Խնդիրը սակայն այն չէ՝ խնդրե՞լ է, թե՞ ոչ։ Կարելի է մի այլ տեսակետից այս ամենին նայել։ Ուրախացել, ոգեւորվել ենք, սակայն մեզ՝ Հայաստանի Հանրապետությանը, Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատիժ սահմանող այս օրինագծի ընդունումն ի՞նչ է տալու։ Ենթադրենք ոմն Ահմեդի Փարիզում դատապարտեցին՝ ցեղասպանությունը հերքելու համար։ Հետո՞։ Վստահաբար կարելի է ասել, որ Թուրքիայում կփորձեն դրան պատասխանել այնտեղ ապրող հայերի նկատմամբ հալածանքներով։ Օրերս Շառլ Ազնավուրը Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունման կապակցությամբ ասաց. «Ժխտողականության դեմ օրենքը պետք է ընդունվեր բոլոր հանցագործությունների, ոչ թե միայն հայերի դեմ գործածի համար, քանի որ հակառակ դեպքում դա տարօրինակ տպավորություն է թողնում: Հիացած եմ, որ այդ մասին մտածեցին, սակայն, այնուհանդերձ, ինչպես տեսնում եք, որոշակի վերապահում ունեմ, քանի որ ինձ մոտ տպավորություն կա, թե մոռացել են այլ ցեղասպանությունները»,- իրավացիորեն ասել է նա։
Թուրքիայի հետ մեր սահմանը փակ է, սակայն բոլորն էլ գիտեն, որ այս երկրի հետ Հայաստանը առեւտուր է անում Վրաստանի տարածքով։ Ու որոշ «գերհայրենասերներ»՝ Թուրքիայից բերված «դուբլյոնկաները» հագին, կոչ են անում բոյկոտել թուրքական ապրանքները հայկական շուկայում։ Լավ, «Թադըմ» արեւածաղկի փոխարեն կարող ենք «Տատիկի» արեւածաղիկ չրթել։ Իսկ թուրքական մյուս ապրանքները ինչո՞վ եք փոխարինելու՝ հայկականո՞վ։ Ախր դոլար-դրամ խաղերի արդյունքում շուտով հայկական արտադրանք էլ չենք ունենա։ Չենք խոսում այդ առեւտրի հաշվին ապրող հարյուրավոր ընտանիքների մասին։ Ինչ է՝ աշխատա՞նք եք տալու ուրիշներին վաճառած մեր գործարաններում։ Եվ ընդհանրապես, մեր վաղվա օրը պարզ չէ։ Ադրբեջանի հետ սահմանը փակ է, Իրանի հետ հեռանկարները շատ մշուշոտ են՝ կախված այս երկրի նկատմամբ Արեւմուտքի վերաբերմունքից։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա Ռուսաստանը՝ Կոնստանտին Զատուլինի շուրթերով, արդեն պահանջում է «ուրիշ աչքով» նայել վրացիներին։ Եթե տեղի տանք, շատ դժվար է լինելու մեր վիճակը՝ մի օր կարող է հայտնվենք կատարյալ շրջափակման մեջ։ Սակայն դա դրսի մեր հայրենակիցներին այնքան էլ չի վախեցնում՝ իրենք դրսից մեզ կքաջալերեն։ Չի վախեցնում նաեւ որոշ իշխանավորների, քանի որ նրանք Հայաստանից ինչ-որ կերպ կկարողանան «թռնել»։ Ի դեպ, մեր տեղեկություններով, ֆրանսիացի շատ հարգարժան մի այր ասել է՝ ցավում եմ, որ Ֆրանսիայում քաղաքական որոշ ուժեր փորձում են հասնել իրենց նպատակներին՝ օգտագործելով Հայկական հարցը, հայ ժողովրդին։ Նա նկատի ունի Ֆրանսիայի 2007թ. նախագահական (ապրիլ-մայիս), ապա պառլամենտական (հունիս) ընտրությունները, որոնց ժամանակ կես միլիոնանոց հայկական համայնքի ձայնը շատ կարեւոր է լինելու։ Մի մոռացեք, որ մեզ մոտ էլ է հաջորդ տարի ընտրություններ եւ մերոնց էլ է այս ամենը ձեռնտու։ Ասենք, 8 հոգանոց սոված ընտանիքը պետք է մոռանա իր խնդիրների մասին, մասնակցի Ֆրանսիային նվիրված երախտագիտության երթին՝ օրհնելով, որ այսպիսի լավ իշխանություններ ունի, եւ ձայնը տա նրանց։