Ավերակ, որ նման է դպրոցի

21/10/2006 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Եթե պատին փակցված չլիներ «Աշակերտների կարգապահության կանոններ» խիստ վերնագրով վահանակը, որի կետերից մեկը հրահանգում է խնամքով վերաբերվել դպրոցական գույքին, ու եթե սենյակներում չլիներ անցած դարի հիսուն-վաթսունականների կահույք, դժվար թե մտածեի, թե ավերակը դպրոց է։ Կմտածեի՝ սովորական ավերակ է ու վերջ։

Խոսքը Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի դպրոցի մասին է։ Կարմրակուճը Հադրութ քաղաքին շատ մոտ է՝ 3-4 կիլոմետր։ Ունի 130 բնակիչ։ Դպրոց հիշեցնող ավերակում ութամյա կրթություն է ստանում 12 երեխա։ Պատերազմի ընթացքում Կարմրակուճն ադրբեջանցիները չեն գրավել, եւ հետեւաբար՝ դպրոցի ներկա վիճակը ռազմական գործողությունների հետեւանք չէ։

Տնօրեն Կարինե Դավթյանն ասում է, թե, ըստ գյուղի մեծերի պատմածների, դպրոցը կառուցվել է 1928 թվականին՝ շաբաթօրյակի կարգով։ Դա նշանակում է, որ նախագիծ չի եղել, ֆինանսական հատկացումներ չեն եղել, գյուղի մարդիկ հավաքվել ու կառուցել են այս շենքը, որը հետագայում երբեւէ չի նորոգվել։ «Ամեն տարի սեպտեմբերի մեկից առաջ սպիտակեցնում ենք, ուրիշ ոչինչ»,- ասում է տիկին Դավթյանը։

Դպրոցի անմխիթար վիճակը բացասաբար է ազդում կրթության որակի վրա։ Հնարավորություն ունեցող ծնողներն իրենց երեխաներին արդեն ուղարկում են Հադրութի միջնակարգ դպրոցում սովորելու։ Կարինե Դավթյանը ցավում է աշակերտների կորստի համար, բայց եւ չի կարող չհասկանալ նրանց ծնողներին։ «Որ մի ուժեղ քամի ա ըլնում, երեխաներին հավաքում ենք ուսուցչանոցում։ էն կողմում պատը ճաք տված ա։ էս փլման ենթակա դպրոցը, հասկանալի չի՞, որ շատ վատ կազդի երեխաների հոգեբանության, նրանց կրթության վրա, նրանց ամեն ինչի վրա էլ կազդի»։

Գյուղը Հադրութից հեռու չէ, կապված է «Հյուսիս-Հարավ» մայրուղու վերջին հատվածով։ Գուցե ավելի նպատակահարմար է նոր շենք կառուցելու փոխարեն լուծել երեխաների ամենօրյա փոխադրման խնդի՞րը։ Դպրոցի տնօրենի կարծիքով, տնտեսապես վատ լուծում չէ, բայց Կարմրակուճը շատ արագ կդադարի գոյություն ունենալուց. «Գյուղում եթե դպրոց չկա, արդեն հասկանալի ա, որ գյուղն էլ չկա։ 12-13 աշակերտը քիչ չի, ինչքան ես եմ հասկանում։ Հինգ ուսուցիչ ունենք, ի՞նչ անենք, տնային տնտեսուհիներ դառնանք, տա՞նը նստենք»։

Աշակերտների փոքր թիվն է պատճառը, որ դպրոցը միշտ դուրս է մնում կառավարության ծրագրերից։ Ասում են՝ ավելի կարեւոր գործեր կան, բայց չեն ասում, թե հերթը ե՞րբ է հասնելու Կարմրակուճին։ Քանի որ աշակերտները քիչ են, գուցե իսկապես նպատակահարմար չէ դպրոց կառուցելը։

«Գյուղի հայելին, գյուղի դեմքը դպրոցն ա, եթե դպրոց չկա, էլ ի՞նչ գյուղ,- ասում է Կարինե Դավթյանը,- գյուղում, եթե հաշվենք, 19-20 ջահել կա արդեն, բանակում ծառայած, զորացրված տղաներ։ Նրանք, հասկանալի ա, ուզում են ամուսնանան, ընտանիք կազմեն, երեխա ունենան։ Եթե դպրոց էլ չլինի, էլ ինչո՞ւ են մնում ծերանոց հիշեցնող այս գյուղում»։

Այս տարի սեպտեմբերին էլ հնչեց Կարմրակուճի դպրոցի զանգը, իսկ երկու տարի անց հավանաբար կնշվի դպրոցի հիմնադրման 80-ամյակը, եւ այդ առիթով մուտքի մոտ կգրվի. «Երեխաների մուտքն արգելվում է»։

www.hetq.am