«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին Հայաստանում քաղաքացիական հասարակությանն արթնացնելուն միտված քաղաքացիական շարժում նախաձեռնած ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքերով՝ շարժման նպատակն այն է, որ «քաղաքացիները դառնան երկրի տերը»: Վ. Մանուկյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել է նաեւ, որ իր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի անցած ուղին, եւ այն, որ իրենք 15 տարուց ավելի միշտ երեւում են քաղաքականության մեջ, առաջացնում է որոշակի վստահության մթնոլորտ, որի միջոցով «հնարավոր կլինի հավաքել մեր հասարակությանը»: «Բայց մենք մեզ սեփականատերը չենք զգում այդ շարժման: Մենք նախաձեռնում ենք»,- ասել է Վազգեն Մանուկյանը՝ ավելացնելով, թե իրենք ուզում են, որ «քաղաքացիները դառնան երկրի տերը»: Այսօրվա պայմաններում ընտրական գործընթացը, Վազգեն Մանուկյանի բնորոշմամբ, Հայաստանում հանգում է «իշխանությունների դեմ, խուժանությունների դեմ» պայքարին եւ բերում է պարտության` «ոչ թե իրական քվեներով, այլ արդյունքով»: «Ենթադրենք, 2008, 2007 թվի ընտրությունների ժամանակ տեղի ունեցավ իշխանափոխություն: Էլի կասկածը մնում է, որ իշխանությունն արդեն կպատկանի այն մարդկանց, ովքեր վերցրեցին այդ իշխանությունը: Նորից ժողովրդին չի պատկանում»,- ասել է ԱԺՄ ղեկավարը: Վերջինիս խոսքերով՝ շարժումը, որն իրենք ուզում են ստեղծել, մնայուն մի բան է: «Կամաց-կամաց Հայաստանում պետք է քաղաքացիների գիտակցությամբ, համակարգային փոփոխություններով, ինքնակազմակերպման նոր ձեւերով հասարակությունը կարողանա վերահսկել իշխանությանը նաեւ ընտրություններից ընտրություն ընկած ժամանակաշրջանում»,- եզրափակել է Վ. Մանուկյանը: