Հայ-վրացական սահմանային խնդիրներ

21/10/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Հայ-ադրբեջանական սահմանային խնդիրներից բացի, պարզվում է, կան նաեւ հայ-վրացական սահմանային խնդիրներ, սակայն, բախտի բերմամբ թե պատահմամբ, միայն հիմա է որոշվել իրականացնել հայ-վրացական սահմանի ճշգրտումն ու քարտեզագրումը, ինչի արդյունքում էլ ի հայտ են եկել այդ սահմանային խնդիրները:

Ու պարզվում է, որ այս գործընթացի արդյունքում Հայաստանը կարող է տարածքային լուրջ կորուստներ ունենալ, համենայնդեպս, այդպես է պնդում ԱԺ պատգամավոր, պատմաբան Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս երեկ հայտարարել է, թե հայ-վրացական սահմանի ճշգրտման հետ կապված խորհրդարանական լսումներ անցկացնելու համար ինքը դիմել է ԱԺ բոլոր խումբ-խմբակցություններին եւ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին: Պատմաբան Դալլաքյանը պնդում է, որ «որպես անկախ պետություններ» սահմանների ճշգրտման հետ կապված միակ համաձայնագիրը ստորագրվել է 1921 թվականին: «Սրանից հետո ստեղծվել է Խորհրդային Միությունը, եւ հայ-վրացական սահմանային հարաբերությունները կարգավորվել են, այսպես կոչված, կոլխոզային, միջանկյալ պայմանագրերով»,- նշել է նա: Պատգամավորը նշել է նաեւ, որ իր այն հարցին, թե հայ-վրացական սահմանի ճշգրտման հարցում ի՞նչ համաձայնագիր է դրվել բանակցությունների հիմքում, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատասխանել է, թե «վրացական կողմն առաջարկում էր հիմք ընդունել 1938 թվականի քարտեզը, ինչին մենք դեմ ենք արտահայտվել»: Սակայն Վ. Դալլաքյանը ցույց տվեց իր այդ նույն հարցին ՀՀ արտգործնախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանի տված գրավոր պատասխանը, որտեղ նշված է, թե «հաշվի առնելով փոխըմբռնումներն իրավական մոտեցումների վերաբերյալ, կողմերի սահմանագծման հանձնաժողովներին առաջարկվել է բանակցություններում ղեկավարվել 1938 թվականի կենտրոնական գործադիր կոմիտեների որոշումներով եւ մինչեւ 2006 թվականի վերջն ավարտել պետական սահմանի սահմանագծման հիմնական աշխատանքները»: Այսինքն, ըստ Վիկտոր Դալլաքյանի` Հայաստանի Հանրապետությունը համաձայնություն է տվել Հայաստանի համար խոշոր տարածքային կորուստներ ներկայացնող համապատասխան տարածքները Վրաստանին հանձնելու համար, որովհետեւ եթե այդ բանակցությունների հիմքում դրվի 1938-ի համաձայնագիրը, ապա, Դալլաքյանի պնդմամբ՝ Հայաստանը լուրջ տարածքներ կկորցնի: «Եվ կառավարության այն դիտարկումը, թե հնարավոր չէ քարտեզները վերարտադրել այդ համաձայնագրի տեքստում, ճիշտ չէ, քանի որ իմ ձեռքին է ցարական Ռուսաստանի համապատասխան քարտեզը, որը դրվել է Խորհրդային Հայաստանի եւ Վրաստանի միջսահմանային քարտեզները գծագրելու եւ սահմանագծումն իրականացնելու հիմքում»,- ասաց պատգամավորը:

Վերջինս նաեւ տեղեկացրեց, թե այս հարցով իրեն է դիմել նաեւ «Լալվար» հայրենակցական միության նախագահ Գառնիկ Վերմիշյանը: Երեկ Վ. Դալլաքյանը ներկայացրեց նաեւ պետական արխիվի համապատասխան փաստաթուղթը, համաձայն որի` մինչեւ 1934 թվականը, այսօր Վրաստանի կազմում գտնվող Չանախչի, Բրդաձոր եւ Ախքյոլթի գյուղերն իրենց ամբողջ տարածքներով եւ հայկական եկեղեցիով եղել են ՀՀ տարածքում, որը վավերացվել է 1928 թվականի օգոստոսի 10-ին Հայաստանի եւ Վրաստանի հողժողկոմների նախագահների կողմից: Հայ-վրացական սահմանային խնդիրների հիմնական պատճառը թերեւս այն է, որ այն գծագրվել է, նկատի ունենալով անտառը: Եվ հիմա, Վ. Դալլաքյանի խոսքերով՝ վրացիները 1,5 կիլոմետր հատել են Ջիլիզայի եւ Լալվարի հայկական անտառները եւ մտել հայկական տարածք:

Դալլաքյանը պնդում է նաեւ, թե այդ անտառահատումների հետ կապված Հայաստանի իշխանությունների որոշ պաշտոնյաներ գումարներ են «շորթել» եւ ամենասարսափելին էլ, ըստ նրա, թերեւս այն է, որ «այդ անտառանյութը վաճառվել է նաեւ Ադրբեջանում»: «Այսինքն՝ սա քաղաքական կոռուպցիայի դասական դրսեւորում է»,- հայտարարեց Վիկտոր Դալլաքյանը:

Վերջինիս խոսքերով՝ այս տարվա հուլիսի 7-10-ը Բաթումիում գտնվելու օրերին ՀՀ վարչապետը ստորագրել է այն համաձայնագիրը, որով Հայաստանն ունենում է տարածքային լուրջ կորուստներ, քանի որ դրանով բանակցությունների հիմքում դրվելու է 1938-ի համաձայնագիրը: Իր փաստարկներն ավելի համոզիչ դարձնելու նպատակով պատգամավորը երեկ իր հետ վերցրել էր նաեւ 1929 թվականին Խորհրդային Միության կողմից հրատարակված մի բառարան, որի 41-րդ էջում, ինչպես նշեց նա, գրված է, որ 1929 թվականին ՀՀ տարածքը եղել է 35,9 հազար քառակուսի կիլոմետր, մինչդեռ այսօր 29,8 հազար է, եւ այդ տարածքները հիմնականում անցել են Վրաստանին: Գործող իշխանություններին Վ. Դալլաքյանը մեղադրում է ՀՀ տարածքներն աճուրդի հանելու համար: «Խոսքը վերաբերում է նախկին Բորչալուի գավառի տարածքները Վրաստանին զիջելուն: Ես ունեմ որոշակի ինֆորմացիա, որ վրացական կողմը, ոգեւորված այս ամենից, փորձում է Հայաստանին պարտադրել, որ բանակցությունների հիմքում դրվի 1945-ի քարտեզը, որը Հայաստանի համար ավելի թալանչիական է»,- պնդում է նա: Իսկ եթե պետական սահմանի սահմանագծման բանակցությունների հիմքում դրվի 1938 թվականի համաձայնագիրը, ապա, ըստ Վիկտոր Դալլաքյանի, որոշ մասնագետների հաշվարկներով, Հայաստանի այսօրվա 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքից 300 քառակուսի կիլոմետրը կպակասի:

Հ.Գ. Երեկ մեզ չհաջողվեց Արտաքին գործերի նախարարությունից պարզաբանումներ ստանալ Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունների առնչությամբ: Առաջիկայում մենք կփորձենք ստանալ նաեւ ԱԳՆ պատասխանը: