Կուչմայի փեսան Սպիլբերգին պատվեր է տվել

07/05/2005

Բիզնեսմեն եւ Ուկրաինայի Վերխովնայա ռադայի պատգամավոր Վիկտոր Պինչուկը,
որը նաեւ Լեոնիդ Կուչմայի փեսան է, ֆինանսավորելու է լայնածավալ
վավերագրական ֆիլմ: Ֆիլմը պատմելու է Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ
տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին, իսկ ավելի ստույգ՝
Կիեւի շրջակայքում գտնվող Բաբիյ Յառ տեղանքում 1941 թվականին կատարված
հրեաների մասսայական սպանության մասին: Ֆաշիստները մեկ օրվա ընթացքում
30.000 հրեա էին գնդակահարել: Մինչեւ օրս Բաբիյ Յառը համարվում է
եղբայրական գերեզման, ուր թաղված է 150.000-ից ավելի մարդ՝ սպանված ողջ
պատերազմի ընթացքում: Ֆիլմը, որը պատրաստ կլինի մեկ տարի հետո,
նկարահանելու է ամերիկացի ռեժիսոր Ստիվեն Սպիլբերգը:

Ն. Հ.