Անցած ուրբաթ Ադրբեջանի եւ Վրաստանի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած հանդիպումները հանգեցրին դրական արդյունքի՝ Կարս – Ախալքալաք երկաթուղու հատվածի կառուցման վերաբերյալ: Ստորագրվեց հուշագիր, ինչը նախատեսում է, որ կողմերը լրամշակեն նախագիծը եւ այն հաստատման ներկայացնեն մեկ ամսվա ընթացքում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Թրենդը», ասել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը: Նախագծի հիմնական հարցեր են մնում վարկային համաձայնությունները՝ Վրաստանին այդ նախագծի իրագործման համար միջոցներ հատկացնելու առնչությամբ: «Յուրաքանչյուր կողմ ունի վարկի պայմանների վերաբերյալ իր առաջարկությունները»,- նշել է նախարարը:
«Թուրքական կողմի հետ խնդիրներ չկան,- ասել է նա,- Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է գործնական աշխատանքներ սկսել այդ տարածքում: Այնտեղ արդեն անց են կացվել նախապատրաստական աշխատանքներ: Նոր տարվանից կսկսվի շինարարությունը, բայց պայմանով, որ վրացական կողմը զուգահեռաբար աշխատանքներ սկսի իր տարածքում»:
Նախագիծը կիրագործվի երկու տարվա ընթացքում: Վրաստանի կառավարությունն իր վրա կվերցնի այդ երկաթուղու շինարարության եւ հողի հեռացման աշխատանքները: «Առաջին տարում այդ տրանսպորտային միջանցքով ենթադրվում է տեղափոխել մոտ 5 մլն տոննա բեռ: Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երթուղով երկաթուղային հաղորդակցության բացման նախագծի իրագործման համար Վրաստանին վարկ է հատկացվելու Ադրբեջանի Միջազգային բանկից»,- ասել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Իրակլի Չոգովաձեն, որը Բաքվում էր գտնվում տվյալ նախագծի շուրջ բանակցությունների անցկացման համար: «Իհարկե, այդ վարկը վճարվելու է,- նշել է նա,- սակայն գումարը ճշտելու համար անհրաժեշտ է որոշել նախագծի վերջնական արժեքը»:
Չոգովաձեի խոսքերով, շինարարությունը ենթադրվում է սկսել եկող տարի. «Մեզ համար սա շատ կարեւոր նախագիծ է՝ երկաթուղային կապ ունենալ բարեկամական Թուրքիայի հետ: Ոչ մի այլ բանի մասին խոսք անգամ չկա: Սա մեզ համար բացարձակապես տրամաբանական նախագիծ է: Այս նախագծով մենք ոչ ոքի չենք մեկուսացնում: Ընդհակառակը, լրացուցիչ խթան ենք ստեղծում եւ Վրաստանի, եւ Թուրքիայի, եւ Ադրբեջանի զարգացման համար»,- հայտարարել է նախարարը:
Մի կողմից կարող է զարմանք առաջացնել տվյալ նախագծում Ադրբեջանի այս աստիճանի ակտիվ մասնակցությունը եւ նույնիսկ՝ վրացական կողմին 200 մլն դոլարի չափով (նախագծի արժեքը գնահատվում է 422 մլն դոլար) անժամկետ վարկ հատկացնելու պատրաստակամությունը: Բայց չպետք է մոռանալ, որ տարածաշրջանում Ադրբեջանի ռազմավարական գործընկերներից մեկը՝ ԱՄՆ-ը, իր օրենսդիրների մակարդակով որոշում է ընդունել պետական կառույցներին արգելել ֆինանսական օժանդակություն ցուցաբերել տվյալ նախագծին:
Այսօր երկաթուղային ճյուղի ոչ մի շինարարություն աշխարհում այսքան մեծ քաղաքական արձագանք չի առաջացնում: Եվ ցավոք, երկակի ստանդարտների սկզբունքը, որի հետ մենք բախվում ենք 10 տարվա ընթացքում՝ ԱՄՆ-ի կողմից ղարաբաղյան հակամարտության առնչությամբ, հերթական անգամ դրսեւորեց իրեն նաեւ քննարկվող հարցում: Չնայած, բոլոր քաղաքական գործիչների համար ակնհայտ են այն առավելությունները, որ կբերի Կարս-Ախալքալաք ճյուղի գործարկումը, որը կմիացնի ադրբեջանական եւ վրացական երկաթգծերը՝ թուրքականին: Գործնականում, Անդրկովկասի 2 երկրները, Թուրքիայի միջոցով, կարող են հնարավորություն ստանալ իրենց բեռներն ուղղակիորեն փոխադրել ոչ միայն եվրոպական պետություններ, այլեւ Սիրիա, Իրաք եւ այլուր:
Վերջին տարիներին Ադրբեջանի եւ Վրաստանի տնտեսությունները սրընթաց աճում են, եւ 2 երկրներն էլ առավել սերտորեն են ինտեգրվում միջազգային հանրությանը: Տվյալ ինտեգրումն անմիջականորեն ուղեկցվում է սահմանակից երկրների միջեւ բեռնափոխադրումների աճով, ինչպես նաեւ Եվրոպայից Ասիա բեռների տարանցումով: Բայց տրանսպորտային միջանցքների սրընթաց զարգացման ճանապարհին կանգնած են հակամարտության օջախներ, որոնք ազդեցության գոտիների համար պայքարում բորբոքվել են գերտերությունների կողմից: Հանրապետությունների տեղական որոշ ղեկավարների անհեռատեսությունը, որը խրախուսվում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից, չի օժանդակում հակամարտությունների արդարացի լուծմանը եւ սպառնալիքի տակ է դնում Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Ադրբեջանի դեմ Հայաստանի զավթողականությունը, Ռուսաստանի օժանդակությամբ Աբխազիայի ղեկավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ շարունակվող դիմակայությունը գործնական կաթվածահարության են հասցրել արեւմտյան ուղղությամբ երկաթուղիներին: Այսինքն, Թուրքիան սատարելով Ադրբեջանին գրավյալ տարածքների անվերապահ ազատագրման օրինական պահանջում, ստիպված էր փակել Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը Գյումրի-Կարս երկաթուղային ճյուղով:
Առաջատար միջազգային տերությունները, եւ առաջին հերթին ԱՄՆ-ը, ադրբեջանական զավթված հողերն անհապաղ ազատելու՝ Հայաստանի նկատմամբ կտրուկ պահանջների փոխարեն, հանդես են գալիս զավթիչին աջակցողի դիրքերից, Թուրքիայից պահանջելով բացել Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը, եւ դեմ են հանդես գալիս Կարս-Ախալքալաք շինարարությանը, որպես նախագծի, որը կհանգեցնի Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետագա մեկուսացմանը: Դրանով ԱՄՆ-ը խրախուսում է զավթիչին, բայց դրանով էլ արջի ծառայություն է մատուցում, քանի որ միայն թեժացնում է իրադրությունը տարածաշրջանում:
Այդուհանդերձ, ինչպես մենք վերը նշել ենք, տարածաշրջանում ներտնտեսական գործունեության ընդլայնումը հանգեցնում է ոչ միայն եկող տարվանից Կարս-Ախալքալաք ճյուղի կառուցմանը, այլեւ մոտ ժամանակներս եւս մեկ նախագծի իրագործմանը: Տվյալ դեպքում խոսքը վրացականի եւ իրանականի հետ ադրբեջանական երկաթուղու միանալու մասին է: Այդ նախագծում, իհարկե, առանցքային դեր են խաղալու Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը:
Նոյեմբերին Թեհրանում կկայանա Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Ղազախստանի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպում՝ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծի վերաբերյալ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդը», հայտնել է ադրբեջանական պետական երկաթուղու պետ Արիֆ Ասկերովը: Նրա խոսքերով, այդ հանդիպմանը ենթադրվում է տրանսպորտային միջանցքի ապագա զարգացման քննարկում, ինչպես նաեւ մի շարք տեխնիկական հարցեր՝ նախագծի իրականացման հետ կապված: Ներկայումս կողմերը լուծում են Կասպից ծովի արեւմտյան ափով ցամաքային ուղիղ հաղորդակցության ձեւավորման մասին հարցերը: Դա նախատեսում է Եվրոպայից Հնդկաստան տրանսպորտային ամենակարճ երթուղու կառուցում. Իրանի տարածքում Կազվին-Ռեշտ-Աստարա նոր գիծ՝ դեպի Ադրբեջանի եւ Ռուսաստանի երկաթուղիները ելքով:
Այժմ ընթանում է Ռեշտ-Կազվին երկաթուղային ճյուղի շինարարությունը: Մոտ ժամանակներս կսկսվի Աստարա-Ռեշտի շինարարությունը: «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծը ենթադրում է միասնական երկաթուղային հաղորդակցության ստեղծում՝ Եվրոպայից Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի միջով դեպի Հնդկաստան եւ Հարավ-արեւելյան Ասիայի երկրներ: Նախագծի իրականացման համար պահանջվում է առավել քան 400 մլն դոլար, ընդ որում, աշխատանքների մեծ մասն Իրանում է կատարվելու, որը երկաթուղային հաղորդակցություն չունի մինչեւ Ադրբեջանի հետ սահմանը: Անհրաժեշտ է 20 մլն դոլարի որոշակի աշխատանքներ կատարել Ադրբեջանում:
Ինչպես նշում են ադրբեջանական տրանսպորտային փորձագետները, այս նախագծի իրականացման առնչությամբ Ադրբեջանը շտապելու կարիք չունի: Հանրապետությունում նախատեսվող աշխատանքների ծավալը մեծ չէ:
Հիշեցնենք, որ Խորհրդային Միության օրոք, Իրանի ուղղությամբ բեռնահոսքն իրականացվում էր նաեւ Հայաստանի միջով: Այսինքն` Ադրբեջանից բեռները Մեղրու հատվածով հասնում էին Նախիջեւան, իսկ հետո էլ Ջուլֆայով Իրան կամ ուղիղ գծով՝ Երեւան-Նախիջեւան-Ջուլֆա, առաքվում էին բեռների վերջնական ստացողներին Իրանում: Բայց բոլորին հայտնի է, որ Մեղրիի հատվածում երկաթուղին չի գործում, իսկ Նախիջեւանը գտնվում է շրջափակման մեջ Հայաստանի հետ հակամարտության պատճառով:
Բայց Ռուսաստանին Իրանը հարկավոր է, եւ, ինչ էլ անեն, բեռների առաքման ամենակարճ եւ հուսալի ճանապարհն անցնելու է Ադրբեջանով, եւ «Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակներում կկառուցվի եւս մեկ երկաթուղային ճյուղ: Իսկապես, վերջնական արդյունքում հավանաբար հարկավոր կլինի եւս կես միլիարդ դոլար: Բայց Աստարա (Ադրբեջան) – Աստարա (Իրան) եւ Կարս – Ախալքալաք երկաթուղային ճյուղերի կառուցման 2 նախագծերն էլ կիրագործվեն: Այսինքն, ընդհանուր առմամբ, հարկավոր կլինի մոտ մեկ միլիարդ դոլար նշված երկաթուղային ճյուղերի կառուցման համար, որոնք թույլ կտան տրանսպորտային հաղորդակցություն իրականացնել Իրանի եւ Թուրքիայի հետ՝ շրջանցելով Հայաստանը: Ի դեպ, Հայաստանը՝ իր «ծովից ծով» երկրի զառանցային գաղափարով արդեն վերջնականապես ձանձրացրել է ոչ միայն Ադրբեջանին եւ Թուրքիային, այլեւ Վրաստանին՝ Ջավախեթիի հայ բնակչությանը ոտքի հանելու հավերժ սպառնալիքներով եւ դրանով իսկ խոչընդոտելով Կարս-Ախալքալաք երկաթուղային ճյուղի նախագիծը: Ժամանակն անցնում է, եւ յուրաքանչյուր բաց թողած օր մոտեցնում է տարածաշրջանում Հայաստանի վերջնական մեկուսացումը: