«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հրաժարվել «Ազատություն» ռադիոկայանի, «Ամերիկայի ձայն»-ի եւ BBC-ի վերահեռարձակումը դադարեցնելու մտադրությունից: Անցած շաբաթ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհուրդը որոշել է, որ հունվարի 1-ից Ադրբեջանի երեք ռադիոկայանները, այդ թվում` պետական ռադիոն, պետք է դադարեցնեն նշված արտասահմանյան ռադիոկայանների վերահեռարձակումը: «Այս որոշումն ուղղված է միջազգային լրատվամիջոցների դեմ, որոնց անկախությունից Ադրբեջանի իշխանությունները վախենում են: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհուրդը, դժբախտաբար, վերահսկվում է քաղաքական իշխանությունների կողմից, որոնք ամենից շատ ցանկանում են սահմանափակել արեւմտյան լրատվամիջոցների ազդեցությունը»,- ասված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարության մեջ: