Բարգավաճենք միասին

21/10/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

ԱԺ «Արդարություն» խմբակցության երբեմնի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը երեկ կարծիք է հայտնել, որ ի տարբերություն 2003-ի, 2007 եւ 2008 թվականների համապետական ընտրություններից առաջինը խորհրդարանի ընտրությունն է, եւ սրանով է քաղաքական վիճակը տարբերվում 2003 թվականի իրավիճակից:

Վ. Դալլաքյանը երեկ նաեւ կարծիք է հայտնել, որ եթե 2003-ին որոշակի համաձայնությունների արդյունքում կեղծվեցին եւ՛ խորհրդարանական, եւ՛ նախագահական ընտրությունները, «այսօր քանի որ եւ՛ ընդդիմության, եւ՛ իշխանության կողմից կան տարբեր հավանական թեկնածուներ», ապա խորհրդարանական ընտրություններից հետո «շատ դժվար կլինի գալ համաձայնության» եւ կեղծել նախագահական ընտրությունների արդյունքները: Ըստ պատգամավորի, 2007-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում Սահմանադրության շրջանակներում խաղաղ իշխանափոխություն իրականացնելու շանս են: Դալլաքյանը կանխատեսում է, որ արդար ընտրությունների պարագայում իշխող կուսակցություններն ԱԺ-ում լավագույն դեպքում 3-4 մանդատ կունենան: Հետաքրքիր է, իսկ ըստ Դալլաքյանի, ԱԺ մնացած տեղերը ո՞ր կուսակցություններին բաժին կհասնեն, եւ ո՞ր ուժն ԱԺ-ում մեծամասնություն կունենա՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությո՞ւնը: Պատգամավորի խոսքերով՝ ԱԺ-ում մեծամասնություն կունենա այն ուժը, որը ստացած կլինի ժողովրդի քվեն, այդ թվում եւ` «Բարգավաճ Հայաստանը»: Հիշեցնենք, որ որոշ տեղեկությունների համաձայն, Վ. Դալլաքյանն անդամագրվելու էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, սակայն այնտեղ նրան հասկացրել են, որ իրենք նման նպատակ ու ցանկություն չունեն: Ու երեկ Դալլաքյանը հայտարարեց, որ ինքը որեւէ կուսակցության չի պատրաստվում անդամագրվել: «Թե որ կուսակցությունները ցանկություն կունենան համագործակցելու ինձ հետ, դուք կարող եք այդ հարցերը նրանց ուղղել,- ասաց Վ. Դալլաքյանը՝ հավելելով,- Ես կարծում եմ, որ քաղաքական գործիչը նա է, ով իր ասելիքն ասում է այն ժամանակ, երբ ինքը դա հարմար է գտնում: Մինչեւ խորհրդարանական ընտրությունները դեռ շատ ժամանակ կա, եւ ես իմ վերջնական որոշումը դեռ կկայացնեմ»: Հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, թե ինքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցելու անհաջող փորձեր է անում, պատգամավորը պատասխանեց. «Երբեւէ որեւէ փորձ չեմ կատարել եւ չեմ կատարի որեւէ քաղաքական կառույցի անդամակցելու, քանի որ ես, որպես անկուսակցական, երեք անգամ անընդմեջ ընտրվել եմ Վանաձորի թիվ 36 ընտրատարածքից, որեւէ կուսակցական ցուցակի պարտական չեմ Աժ պատգամավոր ընտրվելու համար»: Առաջիկա ընտրություններին Վ. Դալլաքյանն իր թեկնածությունը հավանաբար կառաջադրի մեծամասնական ընտրակարգով, սակայն նա չի բացառում, որ կարող է առաջադրվել նաեւ համամասնական ընտրակարգով, սակայն չմանրամասնեց, թե ո՞ր քաղաքական ուժի ցուցակով: Անդրադառնալով վերջին շրջանում գյուղերում Գ. Ծառուկյանի կողմից ցորենի եւ կարտոֆիլի անվճար բաժանման փաստին՝ ԱԺ պատգամավորը կարծիք հայտնեց, թե եթե պետությունն իր ֆունկցիաները չի կատարում, ապա այդ ֆունկցիաների որոշակի մասը բարեգործությունների տեսքով իրենց վրա են վերցնում որոշ անձինք: Նա դա ընտրակաշառք չի համարում: Դալլաքյանի գնահատմամբ, եթե անձը բարեգործություն անելուց հետո մարդկանցից պահանջում է իրեն ձայն տալ, սա արդեն ընտրակաշառք է: Նա կարծիք հայտնեց, որ եթե Գ. Ծառուկյանը համապատասխան քաղաքական թիմ եւ լուրջ ծրագիր չունենա, նրա նախաձեռնած նմանատիպ ակցիաները կարող են մեկնաբանվել որպես ընտրակաշառք տալու փորձեր: «Գ. Ծառուկյանի բարեգործությունները գնահատելով դրական, համոզված եմ, որ նա կունենա այնպիսի քաղաքական թիմ, որը հանրությանը կներկայացնի իր ծրագրերը, իր մոտեցումները»,- ասաց նա: Միաժամանակ Վ. Դալլաքյանը վստահ է, որ քաղաքական կառույցի ղեկավարը բարեգործություն անելիս ակնկալում է, որ մարդիկ իր բարեգործությունը կգնահատեն նաեւ ընտրությունների ժամանակ քվեներ տալով: Վ. Դալլաքյանը երեկ նաեւ կարծիք հայտնեց, թե Ռոբերտ Քոչարյանին ձեռնտու չէ կեղծել առաջիկա ընտրությունները, քանզի նա հնարավորություն ունի հեռանալ ռեֆորմատորի եւ ազատ, արդար ընտրությունների երաշխավորի դափնիներով, բայց պատգամավորը չգիտի՝ Ռ. Քոչարյանը կօգտվի՞ այդ հնարավորությունից, թե՞ ոչ: