալիս է ահաբեկիչների ոչնչացման գործողություն անցկացնելու իրավունք: Կոդորի կիրճում Վրաստանի գործողությունները հավասարակշռված էին եւ դուրս չէին գալիս օրենքի շրջանակներից: Մինչդեռ Մոսկվան այդ կապակցությամբ ակտիվորեն քննադատում էր վրացական կողմին»,- ասել է ամերիկացի դիվանագետը: