Աբսուրդի թատրոն

22/10/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մոտավորապես նույն տրամաբանությամբ է շարժվում Մաքսային պետական կոմիտեն «Ռոյալ-Արմենիա» ընկերության հետ իր գործելաոճում։ Այսպես, մաքսայինն արգելանքի տակ է վերցրել այս ընկերության ներկրած 100 տոննայից ավելի կանաչ սուրճի խմբաքանակը եւ երկար ժամանակ է՝ չի մաքսազերծում։ Ըստ «Ռոյալ-Արմենիայի» իրավաբան Գեւորգ Մինասյանի, այդ ամենը կատարվել է ընկերության ղեկավարներ Գագիկ Հակոբյանի եւ Արամ Ղազարյանի քրեական գործով զբաղվող քննիչի հրահանգով։ Իսկ 2 օր առաջ ընկերությունն Արարատի մաքսատնից գրություն է ստացել, թե` եկեք, ձեզ վարչական պատասխանատվության ենք ենթարկում՝ ապրանքը ժամանակին չձեւակերպելու համար։ Այսպիսի բան կարող է տեղի ունենալ միայն Հայաստանում, եւ Գ. Մինասյանի տված բնորոշումից ավելի դիպուկ բնորոշում դժվար է գտնել՝ աբսուրդի թատրոն։ Իրավաբանը սակայն երեկ նշել է, որ իրենք մտադիր չեն հանձնվել եւ դիմելու են Տնտեսական դատարան, թեեւ մեր երկրում իրականացվող դատական գործընթացներն էլ պակաս աբսուրդի թատրոն չեն։ Հիշեցնենք, որ այս դատարանում էլ «Ռոյալ-Արմենիան» տխուր հիշողություններ ունի։ Մաքսային կոմիտեի դեմ նրանց հայտը մերժվեց։ Ընկերությունը բողոքում էր, որ իրենց ներմուծած սուրճի համար սահմանվում է ավելի բարձր մաքսային արժեք, քան մյուս ընկերությունների նմանատիպ սուրճի համար։ Այդ ամենը բնականաբար ազդում է ընկերության մրցունակության վրա։ Գ. Մինասյանի խոսքերով, մոտ ապագայում «Ռոյալ-Արմենիայում» կսկսվեն կրճատումներ, որոնց առաջին փուլում աշխատանքից կազատվի 48 մարդ։ Դե, երկնիշ տնտեսական աճ ունեցող ու հազարավոր նոր աշխատատեղեր ստեղծող երկրի համար դա ի՞նչ թիվ է։ Նույն Մաքսայինից էլ ազատվել է 100-ից ավելի մարդ, թեեւ Մաքսայինը մրցունակության խնդիրներ չունի։