ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանն այժմ ակտիվորեն ներգրավված է ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի խնդիրներում։ «Կոնգրես» հյուրանոցում երեկ կազմակերպված «Տեղական ինքնակառավարման եվրոպական փորձը» թեմայով սեմինարի ժամանակ Ս. Ավագյանը նշեց, որ թեեւ այս բնագավառում Հայաստանը «շահեկանորեն առաջ է անցել տարածաշրջանի իր հարեւաններից», սակայն «դա մեզ չի հանգստացնում»։ Դեռ կան շատ ու շատ անելիքներ։ Համայնքների աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար ընդունված են համապատասխան օրենքներ, սակայն հարկավոր է ապահովել դրանց «իմպլեմենտացիան»։ Արդեն ընդունվել է «Համայնքային ծառայողի մասին» օրենքը։ Մոտ 7000 աշխատակիցներ պետք է վերապատրաստվեն եւ ատեստացիա անցնեն։
Խոսք գնաց նաեւ Երեւանի կարգավիճակի մասին։ Ս. Ավագյանը համոզված է, որ նոր սահմանադրությունն էականորեն հեշտացրել է խնդրի լուծումը՝ հստակ սահմանելով, որ Երեւանը համայնք է։ Ժամանակին, երբ ընթանում էր սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը, որոշ մարդիկ չէին հոգնում կրկնել, որ վերջապես Երեւանը պետք է ստանա համայնքի կարգավիճակ։ Կողքից լսողներին կարող էր թվալ, թե հազարամյակների պատմություն ունեցող քաղաքի հետագա ճակատագիրը կախված է լինելու հենց այդ կարգավիճակի հստակեցումից։ Հանրաքվեից հետո անցել է մեկ տարի։ Ի՞նչ է արվել այս մեկ տարվա ընթացքում, կա՞ն արդեն որոշ դրույթներ, ասենք՝ գոնե քաղաքապետի՝ ուղղակի կամ անուղղակի ընտրության կարգի հետ կապված։ Մեր այս հարցին ի պատասխան, Ս. Ավագյանն ասաց, որ Սահմանադրության անցումային դրույթներում նախատեսված է 2 տարի, իսկ այժմ բուռն քննարկումներ են ընթանում։ Մինչ մենք կհասցնեինք զարմանք հայտնել, թե որտեղ եւ երբ են ընթանում այդ քննարկումները, նախագահի խորհրդականն ինքը զարմանք հայտնեց, թե ինչո՞ւ ԶԼՄ-ները պատշաճ ուշադրություն չեն դարձնում դրան։ Իսկ քաղաքապետի ընտրության հետ կապված հարցին այդպես էլ պատասխան չհնչեց։
Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը նույնպես խոսեց տեղական ինքնակառավարման համակարգում մեր ձեռքբերումների մասին, սակայն անդրադարձավ նաեւ առկա խնդիրներին՝ մասնավորապես, ֆինանսավորման հարցում։ «Երբ ես կարդում եմ «համայնքների եկամուտների փոխհատուցման մասին» օրենքը, ինձ թվում է՝ դա այլ երկրների համայնքների համար է»,- ասաց Վ. Մովսիսյանը։ Բանն այն է, որ գործող օրենսդրությամբ, եթե համայնքը չի կարողանում ապահովել իր եկամուտները, բյուջեից նրան փոխհատուցում է տրվում, սակայն 3 տարի հետո միայն։ Բայց ամենավատը, ըստ Վ. Մովսիսյանի, այն է, որ ներկայումս քննարկման փուլում գտնվող օրենսդրական փոփոխությունից հետո այդ փոխհատուցումը տրվելու է բյուջեի 4%-ը կազմող դոտացիայի հաշվին, որն, այսպես թե այնպես, պետք է ուղղվեր համայնքներին։
Իսկ սեմինարի մեխը, որքան մենք հասկացանք, փոքր համայնքների խնդիրն էր։ Այսպես, ըստ Սեյրան Ավագյանի, մենք տեղական իշխանությունը փոշիացրել ենք։ «Փոշիացրել» բառն այստեղ պետք է հասկանալ ոչ թե քայքայել իմաստով, այլ` որ դրանց քանակն ահավոր մեծ է։ «Հայաստանում գործում է տեղական իշխանության 930 միավոր, մինչդեռ Լիտվայում՝ ընդամենը 64»։ Ըստ բանախոսների, նման մեծ քանակով տեղական իշխանություններ ունենալն արդյունավետ չէ, քանի որ դրանց մեծ մասը չի կարողանում ապահովել օրենքով սահմանված լիազորությունները։ Վ. Մովսիսյանը տեղեկացրեց, որ մեր երկրում կա 3 համայնք, որոնց բնակչության թիվը 50-ից քիչ է։ Իսկ համայնքների մոտ կեսը՝ 450-ը, ունեն 1000-ից պակաս բնակչություն։
Լուծումը, ըստ բանախոսների, գտնված է՝ պետք է ստեղծել միջհամայնքային միավորումներ։ Առավել եւս, որ փոփոխված սահմանադրությունը դրա հնարավորությունը տալիս է։ Պարզ ասած, որոշ համայնքներ պետք է միացվեն իրար։ Վ. Մովսիսյանը գտնում է, որ, օրինակ, 350 բնակիչ ունեցող գյուղը կարելի է միացնել իրեն կպած՝ 65 հազար բնակչություն ունեցող Կապան քաղաքին։ Այլ հարց է՝ դրան ինչպես կվերաբերվեն հենց համայնքապետերն ու նրանց աշխատակազմը։ Ինչպես նշեց քննարկմանը ներկա Սոս Գիմիշյանը՝ բնական է, որ նրանք պետք է դեմ լինեն, քանի որ՝ «Աթոռ ունեն, պաշտոն ունեն, պարտավորություններ չունեն։ Ոչինչ չեն անում, փողը տանում են իրենց տուն, մի մասն էլ տալիս են որոշ չինովնիկների, որ հետո նորից ընտրվեն»։ Սակայն համայնքների խոշորացումը, ըստ Սոս Գիմիշյանի, պարտադիր չէ, շատ ավելի կարեւոր է մարդկանց նորմալ փող տալ եւ հետեւել, որ պարտավորությունները կատարվեն։ «Չեխիայում 5000 համայնք կա, որ նորմալ աշխատում են։ Այ, եթե մի քանիսին պարտավորությունները չկատարելու համար դատեք, նրանք կասեն՝ որ փող չեք տալիս, ո՞նց անենք, եւ ամեն ինչ պարզ կդառնա»,- գտնում է Ս. Գիմիշյանը։
Սակայն համայնքների խոշորացման ծրագիրն արդեն «գործի է գցված»։ «Ուզում ենք աշնանն օրենքն ընդունվի»,- ասում է Ս. Ավագյանը։ Միակ խնդիրը հետեւյալն է՝ ինչպե՞ս անել, որ դա շատ ցավոտ չլինի «խոշորացվող» համայնքապետերի համար։ «Երբ տեղական իշխանությանը լիազորություններ ես տալիս, շատ լավ ընդունում է, սակայն, երբ փորձում ես դրանք ետ վերցնել՝ կարող է ամբողջ գյուղով ոտքի կանգնեն»,- սրտնեղում է Ս. Ավագյանը։
Իսկ Վ. Մովսիսյանը նշեց այլ տարբերակ՝ կարելի է առաջարկել, որ միավորման դեպքում կկառուցվի դպրոց, ճանապարհ եւ այլն, սակայն մեր երկիրն այդքան միջոցներ չունի։
Իսկ մյուս միջոցը, որով էլ, ըստ երեւույթին, մեր իշխանությունները կառաջնորդվեն, պարտադրող եղանակն է։ Այսինքն, միավորվում եք եւ վերջ։ Իսկ ով համաձայն չի, նրա լիազորությունները կդադարեցվեն եւ կտրվեն մարզպետարանին։ Ինչպես նշեցին բանախոսները, եվրոպական շատ երկրներում հենց այդպես էլ անում են։
«Վերջիվերջո, մենք բարեփոխումներ անելու ենք ոչ թե գյուղապետի, այլ հաշվապահի եւ բնակչի համար։ Երեխան ի՞նչ մեղավոր է, որ ինքը փոքր գյուղում է ծնվել, որտեղ նորմալ մանկապարտեզ չկա»,- ասում է Վ. Մովսիսյանը։
Իսկ «խոշորացման» արդյունքում կտնտեսվեն գումարներ, որոնք տրվում էին փոքր համայնքների աշխատակազմերին։
Զգացի՞ք, թե ինչ է իրականում տեղի ունենում։ Մի՞թե սա գյուղերի օպտիմալացում չէ, որին երեկ ասում էին՝ «խոշորացում»։ Մեր այս ձեւակերպման հետ Ս. Ավագյանը համաձայն չէր՝ նշելով, որ դա ոչ թե օպտիմալացում է, այլ՝ արդյունավետ կառավարում։
Իսկ մենք մինչ երեկ մտածում էինք, որ «օպտիմալ»` նշանակում է հենց արդյունավետ։ Պարզվում է, այս բառերն էական տարբերություն ունեն։