Այս մասին երեկ «Փաստարկ» ակումբում վստահաբար հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը՝ հավելելով, թե դա, այնուամենայնիվ, իր անձնական տպավորությունն է: «Համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանի մուտքը եւ մի թեթեւ ակտիվությունը, ասված երկու խոսքը ավելի ծանրակշիռ կլինեն, քան Հայաստանում այսօր գործող քաղաքական մի շարք ուժերի ամբողջ գործունեությունն իր ողջ ծավալով հանդերձ»,- երեկ կարծիք է հայտնել Ա. Զուրաբյանը: Ի դեպ, համաձայն «Ընտրական համակարգերի կենտրոն» կազմակերպության կողմից շաբաթներ շարունակ անցկացվող ինտերնետային հարցման արդյունքների (որին արդեն մասնակցել է ավելի քան 7350 մարդ), նախագահի հավանական թեկնածուների շրջանում առաջին նախագահն ունի ամենաբարձր վարկանիշը՝ 16,2%: Երկրորդը ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն է՝ 12,2%, իսկ երրորդ տեղում 10,9%-ով` պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է: Ինչեւէ, ՀՀՇ վարչության նախագահը երեկ նաեւ հայտարարել է, թե եթե ինչ-ինչ պատճառներով Լ. Տեր-Պետրոսյանը որոշի չառաջադրել իր թեկնածությունը նախագահի առաջիկա ընտրության ժամանակ, ապա ՀՀՇ-ն ամեն դեպքում հանդես է գալու սեփական թեկնածուով, եւ այդ թեկնածուն կարող է լինել «Արմատ» հասարակական կազմակերպության նախագահ, ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը: Միաժամանակ ՀՀՇ վարչության նախագահը նաեւ նշել է, թե 1996-ին առաջին նախագահի նախընտրական արշավը «վատ էր կոորդինացված»: Հիշեցնենք, որ այդ ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետը հենց Բ. Արարքցյանն էր: Ա. Զուրաբյանն ասել է, թե «գուցե նա վատ կոորդինատոր է, բայց կլինի լավ թեկնածու»: Իսկ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին, ըստ Ա. Զուրաբյանի, մոտ 7 հազար անդամ ունեցող ՀՀՇ-ն կմասնակցի, հավանաբար, դաշինքով: Իսկ հնարավոր դաշնակիցներից նա նշեց «Հայաստանի Ազատական առաջադիմական» եւ «Հանրապետություն» կուսակցության անունները, սակայն չբացառեց համագործակցությունը նաեւ «գործող վարչակազմի դեմ պայքարող որեւէ քաղաքական ուժի հետ»: «Հանրապետություն» կուսակցության հետ հնարավոր դաշինքի մասին ՀՀՇ վարչության նախագահը հայտարարեց այդ կուսակցության հետ խորհրդակցությունների հիման վրա, սակայն չմանրամասնեց, թե այդ համագործակցությունն ի՞նչ ձեւաչափով կարող է լինել: Միաժամանակ Ա. Զուրաբյանը բացառում է համագործակցությունը քաղաքական այն ուժի հետ, որը փորձում է խոչընդոտել Հայաստանի անկախությունն ու հայ մարդու ազատությունը, «որովհետեւ ընդդիմության մեջ էլ կան հոսանքներ, որոնք որեւէ կերպ չեն տարբերվում իշխանությունից, եւ նրանք էլ, եթե լինեին իշխանության մեջ, ապա «Գույք` պարտքի դիմաց» մի ծրագրով Հայաստանը կտային օտարին»: ՀՀՇ վարչության նախագահի կարծիքով՝ պետք է լուրջ, բայց զգույշ վերանայման ենթարկվեն Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները: Ինչեւէ, Ա. Զուրաբյանը նշեց, թե վարչախումբը դրել է վերարտադրության խնդիր, եւ ընդդիմության խնդիրն է՝ թույլ չտալ այդ բանը: «Ես գտնում եմ, որ սա հնարավոր է: Ես գտնում եմ, որ 2003 թվականին էլ այդ հնարավորությունները կային: Մի քիչ ավելի վճռական պետք է լիներ ընդդիմությունը, եւ ամեն ինչ շատ նորմալ կվերջանար»,- գտնում է նա: Վերջինս նշեց նաեւ, թե իշխանությունն ընտրությունների ժամանակ 15%-ից ավելի ձայն չի հավաքում, եւ անհրաժեշտ է ուղղակի թույլ չտալ, որ այն դրանից ավելի ձայն վերցնի: Ինչ վերաբերում է նորաստեղծ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությանը, որի 18 հոգանոց նախաձեռնողների խմբի մեծ մասը ՀՀՇ վարչության եւ «Արմատ» հ/կ-ի անդամներ են, ապա Ա. Զուրաբյանը նշեց, թե դրա գործունեությունը գնահատելու համար ժամանակ է պետք: «Մենք քաղաքական ուժ ենք, որը գործում է: Ասենք երկու, տասը կամ հարյուր գործիչներ, եթե փորձում են ինչ-որ այլ ճանապարհով ընթանալ, մենք որեւէ կերպ չենք փորձում խոչընդոտել, կամ միանալ կամ չմիանալ»,- ասաց նա, քիչ անց հավելելով, թե ընդհանրապես քաղաքական գործունեության վայրը կուսակցությունն է, եւ նորմալ հասարակություններում, ըստ Ա. Զուրաբյանի, ստեղծել մեկ ուրիշ միավոր` սխալ է: «Մարդիկ ստեղծել են մի միավոր եւ համարում են, որ ճիշտ ուղղությունը, ճիշտ ճանապարհը սա է: Ես գտնում եմ, որ դա չէ: Ո՛չ պայքարում եմ այդ միավորի դեմ, ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ նպատակ ունեմ, ո՛չ խնդիր ունեմ: Պատրաստ եմ համագործակցել, պատրաստ եմ ամեն ինչ անել»,- հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահը: