«Արդյո՞ք օսմանյան թուրքերը ցեղասպանության են ենթարկել հայերին 1915 թվականին,- երեկ գրել է ամերիկյան հեղինակավոր «Բոստոն գլոբ» թերթը եւ հավելել,- զգույշ եղեք, որոշ տեղերում այս հարցի սխալ պատասխանի համար ձեզ կարող են ձերբակալել»: Թերթը փաստել է, որ մինչ Հայոց ցեղասպանության ճանաչումը հանցագործություն է համարվում Թուրքիայում, դրա հերքումը կարող է շուտով հանցանք դառնալ Ֆրանսիայում: «Ֆրանսիական օրինագիծը նպատակ ունի փաստելու ճշմարտությունը, այն է` Հայոց ցեղասպանությունը, ողջակիզման նման, պատմական փաստ է: Մինչդեռ թուրքական օրենքը միտված է ապացուցելու, որ նման պնդումներն անհիմն են: Երկուսն էլ, սակայն, անհանդուրժողական հարձակում են ազատության վրա: Համոզմունքները չեն կարող քրեականացվել՝ որքան էլ դրանք հակասական եւ անհեթեթ լինեն: Ազատ հասարակությունները մարդկանց բանտ չեն նետում ագրեսիվ ելույթների կամ պատմական ստեր տարածելու համար»,- գրել է «Բոստոն գլոբը»: