Ռուսները ծովային շրջափակման մեջ են առել Փոթին

22/10/2006

«Մոսկվա» հրթիռային հածանավը, «Ազով» եւ «Ցեզար Կունիկով» դեսանտային նավերը, «Պիտլիվիյ» պարեկային մոտորանավը ռուսաստանյան Սեւծովյան ռազմական նավակազմի նավերն են, որոնք արդեն մոտ երկու շաբաթ զորաշարժեր են անցկացնում Վրաստանի տարածքային ջրերի՝ Փոթիի մոտ:

Դեպք է գրանցվել, երբ նրանք անօրինականորեն անցել են Վրաստանի ծովային սահմանը: Ավելին, ռուսաստանյան ռազմական նավերը գործնականում շրջափակման մեջ են առել Փոթի նավահանգիստը, կանգնեցնելով նավերին եւ ստիպելով նրանց փոխել ուղին: Ռուսաստանյան կողմը մարտական պատրաստվածության է բերել ծովային ավիացիային: Ինչպես հայտնում են Սեւծովյան նավատորմի մամլո ծառայությունում, ծովային հետեւակների ջոկատները պոլիգոնում պարաշյուտադեսանտային վարժանք են անցկացնում: Զորավարժություններին է միացել եւ զենիթահրթիռային գունդը:

Վրաստանի Պաշտպանության նախարարությունն այս առնչությամբ պատրաստվում է կոշտ հայտարարությամբ հանդես գալ միջազգային մակարդակով: «Վրաստանը չի կարող ուշադրություն չդարձնել Սեւ ծովում Ռուսաստանի անցկացրած զորավարժություններին: ՌԴ-ի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացնում առանց նախնական համաձայնության: Այդ պատճառով մենք կդիմենք միջազգային կազմակերպություններին, որպեսզի ուշադրություն հրավիրենք այն բանի վրա, որ անցկացվող հրաձգությունների պատճառով նավերը չեն կարողանում հանգիստ տեղափոխվել: Սեւ ծովում տեղի ունեցողը մենք գնահատում ենք որպես Վրաստանի դեմ Ռուսաստանի կազմակերպած սադրանք եւ տնտեսական շրջափակման մաս»,- մամուլի ասուլիսում հայտարարեց Վրաստանի պաշտպանության փոխնախարար Մամուկա Կուդավան:

ՌԴ-ն ունի կատարվածի հակառակ մեկնաբանությունը: Նա հերքում է մեղադրանքները եւ պնդում է, որ Վրաստանը նախօրոք տեղեկացված է եղել զորավարժությունների մասին, որոնք կանոնավոր են՝ սկսած 2004-ից, եւ անց են կացվում Թուրքիայի հետ համատեղ: Թերթը հրապարակում է «ՌԻԱ Նովոստիի» հաղորդագրությունը, որը հղում անելով Սեւծովյան նավատորմի շտաբի բարձրաստիճան աղբյուրին, պնդում է, որ ռուսաստանյան նավերի ջոկատը գործում է ինքնուրույն ծրագրով, բայց զորավարժությունների ավարտի ժամկետները հայտնի չեն:

Այսպիսի անորոշությունն իրադրության լիցքաթափմանը չի նպաստում, եւ վրացական ղեկավարությունն իրազեկել է այցով ժամանած ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդին, որ Ռուսաստանը զորավարժությունների պատրվակով Վրաստանի ցամաքային եւ օդային շրջափակումներից հետո անցել է ծովայինին: Բարձրաստիճան հյուրն անհանգստություն հայտնեց տարածաշրջանում ստեղծված լարվածության վերաբերյալ:

«Ռեզոնանսի» Վրաստան