«Գիքորի պես գիշեր եմ լուսացնում»- ասում է գանգի վնասվածք ունեցող հաշմանդամ կինը

22/10/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Տիկին Սուսաննայի անցյալում ապրած օրերի դաժանությունը չես համեմատի ներկայիս իր սենյակի ամեն անկյունում դրված առնետների թակարդների ու նրանց ազատ ելումուտի, վախի, զզվանքի մթնոլորտի հետ: Ավտոդողերի գործարանի հանրակացարանի կիսանկուղային սենյակում՝ խոնավ պատերի ու խավարի մեջ ծվարել է այն կինը, որից մութ ու ցուրտ տարիները հաղթահարելու համար պահանջվել է մարդուն կամ ոչ այնքան մարդուն հատուկ տառապանք: «Տեսնում ես, էլի, ոնց եմ ապրում, ամեն քայլի թակարդներ եմ լարել, կռիսանոց ա, բայց փա՜ռք Աստծո, դժվար ու ծանր տարիների տակից դուրս եկանք: Հույս չունեի, թե կդիմանանք, հույսս կորցրել էի: Ախր, էս կռիսների վրա էլ եմ զարմանում, գիտե՞ս… Թե ի՞նչն ա իրանց էդքան հրապուրում, որ գալիս են էս չորս պատի մեջ: Հենց ձմեռը մոտենում ա՝ դրանք սկսում են գալ, երեւի, տաք տեղ են ուզում, բայց ախր իմ սենյակում ավելի ցուրտ ա, քան պադվալում: Մտքիս մեջ ասում եմ՝ սրանք իմ մոտ լրիվ կսառեն, գոնե իրանց բներում սթրվեն՝ ավելի տաք կլինի»,- թաքցնելով արցունքները` պատմում է բնակարան ստանալու համար հերթագրված ու այդ հարցում այլեւս հուսախաբ եղած տիկին Սուսաննան:

Նա հպարտանում է, որ, այնուամենայնիվ, կարողացել է երեխաներին բարձրագույն կրթության տալ եւ ամուսնացնել: Երեքն էլ ամուսնացել են: Ամուսնու մասին խոսելիս տիկին Սուսաննան շրջանցում է թեման, որովհետեւ մենակ է մնացել այն ժամանակ, երբ երեխաների մասին հոգ տանելիս սենյակում տարիներով լույս չի եղել, երբ այդ ժամանակահատվածում կնոջ կողքին պարտադիր պետք է տղամարդ լիներ, երբ այդ պահին Սուսաննայից բացի բոլոր հայերն էին անօգնական եւ բոլորի համար կարեւոր էր իրար մխիթարելը: «Պառազիտը մնում ա պառազիտ: Գործարանը փլուզվեց ու, ինչպես բոլոր հայ կանայք, էնպես էլ ես՝ սկսեցի դռնեդուռ ընկնելով առեւտուր անել: Էդ տարիներին ողջ հայ ազգն առեւտուր էր անում: Ստեղից տանում էի, էնտեղից բերում էի, բայց կարեւորը որ երկու ոտքս էլ կար, նորմալ շարժվում էի»,- վերհիշելով այդ տարիները` պատմում է միայնակ կինը, ով 1995 թվականին դժբախտ պատահարի զոհ է դարձել: Ավերակ դարձած հանրակացարանի վերջին հարկի պատշգամբի ապակեպատ պատուհանները քամու ժամանակ պոկվել-ընկել են տիկին Սուսաննայի գլխին: «Քամի բռնվեց, վերեւից շուշաբանդի փեղկերը ջարդվեցին, ընկան գլխիս: Գանգս ջարդվեց, ձախակողմյան հատվածս թուլացավ: Երկու վիրահատություն տարա, հիմա, փառք Աստծո, կարողանում եմ գոնե իմ ոտքով զուգարան հասնել, քայլել: Գանգիս վրա ոսկոր չկա, ուղղակի կաշի ա քաշած, գանգս ջարդվեց: Առաջին օպերացիայի ժամանակ ոսկորներից, փոշուց մաքրեցին, բայց մեկ էլ հետո ինձ մոտ էպիլեպսիա սկսվեց: Նորից բացեցին, տեսան, որ էդ թաղանթի արանքներում փոշի ա մնացել, ոտքիս մի հատվածից կտրեցին, թաղանթը վերցրեցին, ուղեղիս թաղանթը դրանով փոխեցին: Երրորդ օպերացիային պիտի պլաստմասսա դնեին, որ գանգս փակվեր, բայց փող չունեի, հնարավորություն չկար, էդպես էլ մնացի: Հիմա գանգիս էդ հատվածը դատարկ ա»,- պատմում է տիկին Սուսաննան՝ ասելով, որ անգամ իր թշնամուն չէր ցանկանա տեսնել այդ վիճակում: 2-րդ կարգի հաշմանդամ կինը ցույց է տալիս գլուխը՝ մատնանշելով դատարկ հատվածը եւ ոտքի այն մասը, որտեղից մաշկը կտրել, տեղադրել են գլխի վրա: Հաշմանդամության համար ստացած 6000 դրամը տիկին Սուսաննային շփոթեցնում է, որովհետեւ չի գտնում այն ձեւը, որով այդ գումարի շրջանակներում կարելի է 1 ամիս ապրել: 6000 դրամ հաշմանդամության թոշակը նրան ստիպում է 1 ամիս մտածել, թե ինչպե՞ս կարելի է ծախսել, որ այդ գումարն արդյունավետ օգտագործի, պարտքեր չգոյանան, կոմունալ ծասերը վճարի, իսկ ամենակարեւորը՝ օրվա հացը գնի: Միեւնույն է՝ նույնիսկ ամենահնարամիտ, փայլուն ուղեղով մարդն այդ լուծումը չի գտնում, էլ ուր մնաց տիկին Սուսաննայի գանգի վնասվածքով ուղեղով լուծում փնտրելը: 6000-ի ռացիոնալ ծախսման բոլոր հաշվարկները սկսում է թոշակը բերողին 100 դրամ տալուց, որովհետեւ ծախսելու հավանականությունը սկսվում է ճիշտ այն պահից, երբ այդ 100 դրամն ընկնում է հասցեատիրոջ գրպանը: «Գիտե՞ս, արդեն մարմնիս մասերը հրաժարվում են ինձ օգնել՝ հոդերս, գլուխս, ամեն ինչ: Երեւի շատ եմ իրանց շահագործել ու չարաշահել: Գիշերները չեմ քնում, էս 4 պատի մեջ քայլում եմ, վախենում եմ, որովհետեւ էդ դեպքից հետո հիմնականում գիշերներն էր էպիլեպսիայի նոպաները սկսվում: Աչքս շատ ա վախեցել, մատներիս ու ոտքերիս մկանները հենց քաշվում են՝ ահն ընկնում ա սիրտս: Էս գարուն, աշունն էլ վտանգավոր ա, վախենում եմ, անկախ ինձնից չեմ քնում, արթուն եմ մնում, որ մի բան լինի՝ քնած չլինեմ: Անընդհատ դեպի դուռն եմ քայլում, որ նոպա լինի՝ կարողանամ հասնեմ հարեւանին կամ դուռը բացեմ: Էդ ապրումները սարսափելի են»,- նկարագրում է տիկին Սուսաննան, ով իր անօգնական վիճակի համար չի ուզում երեխաներին անհանգստացնել, որովհետեւ նրանց մեծացնելու, ամուսնացնելու համար իրենից շատ թանկ գին ու ջանքեր են պահանջվել: Չի ցանկանում նրանց ընտանեկան երջանկությունն իր հոգսերով խաթարել: Ամեն ինչ պլանավորել է, ասում է. «Աշխատում եմ դռանը մոտ լինել, որ զգամ ընկնում եմ՝ ձեն տամ, օգնություն կանչեմ, ես արդեն պատրաստվում եմ: Հետո, ես հոգեմետ դեղեր եմ օգտագործում, երբ ձգվում եմ՝ անմիջապես խմում եմ, տանը սպիրտ եմ պահում, մասաժ եմ անում, որ մկաններս տաքանան, թուլանան: Չգիտեմ, արդեն ընտելացել եմ, ձեւը գտել եմ, թե ինչ անեմ, որ նոպաների ժամանակ ուրիշին չանհանգստացնեմ, կամ ծայրահեղ դեպքում՝ ինձ փրկեն: Ամեն ինչի ելքն էլ տարիների ընթացքում գտնում ես, բացի ֆինանսական ելքից»: Տիկին Սուսաննան լաց է լինում, որովհետեւ մշտապես համարել է, թե ինքը չափազանց ուժեղ կին է, բայց, երբ գիտակցում է, որ գիշերվա մենակության մեջ կարող է հանկարծակի թուլանալ՝ դառը լաց է լինում: Համարում է, որ շատ բաների միջով է անցել, որոնք ցավոտ են: Թեեւ գիտակցում է, որ անցյալով ապրելը սխալ է, բայց հաճախ է հիշում 3 երեխաների միայնակ մայր, առեւտրական, սոված, սառած տիկին Սուսաննային, որովհետեւ այդ ամենի հետ մեկտեղ նա անկարող չէր՝ «Ձեռ ու ոտս ինձ ենթարկվում էին, իսկ հիմա՞… Մյուսները ո՞նց էին անում, մենք էլ փեչը դնում էինք, մթին կպնում էինք ու բարձրաձայն լաց չէինք լինում, որովհետեւ, եթե մեկը լաց լիներ՝ ողբի կվերածվեր: Մի տեղ փեչ էինք վառում, բոլորս լցվում էինք իրար գլխի, ամենքս մեր շիշը լցնում, ջուր էինք տաքացնում ու վայրկյանական պառկում էինք, որ էդ տաքությունը մի քանի րոպե հալացնի սառած մարմիններս: Վա՜յ, արի չհիշենք աղջիկ ջան…»,- իր սկսածը փորձում է ավարտել տիկին Սուսաննան:

Անցյալն` անցյալ, բայց ներկան անցյալ է հիշեցնում, որովհետեւ նա ամեն ինչ անում է էլեկտրականություն տնտեսելու համար: Ավելի ճիշտ` ոչինչ չի անում իր կենցաղը հեշտացնելու համար, որովհետեւ վճարել է պետք: «Ճաշ եփելու համար գազ եմ վառում, ավելի ձեռնտու ա, իսկ հոսանքով մենակ շշի չափով ջուր եմ տաքացնում, որ վերմակիս մեջ պահեմ, գրկեմ, տաքանամ: Գիշերը մի կերպ անցկացնում եմ: Գնում եմ աղջկաս տուն, ստեղ, շատ մոտ ա ապրում: Երեխեքը փոքր են, օգնում եմ, երեխուն եմ պահում կամ լվացքի հարցում եմ օգտակար լինում: Գիքորի նման մի բան անում եմ, էլի, գիշեր եմ լուսացնում»,- լաց լինելով` ասում է տիկին Սուսաննան: Իր սոցիալական ծանր վիճակն արդարացնելու ու մի քիչ էլ ինքն իրեն հորդորելու նպատակով ասում է, որ Ավտոդողերի գործարանի անտուն նախկին աշխատողները հանգրվանել են այդ հանրակացարանում ու գրեթե բոլորն էլ ծայրահեղ պայմաններում են ապրում. «Բոլորի ամուսիններն էլ իրենց ծեփում են պատեպատ, ֆայլա բազար են գնում: Փող ունեցողը չունեցողին մանր ա բրդում: Հարուստները խեղճերին աշխատացնում, ասում են՝ քանի գլուխդ վրեդ ա, թող գնա: Մեր աշխատողների ամուսինները արհեստավոր տղամարդիկ են, իրիկունը գալիս են տուն՝ յա հաց կբերեն, յա էլ չէ: Կանայք իրանց կեղծ ծիծաղով կարում են աշխատանք գտնել: Էդ կեղծ ծիծաղը ես էլ եմ շատ օգտագործել: Էն ժամանակ շատ եմ օգտագործել՝ երեխա կերակրելու համար: Սրտիցս արյուն էր կաթում, բայց կեղծ ժպտում, ծիծաղում էի, որ մի բան վաստակեի, փախցնեի, բերեի երեխեքս ուտեին: Դրա համար էլ մեր մոտ հիմա կնկա դերն ա առաջ գնում»,- հավատացնում է տիկին Սուսաննան՝ ասելով, որ հարուստների երեխաները ոտքից գլուխ չափչփում են չունեւոր երեխաներին, որ ծաղրելու բան գտնեն: Մայրերն էլ իրենց երեխաներին պաշտպանելու համար պատրաստ են կեղծ ժպտալով, ուրիշների ոտքերի տակ մաքրելով` երեխաների համար շատ զոհողությունների գնալ: «Էդ ոչինչ, որ մենք չենք սնվում: Հայը Հայաստանում ճորտ է, դրա համար էլ ուրիշ երկրներում չի կարա աղա լինի, նույն ճորտն է»: Տիկին Սուսաննան երբեւէ ոչ մեկին չի դիմել օգնություն ստանալու համար, որովհետեւ վստահ է, որ բացասական պատասխան է ստանալու: «Եթե ես դիմեմ թաղապետարան՝ գիտեմ, որ իմ իմացած բացասական պատասխանը ստանալու եմ գրավոր տեսքով: Ավելի եմ ջղայնանում: Գիշեր-ցերեկ 3 սմենի տակ վառվելով-խորովվելով կամեռ եմ եփել, թունավոր աշխատանք եմ արել: Գիշերվա սմենին աչքս կպնում էր, պատահել ա, որ աշխատողներից մեկը կիսով չափ մնացել ա ֆորմայի մեջ, եփվել ա: Հիմա էլ սենց ենք եփվում: Մեր թաղապետ Մարտին Սարգսյանը շատ լավ մարդ ա, ոչ մեկին «չէ» չի ասում, բայց ինքը կարա էդ ամիսը 5000-ով օգնություն ցույց տա, մյուս ամիս հո նորից չե՞մ կարա դիմեմ: Կհոգնացնեմ, կասի՝ տիկին ջան, հո մենակ դու չե՞ս, հըլը կողքերդ նայի: Մենք մեզ հույս տալով ապրում ենք: Աստծուն փառք, որ լույս ունենք, փառք Աստծո, որ առաջվա պես մեր կերած ցամաք հացից դետեի հոտ չի գալիս: Իմանո՞ւմ ես, աղջիկ ջան…»: