Նոյեմբերի 1-ից Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում գործելու է նոր սահմանված անվտանգության վճար, որը գանձվելու է յուրաքանչյուր մեկնող ուղեւորի հաշվարկով՝ 2 եվրոյի չափով: Այդ վճարը գանձվելու է ոչ թե ուղեւորներից, այլ ավիաընկերություններից: Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի Գլխավոր վարչության պաշտոնական կայքէջի համաձայն, ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված՝ ԻԿԱՕ-ն եւ մյուս միջազգային ավիացիոն կազմակերպությունները օդանավակայաններին առաջարկել են կիրառել ուղեւորների եւ օդանավերի անվտանգության ապահովման նոր տեխնոլոգիաներ: Մասնավորապես, ուղեւորների նույնականացման նպատակով նոյեմբերի 1-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կիրառվելու են մատնահետքեր կարդացող նոր սարքեր: