Ամերիկայի կառավարության կողմից «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին հատկացված 236 մլն դոլարը ծախսելու համար այս տարի ստեղծվեց հայաստանյան գրասենյակ, Կառավարման խորհուրդ, Շահառուների խորհուրդ եւ այլ ստորաբաժանումներ:
Բայց այս կառույցներից հիմա ամենաակտիվը, կարծես, գործում է Շահառուների խորհուրդը, այն էլ՝ հասարակական կազմակերպությունների հատվածը: Հիշեցնենք, որ Շահառուների խորհուրդը կազմված է 15 հոգուց, որից 9-ը ներկայացնում են, այսպես ասած, քաղաքացիական հասարակությունը՝ «Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանը, «Գործընկերություն հանուն բաց հասարակության» անդամ Լարիսա Մինասյանը, «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը եւ այլք: Նրանք նիստեր են անում, քննարկումներ կազմակերպում եւ մեզ տեղեկացնում են, որ իրենք ուզում են ապահովել այդ խոշոր ծրագրի կատարման թափանցիկությունը:
Հասարակական մասից բացի, մի քանի ամիս առաջ ընտրվեց ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենը, եւ դրանից հետո այլ կարեւոր իրադարձություն տեղի չունեցավ: Ճիշտ է՝ նիստեր անում է նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագրի Կառավարման խորհուրդը (խորհրդի անդամներն են վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, նախարարներ Վարդան Խաչատրյանը, Անդրանիկ Մանուկյանը, Հովիկ Աբրահամյանը, Դավիթ Լոքյանը), սակայն դա հասարակական լայն քննարկման առարկա չի դառնում: Իսկ Շահառուների խորհուրդը, քանի որ մեծամասամբ հասարակական կազմակերպություններից է կազմված, սիրում է իր աշխատանքների մասին տեղյակ պահել նաեւ լրատվամիջոցներին: Միգուցե նման գործելաոճն ուղղակի հատուկ է հ/կ-ներին, որովհետեւ նրանք արտասահմանյան երկրներից ու կազմակերպություններից գրանտներ են ստանում եւ գրանտատուներին ու հասարակությանն իրենց գործունեության հաշվետվությունը ներկայացնելու համար մեկ-մեկ էլ ասուլիսներ են հրավիրում, լիքը թղթեր բաժանում, նկարներ են ցույց տալիս, մեծ-մեծ ծրագրերից են խոսում, թե տեսեք՝ ինչ գործեր ենք անում: Կամ էլ նման գործելաոճը պարտադրել է ծրագրի կենտրոնական՝ ամերիկյան գրասենյակը: Բոլոր դեպքերում՝ որն էլ լինի այդ հասարակական կազմակերպությունների նպատակը՝ «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագրի թափանցիկ գործունեության ապահովումը կամ իրենց էլ բաժին պոկելը, այնուամենայնիվ, եթե շահառուների այդ խորհուրդը պարբերաբար նման միջոցառումներ չկազմակերպեր, մենք արդեն մոռացած կլինեինք այդ ծրագրի գոյության մասին:
Ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը հույս ուներ, որ մենք սեպտեմբերին կստանանք մի կլորիկ գումար, եւ ծրագրի աշխատանքների մեկնարկը կլինի հենց այս աշնանը: Սակայն Ամերիկան չի շտապում գումարը տալ: Հավանաբար ուզում է համոզվել, որ ճանապարհաշինության համար անհրաժեշտ բիտումն Իրանից չի գնվի: Գիտենք, թե ԱՄՆ-ը ինչ հարաբերություններ ունի Իրանի հետ եւ չի ուզում իր հատկացրած գումարներով ապրանք գնվի հենց այդ երկրից: Միգուցե հենց այդ պատճառով է, որ մինչեւ հիմա չեն ասֆալտապատվում երկու-երեք ամիս առաջ քանդված Կոմիտաս եւ Տիգրան Մեծ փողոցները: Այդ փողոցները վերանորոգվում են «Լինսի» հիմնադրամի ծրագրով, որի հիմնական ֆինանսավորողները ամերիկահայերն են: Եվ կարծիք եղավ, թե Ամերիկան արգելել է իր քաղաքացիների հատկացրած գումարներով Իրանից բիտում գնել: Հիմա մերոնք բիտում ներկրելու այլ աղբյուրների փնտրտուքի մեջ են: Թեպետ չի բացառվում որ նորից ներկրեն Իրանից, սակայն ձեւակերպումը տան ինչ-որ մեկ այլ երկրի անունով: Համենայնդեպս, հիմա քաղաքական ինչ-որ հարցերի պարզաբանման շրջան է:
Բոլոր դեպքերում Ամերիկան աչալուրջ հսկում եւ պայմաններ է ներկայացնում, իսկ մերոնք էլ դրանց հարմարվելու կամ շրջանցելու ելքեր են մշակում: Ուղղակի «Հազարամյակի մարտահրավերների» գումարներն են ուշանում, եւ արդեն հասկանալի է, որ այս տարի գործ չի լինելու: Իսկ այդ գումարները հատկացված են գյուղական շրջանների աղքատությունը նվազեցնելու համար: Տրամադրվելու է հիմնականում երկու ոլորտների՝ ճանապարհաշինության եւ ոռոգման համակարգի վերանորոգման համար: Այն նպատակով, որ գյուղացին կարողանա ոռոգման շնորհիվ բարձրացնել իր աշխատանքի արդյունավետությունը՝ բերքատվությունը, եւ հետո էլ կարողանա ստացած բերքը բարեկարգ ճանապարհով շուկա հասցնել: Գաղտնիք չէ, որ գյուղական համայնքները շրջկենտրոններին կամ մարզային խոշոր քաղաքներին միացնող ճանապարհները խորհրդային տարիներից հետո չեն վերանորոգվել եւ գտնվում են անմխիթար վիճակում: Նույն վիճակում է նաեւ ոռոգման համակարգը: Այնպես որ՝ այդ գումարների անհրաժեշտությունը խիստ է զգացվում: Իսկ Շահառուների խորհուրդը պետք է հետեւի այդ աշխատանքների թափանցիկությանը, Կառավարման խորհրդին ու մյուս ստորաբաժանումներին ետ պահի կոռուպցիոն քայլերից, հասարակությանն ու ծրագրի ամերիկյան գրասենյակին տեղյակ պահի կատարված աշխատանքների մասին: Իսկ թե այդ ամենն ինչպե՞ս է անելու՝ դեռ չի որոշել: Բայց դա չի խանգարում, որ մեկ-մեկ սրահներ վարձեն, ասուլիսներ ու քննարկումներ կազմակերպեն, ծրագրեր, կանոնադրություններ ու նման բովանդակության այլ թղթեր բաժանեն:
Ինչ արած, այդպես է հասարակական կազմակերպությունների գործի բնույթը, մանավանդ, երբ գործ չեն անում, բայց ուզում են ցույց տալ, թե գործ են արել: