Ըստ «Կոմերսանտի»՝ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են մի շարք զիջումների գնալ, որպեսզի 2007թ. ռուսական գազը 1000 խ. մետրը՝ 130 դոլարով մուտք գործի Ուկրաինա։ Գազի շուրջ բանակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 24-ին, Կիեւում, որտեղ կհանդիպեն երկու պետությունների վարչապետերը։ Թերթը գրում է, որ ռուսական գազն էժան գներով ստանալու համար Ուկրաինան պետք է հրաժարվի Սեւաստոպոլում ՌԴ նավատորմին պահանջներ ներկայացնելուց, ստանա թուրքական գազ՝ բացառապես ՌԴ միջոցով, շարունակի համագործակցությունը RosUkrEnergo-ի հետ, ինչպես նաեւ պահպանի ռուսական գազի տարանցման ֆիքսված սակագները։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Ուկրաինան գազի մատակարարման պայմանագիր է կնքել Ուզբեկստանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի հետ։ Մի քանի օր անց Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ 2007թ. հանրապետությունը չի գնելու ռուսական գազ։ Իսկ ավելի վաղ Վ. Յանուկովիչը պնդել էր, որ ռուսական գազի ներհոսքը շարունակվելու է։