GREEN PEACE-ն էլ թող իմանա

21/10/2006 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

«Օկուպանտ» բառը հաճելի հնչողություն չունի, եւ ես չէի պատկերացնում, թե ունեցածս հասցեով գնալիս ո՞ւմ եմ հանդիպելու։ Այդ «զավթիչը» պետք է որ խոժոռ դեմքով, հոգնած աչքերով, խռպոտ ձայնով մեկը լիներ, բայց սեփական իր տան դարպասի մոտ ինձ դիմավորեց կենսախինդ ու բարի մի մարդ։

– Ալեքսանդր Բաղդասարյան,- ներկայացավ։ -Ինձ օկուպանտ էլ են ասում, դե, կռիվների ժամանակվանից մնացած ծածկանունս է։

Ալեքսանդրի սեփական երկհարկանի տան դիմաց գտնվող հողն ամբողջությամբ ծածկված է կանաչով։ Մարգերի մեջ, որ ասես քանոնով են գծված, անծանոթ բույսերի շարքեր կան։

– Սրանք եղեւնիներ են,- բացատրում է Ալեքսանդրը,- Ռուսաստանից եմ բերել։

– Ուզում եմ Ձեր մասին հոդված գրել,- պարզաբանում եմ գալուս նպատակը,- համաձա՞յն եք։ «Ոչ միայն համաձայն եմ,- ժպտում է Օկուպանտը,- այլ պետք է ասեմ, որ շատ վաղուց էի ձեզ սպասում։ Մարդիկ պետք է իմանան, թե ինչ գործ է արվում այստեղ»։

Մինչեւ ղարաբաղյան շարժումն Ալեքսանդր Բաղդասարյանն ընտանիքի հետ ապրել է Ղրիմում, Թեոդոսիա քաղաքում, որն անցած դարերում բավական աշխույժ հայկական գաղթօջախ է եղել։ Հովհաննես Այվազովսկու ծննդավայրն է Թեոդոսիան, եւ մեծ ծովանկարչի փառքը հանգիստ չի տվել Ալեքսանդրին։ Ինքն էլ ծովափին լուսանկարիչ է աշխատել։ «Տուն ունեի այնտեղ, աշխատանք ունեի, բավական լավ վաստակում էի, լավ էլ ապրում»։

Ղարաբաղյան շարժման եւ պատերազմի լուրն առնելով` որոշում է ընտանիքով տեղափոխվել հայրենիք՝ Հադրութ։ «Որ պատերազմի շարժումը սկսվավ` ես ասեցի` պետք ա մասնակցեմ։ Տուն ու տեղս վաճառեցի, եկա այստեղ»։

– Մարդիկ սովորաբար աշխատում են պատերազմից հեռու մնալ,- ասում եմ,- ինչպե՞ս վճռեցիք գալ Հադրութ։ Հարցս զարմացնում է նրան, հայացքով ինչ-որ բան է որոնում, ասես իրեղեն ապացույց փնտրելիս լինի։ «Այ ըստեղ սնարյադ ա պայթել,- ասում է։- Իսկ գալը, ո՞նց չգայի, էստեղ իմ ախպերը, իմ ընկերը, իմ հերը արյուն թափեն, ես ընդեղ ծովափին ինձ համար լուսանկարչությամբ զբաղվե՞մ»։

Ալեքսանդրը բացատրում է, որ ինչքան էլ լավ ապրես, օտար երկրում նման ես անապատում կանգնած մենակ մարդու։ «Իսկ ստեղ հող կա, ստեղ քո հողն ա, ստեղ քո պապերն են թաղված, այ էսինչի աղբյուրն ա, այ էսինչի տնկած ծառն ա»։

Հադրութում լուսանկարչությամբ դրամ վաստակել հնարավոր չէ, եւ Ալեքսանդրը` հետեւելով իր ընկերներից մեկի խորհրդին, սկսում է զբաղվել նախ բանջարաբուծությամբ, ապա՝ բուսաբանությամբ, ավելի ճշգրիտ՝ դենդրոլոգիայով։

«Էստեղ ինձ ջերմոց ունեի։ Հենց որ Ռուսաստանից եկա, ջերմոց դրեցի, պամիդոր էի արտադրում, վարունգ, մեկ էլ ձմեռը` կանաչի եւ բողկ։ Ընտանիքս այդպես պահում էի»։

Ալեքսանդր Բաղդասարյանի կարծիքով` Հադրութի հողն ու բնակլիմայական պայմանները մարդկանց ամեն հնարավորություն տալիս են։ «Հադրութում կարտոշկան 250 դրամ արժե, բա ամոթ չի՞,- զարմանում է,- պետք ա 50 դրամ արժենար»։ Ջրի պակասությունը լուրջ խնդիր է համարում։ «Կան, Հադրութում աղբյուրներ շատ կան։ Մի մեծ ակունք կա՝ Արջի աղբյուր են ասում, ուրիշ աղբյուրներ էլ կան, շատ օգտակար կլինի դրանք հավաքել-բերելը։ Ջրի հարցը շատ հեշտ լուծվող ա, պետք ա մտածել ու աշխատել»։ Նա գտնում է, որ աշխատել ցանկացող մարդն ամեն ինչ էլ կստեղծի, որովհետեւ Հադրութում ոչ մի բանի պակասություն չկա։ Ինքն՝ օրինակ, բակում ջրհոր է փորել եւ հասել ստորգետնյա ջրերին։ Ալեքսանդրի բուսաբանական այգում աշխատանքը սկսվում է լուսաբացից առաջ։ Տասնյակ հազարավոր տնկիները լուրջ խնամք են պահանջում. պետք է ջրել, պարարտանյութ տալ, չթողնել շատ մեծանա, ժամանակին կատարել տեղափոխումը։ «Իմ բակից ես դուրս չեմ գալիս ոչ մի տեղ։ Սիրում եմ էս գործը, սիրում եմ իմ թոռներին, երեխաներին, մատների արանքով ոչ մի բանի չեմ նայում, ու ստացվում ա»,- ասում է հադրութցի բուսաբանը։

Ալեքսանդրի այս զբաղմունքը սկզբում դուր չի եկել ընտանիքի անդամներին, թերահավատ են եղել, չեն պատկերացրել, որ այս գործով կարելի է դրամ վաստակել, բայց տնկիների առաջին խմբաքանակը վաճառելուց եւ դրամը տուն բերելուց հետո կինն ու երեխաները սկսել են օգնել նրան։ Հիմա բոլորն են աշխատում բուսաբանական այգում, անգամ` մանկահասակ թոռները։ Ալեքսանդրը չի ղեկավարում, նրանց հետ հավասար աշխատում է, որովհետեւ չի պատկերացնում իր կյանքն առանց բույսերի հետ շփման։ Նա համապատասխան կրթություն չունի, բայց ժամանակի ընթացքում այնքան խորն է ուսումնասիրել բույսերի կյանքն ու աճման ընթացքը, որ արդեն կարող է դասագիրք գրել։ «Խոսում եմ բույսերի հետ։ Եվ գրքերում էլ ա գրած, որ էդպես պետք ա սիրես։ Մի ամիս բացակայեցի, եկա տեսա` ծառերն ինձանից խռովել են։ Շատ մարդիկ չեն հավատում, բայց ծառը զգում ա, թե իրա տերն ով ա»։

Միայն մարդու եւ ծառի հարաբերությունը չի այսպես։ Այսպես է նաեւ երկրի ու քաղաքացու հարաբերությունը։ Եթե քաղաքացին չի աշխատում, եթե ջանք չի թափում երկրի վիճակը լավացնելու համար, ինչքան ուզում ես, գոռա` անկախություն, ինչքան ուզում ես, ասա` պետություն, չի ստացվի։ «Ես ասում եմ՝ եկեք ծառեր տնկենք, կանաչացնենք մեր երկիրը։ Ես դա գիտեմ, դա եմ ասում։ Մի ուրիշն ուրիշ բան գիտի, թող իր իմացածն ասի ու անի»։ Ալեքսանդրը ցույց է տալիս սոճիների ու նոճիների տնկիները, որոնք նույնպես բերել է Ռուսաստանից։ Ասում է, թե սոճիներն արագ են աճում` եւ դրանցից շատ լավ փայտանյութ է ստացվում։ Անտառների հին կաղնիներն ու սոսիները կտրելու փոխարեն, մարդիկ թող սոճիներ տնկեն ու հետագայում օգտագործեն որպես շինարարական փայտ։ «Շատ մարդիկ ծիծաղում են ինձ վրա, ասում են՝ ինչի՞դ է պետք, հարյուր տարի չես ապրելու ու ինքդ չես օգտվելու, բայց էդ սխալ ա, էլի, եթե մենք պատերազմել ենք, էս տարածքը ազատել, մեզ ուրիշ տեղ չունենք գնալու։ Մենք էստեղ պիտի ապրենք ու առաջին հերթին պիտի մտածենք էստեղի բնության մասին»։

Ալեքսանդրի բուսաբանական այգում ընկուզենու տասնյակ հազարավոր տնկիներ կան։ «Էս տարի խորացել եմ պոպոքի մեջ։ Իմ միտքն էն ա, որ մեկ միլիոն պոպոքի ծառ տնկեմ Ղարաբաղի տարածքում, եթե ինձ օգնեն»,- ասում է Ալեքսանդր Բաղդասարյանն ու ընտանիքի անդամներին կանչում լուսանկարվելու։ Նրան առայժմ միայն իր ընտանիքի անդամներն են հասկանում ու գնահատում, մինչդեռ նա մեծ օգնության կարիք ունի, որովհետեւ մեծ գործն առանց մեծ օգնության հնարավոր չէ իրականություն դարձնել։

Լուսանկարվելուց հետո, երբ նստում ենք սուրճի սեղանի շուրջ, Ալեքսանդրը հիշեցնում է մեր հանդիպման սկզբում ասած իր խոսքը. «Գիտե՞ս, ինչի՞ ասեցի, թե շատ վաղուց էի ձեզ սպասում, որովհետեւ էս գործը մենակ գլուխ բերել չի լինի, պետք ա շատ մարդիկ իմանան, շատ մարդիկ հասկանան սրա կարեւորությունը։ Սա մենակ Օկուպանտի բիզնեսը չի, որ ասեն՝ ինչ ուզում է, թող անի, սա Ղարաբաղի, ինչի՞ չէ, նաեւ ամբողջ Հայաստանի ապագան ա»։ Երբ արդեն հրաժեշտ էինք տալիս իրար, հադրութցի բուսաբան Ալեքսանդր Բաղդասարյանը խնդրեց հոդվածի մի օրինակն էլ ուղարկել միջազգային «Green Peace»-ին. «Թող իմանան, որ Ղարաբաղում էս տեսակ գործ է արվում»։

www.hetq.am