Կրիմինալ կա նաեւ կրոնական կազմակերպություններում

22/10/2006

«Այսօր արբանյակային հեռարձակմամբ կարելի է դիտել 110 կրոնական ալիք: Կրոնական ասպարեզում նոր կառույցներ են հայտնաբերվում, որոնք գրանցված չեն, բայց ակտիվ գործունեություն են ծավալում»,- ասում է «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը:

Վերջինիս հավաստմամբ, իրենց հաջողվել է պարզել վերջին 3-4 տարիների ընթացքում Հայաստան մուտք գործած 15 նոր կրոնական կազմակերպությունների անուններն ու հավաքատեղիների հասցեները: Դրանք են «Աստծո դեսպանություն», «Աստծո օծյալ», «Աստծո ժողովուրդ», «Աստծո տուն»,«Աստծո եկեղեցի» «Էմմանուել», «Նազովրեցու հետքերով», «Ռեմա», Երեւանի «Լոգոս» լրիվ Ավետարան, «Ալֆա Օմեգա», «Նոր սերունդ», «Փառավորում», «Բարի Սամարացի», «Վերնատուն», «Ավետաբեր» եկեղեցիները: Պարոն Ամարյանի պնդմամբ, օտարածին կրոնական կազմակերպությունների հետեւորդների թիվը մեզ մոտ հասնում է արդեն 300-350 հազարի: Նա նշում է, որ այս տարվա սեպտեմբերի 24-30-ը Էրեբունի համայնքում տեղի են ունեցել կրոնական բացօթյա միջոցառումներ, որը կազմակերպել են «Բարի Սամարացի» եկեղեցու (ըստ

Ա. Ամարյանի` անմիջական առնչություն ունի նույնանուն մսամթերք արտադրող ընկերության հետ) անդամները` Ամերիկայից ժամանած Քեւին եւ Լեսլի Մաքնոլտին ամուսնական զույգը: Տեղեկացանք նաեւ, որ Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող «Էմմանուել» եկեղեցի հավաքատեղիում կրոնական հավաքը սկսվում է «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի ցուցադրումով, որին հաջորդում է բուն քարոզչությունը: Կենտրոնի ղեկավարի տվյալներով, նշված կրոնական կազմակերպություններին հարում են նաեւ շատ հայտնի երգիչ-երգչուհիներ: Ա. Ամարյանի ասելով, կրոնական համայնքների ներսում գոյություն ունի նաեւ կրիմինալ, որի մասին խոսելն ու անուններ բացահայտելը կենտրոնի ղեկավարը համարում է դեռեւս վաղաժամ:

«Այսօրվա դրությամբ կրոնական կառույցները սկսել են ներխուժել առողջապահության ոլորտ, որը օգտագործելով հասնում են իրենց նպատակներին: Նրանք շատ լավ գիտակցում են, որ հիվանդ մարդու հոգեբանության վրա ներազդելը հեշտ է»,- ընդգծում է Ա. Ամարյանը: Կրոնական կազմակերպությունների որդեգրած հայտնի գործելաոճերից է բարեգործական նպատակներով առողջության պահպանմանը նվիրված սեմինարների կազմակերպումը, որի ընթացքում անհատույց տրվում է դեղորայք, բժշկական պարագաներ, բժշկական խորհրդատվություն: Որպես կանոն, այս ամենը նրանք իրականացնում են տարբեր գիտամշակութային, հասարակական կազմակերպությունների անվան տակ: Կենտրոնի նախագահը նշեց նաեւ, որ «Կյանքի խոսք» եկեղեցին Հայաստանում բացել է հղիների աջակցության կենտրոն` Մկրտումյան ամուսինների գլխավորությամբ: «Հարց է առաջանում, արդյոք այդ դեղերն անհրաժե՞շտ են այն մարդկանց, որոնց առաջարկել են, կամ՝ ո՞վ է ստուգել հումանիտար դեղերի բաղադրությունը: Սրանք հարցեր են, որոնցով զբաղվող պատկան մարմիններ չկան»,- ասում է

Ա. Ամարյանը: Օրինակ, ադվենտիստները բարեգործական կառույց ունեն, որը կոչվում է «Օգնության եւ զարգացման միջազգային ադվենտիստական գործակալություն»` «ԱԴՐԱ». այն ղեկավարում է Էդգար Կաստիլիոն: Ռուսական լրատվամիջոցներով «ԱԴՐԱ»-ն ներկայացվում է որպես չեչեն գրոհայիններին ֆինանսավորող կազմակերպություն, որը ներկայումս առաքելություն ունի նաեւ Իրաքում եւ Նախիջեւանում: Այս կառույցի հովանավորությամբ Երեւանում հունիս ամսին
8 օր շարունակ տեղի են ունեցել առողջության ցուցահանդես-սեմինարներ: Առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն, Հայաստանի Հանրապետությունում բուժօգնությունը լիցենզավորված գործունեության տեսակ է, իսկ կառավարության որոշումներով արձանագրված է, որ բժշկական ծառայություն կարող են մատուցել միայն բուժհաստատությունները:

Թռուցիկներ ընդդեմ աղանդների

Աղանդավորական «շարժման» դեմ պայքարի առանձնահատուկ մեթոդ են ընտրել «Մեկ ազգ» կուսակցության անդամները: Նրանք պայքարի համար որպես լավագույն միջոց ընտրել են թռուցիկների տարածումը: «Օգտվելով երկրում ստեղծված բարոյահոգեբանական, սոցիալական ճգնաժամից, աղանդները ճկուն, կենդանի քարոզչությամբ եւ հասարակ մեթոդներով կարողանում են հասարակության անկիրթ զանգվածին իրենց ետեւից տանել ու իրենց սեւ գործն անել»,- նշում է կուսակցության ղեկավար Գոռ Թամազյանը: Ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու, նրանք նոյեմբերի սկզբներին Երեւանի փողոցներով կիրականացնեն իրենց 11-րդ երթը: Բայց այս երթը, որը կազմակերպիչները կոչում են «պայքար», շատ փոքր է այն «շարժման» դեմ, որը մեծ թափով իրականացնում են Հայաստանում գործող օտարածին կրոնական կազմակերպությունները, որոնց հետեւորդների թիվը, ինչպես նշեց Ա. Ամարյանը՝ հասնում է 300-350 հազարի: