Սեւ քառակուսի

22/10/2006 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Ձեզ ինչ-որ բան ասո՞ւմ է Ալեքսանդր Փափախչյան անուն-ազգանունը: Վստահ եմ՝ ոչ: Քանի որ դժվար մեր հասարակությունը հիշեր հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերում չորեքշաբթի հնչած մեկ նախադասությունը. «Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից երեք օր առաջ հրազենային վնասվածք է ստացել շարքային Ալեքսանդր Փափախչյանը՝ ծնված 1987 թվականին: Վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է»: Ու վերջ: Զոհված երիտասարդի լուսանկարը չհայտնվեց էկրանին, նրա մասին եւ ոչ մի տեղեկություն չհնչեց, նրա ծնողներին էկրանից ոչ մի ցավակցական կամ մխիթարական խոսք չասվեց: Տղան, հասկանալի է, մեծ շրջապատ չուներ, նրան անձամբ չեն ճանաչել հեռուստաընկերությունների, հատկապես «Նոր ալիք» ու «Դար 21» հեռուստաընկերությունների տերերը: Նրան ճանաչել են միայն ծնողները, բարեկամներն ու ընկերները: Հետեւաբար, 1987 թվականին ծնված եւ դիպուկահարի կրակոցից հայոց բանակում զոհված այդ երիտասարդի մահը դատապարտված են միայնակ սգալու միայն Ալեքսանդր Փափախչյանի ծնողները, հարազատներն ու ընկերները: Գուցե հեռուստաընկերությունների կամ մյուս ԶԼՄ-ների ղեկավարներն ասեն, որ այդ մեկ նախադասությամբ արդե՛ն ամեն ինչ ասված է. սգալու համար կատարված ողբերգության ծանրությունը մեկնաբանելու հարկ չկա, որ սգալու ամենաարժանապատիվ ձեւը լռությունն է: Սակայն դատելով նրանից, թե վերոնշյալ հեռուստաընկերություններն ինչպես արձագանքեցին կյանքից ողբերգականորեն հեռացած երիտասարդ եւ խոստումնալից երգչուհու մահվանը, դժվար թե նման կարգի առարկություններ հնչեն: Ողբերգությունից բառացիորեն մի քանի ժամ անց մինի կիսաշրջազգեստով մտնել ուղիղ եթեր, անարժեք ու անիմաստ խոսքեր ասել կամ մի քանի ժամ անընդմեջ եթերը տրամադրել երգչուհու ընկերներին, որոնք, բնականաբար, չէին էլ կարող այդ պահին ասելիք ունենալ, խոսում է այն մասին, թե որքան տգետ ու պարզունակ են վշտի մեր ընկալումները: Հայ երգարվեստի ներկայացուցիչները անակնկալ ողբերգությունից ուշքի չեկած՝ հայտնվում էին էկրաններին ու հեկեկում, քանի որ, կրկնում ենք, կատարված ողբերգությունը բացատրության, մեկնաբանության, խոսքերի կարիք չուներ. ամեն բան առանց այդ էլ ցավալիորեն պարզ էր:

Գրելուց առաջ երկար եմ մտածել՝ որքանով է ճիշտ անդրադառնալ այս թեմային, այն էլ այս օրերին, սակայն երբ կորստի չափն ու ձեւը որոշում ու բոլորին են պարտադրում հեռուստաընկերությունների ղեկավարները՝ իրենց պատկերացումներով ու մակարդակով, ստիպված ես լինում հիշել՝ իսկ ա՛յն մարդկանց, ովքեր շատ-շատերի արժեքային համակարգում կշիռ ունեին, ինչ բառերով ու ինչ ձեւով ենք ճանապարհել: Երբ իր մահկանացուն կնքեց համաշխարհային ճանաչում ունեցող լեզվաբան Գեւորգ Ջահուկյանը, նրա մասին ԶԼՄ-ներն առանձնապես չհիշատակեցին, քանի որ «լայն» հասարակությունը նրան չէր ճանաչում եւ չէր էլ ուզում ճանաչել: Եվ այդ լուրջ գիտնականը մահացավ միայնակ, խնամքի ու ուշադրության կարոտ: Տակավին վերջերս առաջացած տարիքում մահացավ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը: Տեղեկատվություն այդ մասին, իհարկե, եղավ, սակայն հեռուստաընկերությունները խիստ ժլատ էին այդ հարցում: Հավատացեք, որ կյանքից ողբերգականորեն անտեր հեռանում են բազմաթիվ տաղանդավոր գիտնականներ, արվեստագետներ, որոնց մասին անգամ տողանոց հիշատակում էլ չի լինում: Սակայն արժեր:

Բոլոր նրանք, ովքեր իրենց եթերը պատրաստ են օրերով տրամադրել երիտասարդ ու շնորհալի մարդու կյանքից հեռանալուն, ովքեր պատրաստ են ուղիղ եթերներում հեկեկալ ու արտասուք թափել կյանքից անժամանակ հեռացած յուրաքանչյուր կյանքի համար, թող գնան այն հիվանդանոցներ, տներ, ուր ուշադրության ու նյութական միջոցների կարոտ ծանր հիվանդ երեխաներ ու երիտասարդներ են մահանում՝ մնալով միայն վշտից կարկամած ծնողների հիշողության մեջ: Նրանց մասին որեւէ հաղորդում չես տեսնի: Հանգամանքների բերումով ինքս պարբերաբար լինում եմ մանկական դիսպանսերներից մեկում, ուր անգամ առաջին կարգի հաշմանդամ երեխաներին հատկացվելիք դեղերը պետությունը գողանում է, ուր մերձավորի, հասարակության ուշադրությանը կարոտ բազմաթիվ անօգնական երեխաներ (ու ոչ միայն) կան, որոնք մխիթարական խոսքի, կարեկցանքի ու օգնության կարիք ունեն, քանի դեռ կենդանի են: Սակայն հեռուստաընկերություններին նրանք պետք են ինչ-որ տասներորդական կարեւորության իրադարձության ժամանակ: Ասենք, երբ Առաջին տիկինն է այցելություն կազմակերպում՝ իր հետ տանելով բազմաթիվ տեսախցիկներ: Այդ երեխաների կամ երիտասարդների անժամանակ ու ողբերգական մահվան մասին որեւէ մեկս չենք էլ իմանում, քանի որ դա կարեւոր ինֆորմացիա չէ, քանի որ նրանք հիվանդության ու անկարողության պատճառով ընկերներ, հաճախ նաեւ՝ հարազատներ չունեն:

Երբ ինչ-որ մեկը փորձում է առարկել՝ ասելով՝ հասարակությունն ուզում է իմանալ ճանաչված մարդու մահվան բոլոր դետալները, հասարակությանը հետաքրքիր է հետեւել, թե ինչպես են նրա մահը ողբում այլ ճանաչված երգիչ-երգչուհիներ, հիշում եմ խելացի մեկի ստուգաբանությունը, թե «հասարակություն» բառի արմատը «հասարակ»-ն է:

Անառողջ հետաքրքրությունը մարելու միջոց կա. չկերակրել այդ հետաքրքրությունն էժան ու անորակ սնունդով, ներկայացնել իրական ու իսկական արժեքները: Սակայն դրա համար պետք է բարձր գիտակցություն, ինչն առայժմ մեր հասարակությանը չի սպառնում: