Մութ ու ցրտի տարիները դեռ շարունակվում են

25/10/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ֆրիդա, Աիդա եւ Վալյա անուններով Խոդժաեւա երեք քույրերը դեռեւս չեն ճաշակել ծնողների կտակած անունների սիմվոլիկ փառքը: Քույրերը միմյանց ներկայացնելիս հեգնանքով են իրար նկարագրում. «Ինքը Ֆրիդան ա, մյուս քույրս Աիդան ա, ես էլ Վալյան եմ»,- քմծիծաղով ասում է տիկին Վալյան՝ հրաժարվելով պատասխանել իմ այն հարցին, թե քանի՞ տարեկան են իրենք. «Իսկ կարելի՞ է այդ հարցին չպատասխանել, դե՛, 60-ն անց թոշակառուներ ենք»: Ֆրիդա, Աիդա, Վալյա քույրերին կյանքը դաժան հարվածներ է հասցրել. «Բաքվից տուն, տեղ, ամեն ինչ թողեցինք, պարտադրված եկանք: Մեզ ստիպեցին մեր ունեցածը թողնել ու գալ: Արագ-արագ հանեցին մեզ մեր տնից: Պրիմակովը եկավ ու շուտ-շուտ քշեց բոլորիս: Պագրոմի ժամանակ մեզ շուտ հանեցին: Ամեն ինչ թողնել ու էս պայմաններին հարմարվելը ծանր, դժվար բան է: Շատ լավ էինք ապրում այնտեղ, կարեւորը` մարդավարի էինք ապրում»,- փոքր-ինչ տխրությամբ ասում է տիկին Վալյան եւ խնդրում Բաքվի իրենց ապրելակերպի մասին հարցեր չտալ: Չի սիրում խոսել իրենց բաքվեցի լինելու մասին, քանի որ Հայաստանում բաքվեցիների նկատմամբ որոշակի վերաբերմունք կա: Միակ բանը, որ բաքվեցի այս կանայք պետությունից, ավելի ճիշտ՝ Ավտոդողերի գործարանից ստացել են՝ հանրացարանի խուցն է, որտեղ պատսպարվելը փողոցում ապրելուց քիչ է տարբերվում: «Մենք չորս հոգով ենք եկել էստեղ, մամաս էլ էր մեր հետ, մահացել է»,- ասում են քույրերը, որոնք մի կերպ տեղավորվում են այդ փոքրիկ սենյակում: Կիսանկուղային այս սենյակի փտած պատուհանների ապակիներն, ամենայն հավանականությամբ, տարիների ընթացքում քամուց փշուր-փշուր են եղել, բայց քույրերը հնարավոր բոլոր միջոցներով դրանք սոսնձով ու «լեյկոպլաստով» ամրացրել-հարմարեցրել են իրար: «Երեխաները երբ դրսում խաղում են, մենք շունչներս պահած նայում ենք, որ հանկարծ գնդակը չդիպչի, թե չէ՝ դրանք կտոր-կտոր կլինեն, կլցվեն մեր վրա: Մի հատ քամի որ խաղում ա, դրանք սկսում են շխկշխկալ»,- ասում են քույրերն, ովքեր այսօր էլ օգտագործում են Հայաստանի ճգնաժամային տարիներին օգնություն ստացած նավթավառը: Նրանց սենյակի դուռը բացելուն պես հիշում ես մութ ու ցուրտ տարիները, քանի որ նավթի ծուխն անմիջապես քթիդ է խփում: «Չենք կարողանում հոսանքի համար վճարել, գազն էլ ձեռնտու չի: Երկու օրը մեկ անգամ նավթով ճաշ եփելը ձեռնտու է: Է՜հ, մեր մոտ ամեն ինչը մանրակրկիտ հաշվարկված է: Շատ մանրակրկիտ: Վախենում ենք նավթավառը մաքրել, որովհետեւ կոտրատված է, եթե մի տեղից շարժենք՝ կփլվի»,- պատմում է տիկին Ֆրիդան ու իր ասածից կաշկանդվելով՝ սկսում է ծիծաղել: Ասում է, որ ամեն ինչի վրա ծիծաղում են, որ հանկարծ լաց չլինեն: Քույրերից մեկը ստանում է 10.000, երկրորդը 11.000, իսկ երրորդը՝ 13.000 դրամ թոշակ: Երեք թոշակառուների գումարով կարողանում են հացից բացի լոբի, ոսպ, բրինձ ու կարտոֆիլ գնել: «Կարտոշկան էլ թանկացավ, մարդ հաշվով ա ճաշի մեջ գցում: Սոխը մի քանի կտոր ենք անում, որ մի քանի անգամ ճաշ եփենք: Գիտե՞ս, ես չեմ ասում, որ խղճահարություն առաջացնեմ, ուղղակի ներկայացնում եմ, թե թոշակով ոնց ենք ապրում, մի կերպ ձգում ենք… Ախր մեր նման ծեր կանանց շատ բան պետք չի, հագուստը հնով, ուրիշների տվածով էլ յոլա ենք գնում: Մի քիչ թոշակը բարձրացնեին, որ բացի լոբի, ոսպից ուրիշ բան էլ ուտենք: Երշիկ ու միս չենք ուզում, մի քիչ ճաշի փոփոխություն ենք ուզում: «Փարոսից» 7000 դրամ ենք ստանում, բայց ախր հնարավոր չի էլի ապրել, զիբիլի, ջրի փող էլ տալիս ես ու դատարկ նստում: Հասկանում ենք, որ բնակարան ստանալու հույս չկա, բայց գոնե մի քիչ օգնեն, որ սովից չմեռնենք»,- ասում են քույրերն, ովքեր երբեւէ որեւէ մեկից ֆինանսական օգնություն չեն խնդրել, բայց թերթավաճառներից խնդրում են հին թերթերն իրենց տալ: Սիրում են կարդալ ու խաչբառեր լուծել: Նրանք համոզված են, որ նույնիսկ աղքատության մեջ ապրելով պետք է, այնուամենայնիվ, իրադարձություններից հետ չմնալ: «Մենք սիրում ենք թերթեր, գրքեր կարդալ: Խաչբառները լուծելը մեր համար յուրահատուկ պրոցեդուրա է, իսկական մրցույթ է, որտեղ հաղթում է ամենաշատ գիտելիքներ ունեցողը»,- հիացմունքով վստահեցնում են քույրերը: Երբ խաչբառը լուծվում է՝ նրանց առօրյան շատ ձանձրալի է դառնում. «Ամբողջ օրը զբաղվում ենք լոբի կամ ոսպ մաքրելով: Ասենք մի կիլո առնում ենք ու մի քանի ժամ մաքրում ենք, որ զբաղվենք»,- ասում է տիկին Ֆրիդան: Մինչդեռ, նրանց ամենասիրելի զբաղմունքն իրենց հարեւանուհու 3 տարեկան աղջիկն է՝ Յանան: «Մեր թոռնիկը, մեր զբաղմունքը, մեր խաղալիքը, մեր սիրելին Յանըչկան ա: Ամբողջ օրն իրանով ենք զբաղվում: Տանում-ման ենք տալիս, տառերն ենք սովորացնում, ոտանավոր ենք սովորացնում, լավ է, որ էս երեխան կա մեր կյանքում, թե չէ՝ կխելագարվեինք: Մարդը միշտ էլ ամեն ինչի ելքը գտնում է: Ամեն օր ասում ենք՝ էս օրն էլ անցավ, էս օրն էլ անցավ…»,- հավատացնում են քույրերը, որոնցից յուրաքանչյուրին Յանան կոչում է ըՈոցսՖՍՈ: 60-ն անց տիկին Վալյան ոգեւորված ցույց է տալիս Յանայի նկարած թղթերն ու երեխային հատուկ հիացմունքով բացատրում՝ «Սա Ծելեմոկն է, սա կարմիր գլխարկը, Մաուգլին: Լավն են, չէ՞: Շատ ենք սիրում Յանըչկային, երբ հարցնում ենք` քանի՞ տարեկան ես, ասում է՝ երկուս անց կես»,- սկսում են բարձրաձայն ծիծաղել քույրերը: Միայն Յանայի մասին խոսելիս են նրանք ուրախանում. «Կյանքն անիմաստ ա մեր համար, հասկանո՞ւմ ես: Չգիտես՝ ինչի՞ համար ես ապրում, չգիտես՝ ինչի՞ ես էսքան տանջվում, որ ապրես»,- ասում են նրանք: Նրանց սենյակում տեղաշարժվելն անհնար է, որովհետեւ ամենուր անսարք իրեր են դրված՝ հեուստացույցներ, սառնարան, որոնք դեն գցելու ապրանքներ են: Ասում են՝ «Դե քանի որ ոչինչ չունենք, ուրիշների շպրտածը բերել ենք, որ որպես պահարան օգտագործենք: Էս սառնարանն աղբանոցի ապրանք է, բայցը մեջը բան-ման ենք դնում, չի աշխատում, որպես պահարան ենք օգտագործում: Երկու հեռուստացույցներն էլ փչացած են, ուրիշներն են տվել: Էս մեկը, ճիշտ է, բան ցույց չի տալիս, բայց գոնե ձայնը լսում ենք: Ուզում ենք լուրերին հետեւել, տեսնել, թե աշխարհում ի՞նչ է կատարվում, թե չէ՝ մարդ ոնց որ անապատում ապրի: Միացնում ենք, սեւ էկրան է, բայց ձայնը մի կերպ լսում ենք»,- ասում են քույրերն ու ինձ վրա բարձրաձայն ծիծաղում՝ «Խեղճ երեխեն շշկռվեց, մտածում ա՝ քարե դարո՞ւմ ա, որտե՞ղ ա»: Երեք քույրերից Ֆրիդան հաշմանդամ է, ոտքերը գրեթե անշարժ են եւ տեղաշարժվում է միայն մաշված հենակների օգնությամբ: Նայում եմ տիկին Ֆրիդային ու զարմանում, թե էդ ծուռտիկ հենակներն ինչո՞վ կարող են նրա անշարժ ոտքերին օգնել: