«Գիտե՞ս ժամը քանիսին է իրանցու ելույթը,- զարմացած հարցնում է ամերիկացի գործընկերս,- առավոտյան ժամը 8-ին, եւ դա` այն դեպքում, երբ նա Մեծ Բրիտանիայից ժամանում է հենց նույն գիշերը»:
Այսօր իրանամետ կարծիք, առավել եւս՝ զեկույց լսելը նույնիսկ գիտական շրջանակներում գրեթե մեծ իրադարձություն է: Ամերիկան «հակված է» Իրանը համարել «վատ վարք» ունեցող երկրների ցուցակի առաջատար հորիզոնականը զբաղեցնող երկիր, եւ այդ կարծիքը կիսում են համաքաղաքացիների մեծ մասը: Թեմայի հիմնական բանախոսը՝ Քեմբրիջի համալսարանի դասախոս Ռոքսանն Ֆարմանֆարմայանը զեկույցից հետո պատմում է, որ Պետքարտուղարությունում պարզապես վետո է դրված Իրանի վերաբերյալ որեւէ դրական կարծիք հայտնելու վրա. «Կոնդին (Կոնդոլիզա Ռայսը.-Ա.Ա.) նույնիսկ մեկ հոգու աշխատանքից ազատել է Իրանի վերաբերյալ «հակապետական» դիրքորոշում ունենալու համար»,- ասում է բանախոսը:
Արդեն այն փաստը, որ «Քաղաքականության Հինկլի ինստիտուտը» ոչ միայն զեկույց էր կազմակերպել, այլեւ չէր խուսափել կաշկանդվածությունից եւ հանդիպումը նշանակել էր առավոտյան ժամը ութին, շատերին ոչ թե հետ պահեց, այլ ընդհակառակը` լրացուցիչ խթան հանդիսացավ հանդիպմանը մասնակցելու համար: Շատերն ուզում էին հասկանալ, թե ինչո՞ւ պետք է լսել ոչ արեւելյան արտաքինով, բացառիկ անգլերենով, ծագումով պարսիկ, քաղաքացիությամբ` բրիտանացի, Քեմբրիջի համալսարանի դասախոս Ռոքսանն Ֆարմանֆարմայանին (ազգանունը «յան»-ով է վերջանում, բայց հայ չէ, ճշտել եմ):
Պրոֆեսոր Ֆարմանֆարմայանի զեկույցի առաջին հատվածը Միջին Արեւելքում տիրող իրավիճակի գնահատականն էր՝ պատերազմը Լիբանանում առաջին անգամ արձանագրեց ուժերի ասիմետրիա, ռազմական գործողությունները Հըզբոլլահի դեմ էին. ոչ պետական խաղացող, որը պատերազմի մեջ ներքաշեց երկու հիմնական երկրների` Իսրայելին եւ Լիբանանին եւ երեք ենթամասնակիցների` Սիրիային, Իրանին եւ ԱՄՆ-ին: Պատերազմի արդյունքը, ըստ Քեմբրիջի դասախոսի` հետեւյալն է. «Իսրայելը հասկացավ, որ Իսրայելը երբեք վերահսկողության տակ չի առնի Հըզբոլլահին: Ավելին, ՄԱԿ-ի խաղաղապահները «տեղակայվեցին», ու ոչ թե «զինաթափեցին» սահմանամերձ գոտիները ու բնավ ոչ սիրիական սահմանին, ինչին ձգում էր Իսրայելը:
Պատերազմի ամենաակնառու հաղթանակողը Սիրիան է: Իսրայելը ստիպված է ընդունել, որ ցանկացած համաձայնագիր անհնար է առանց Սիրիայի համաձայնության:
Հըզբոլլահը աջակցություն ստացավ մի քանի ճակատից։ Ընտրելով «Աստծո կուսակցություն» անվանումը, նա կարողացավ մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբել շիաներին ու սուննիներին` Միջին Արեւելքում ստանալով զանգվածային աջակցություն:
Շահեց նաեւ Իրանը: Շիա Հըզբոլլահին անվանելով Միջին Արեւելքում ազատության մարտիկ, նա կարողացավ շրջանցել շիաների եւ սուննիների բաժանարար գծերը` ամրապնդելով Իսլամական համայնքի` Ումմայի իրանական գաղափարախոսությունը: Պատերազմն ամրապնդեց Իրանին որպես տարածաշրջանային լիդեր:
ԱՄՆ-ը եւ Իսրայելը այս պատերազմի անհաջողակներն են: Ամեն ինչ սկսվեց Համասի` Պաղեստինի ինքնավարության մեջ տարած ակնհայտ եւ ժողովրդավարական ընտրությունները չճանաչելուց, որը երկակի էր դարձնում հենց ամերիկյան ժողովրդավարության գաղափարախոսությունը: Բացի այդ, վերջին շրջանում Ջորջ Բուշի եւ Թոնի Բլեերի օգտագործած որակումները, «մահմեդական ծայրահեղականներ» արտահայտության մեջ ներառելով Ալ-Քաիդային, Հըզբոլլահին, Սիրիային, Լոնդոնի օդակայանում ձերբակալված ահաբեկիչներին, Իրանին եւ Համասին, էլ ավելի ոչ նախանձելի վիճակում դրեցին ԱՄՆ-ին Մերձավոր Արեւելքում: Ինչի՞ հիման վրա էր հիմնված սույն ընդհանրացումը. ամերիկյան հատուկ ծառայությունների, որոնց տեղեկատվությունը տրամադրում է Իսրայելը, որի հատուկ ծառայություններն արդեն ապացուցել են իրենց ոչ կոմպետենտությունը: Հակաիրանական հիստերիան հասել է այն աստիճանի, որ Իսրայելից ուղարկված տեղեկատվությունը հիմքը ընդունելով` Ներկայացուցիչների պալատը այս շաբաթ քննության է առել Ամերիկայի ձայնի իրանական ծառայության գործունեությունը` կասկածելով իրանամետ ուժերի հետ գործակցության մեջ:
Այդ պատճառով Իրանի հեղինակության բարձրացումը կարող է մտահոգել ԱՄՆ-ին, որը փորձում է այն կասեցնել: Ատոմային էներգիայի մասին ամբողջ աղմուկը ոչ թե պայմանավորված էր միջուկային զենքի մտահոգությամբ, այլ Իրանի վարչակազմի փոփոխությամբ: ԱՄՆ-ի եւ Ջորջ Բուշի համար Իրանը դարձել է սեփական դեմքը փրկելու միակ ուղի»:
Այսքանով հանդերձ` Ռոքսանն Ֆարմանֆարմայանը հակված է կարծել, որ Իրանը կարող է լինել հիմնական եւ թերեւս ամենաամուր գործընկերն ԱՄՆ-ի համար: Իրանն այս տարի տոնում է ազգային սահմանադրության 100-ամյակը: Լինելով մուսուլմանական երկիր, այնտեղ ապրում են բազմաթիվ ազգեր, Իրանը վերջին անգամ պատերազմել է 180 տարի առաջ (խոսքը 1821-22 թվականների Ռուս-պարսկական պատերազմի մասին է): Իրանում անցկացվում է համայնքային ու համապետական ազատ ու արդար ընտրություններ: Այսօր երկրի բուհերում ավելի շատ կին է ուսանում, քան տղամարդ: ԱՄՆ-ը կարող է Իրանի հետ գործակցել` բանակցելով հենց միջուկային զենքի վերաբերյալ: Երբ այդ մտահոգությունները առաջին անգամ հնչեցին, Իրանի հոգեւոր առաջնորդը` Այաթոլլա Խոմեյնին ստեղծեց փորձագետների հատուկ խումբ, որը կոչված էր բանակցելու ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ, սակայն որի բոլոր կոչերն ու առաջարկները մնացին անպատասխան: Գործակցության 2-րդ պատճառը, ըստ բանախոսի, գործակցությունն է շիաների հարցում: Կրոնական ծայրահեղականությունը ամենավտանգավոր երեւույթն է տարածաշրջանում եւ Իրանի իսլամական օրենքի եւ համայնքի (ումմայի) գաղափարախոսությունը կարող է եթե ոչ փրկել, ապա գոնե մեղմել վիճակը, «Դժվարությունը, որի առաջ կանգնած է Արեւմուտքը իսլամական կրոնի գունավորումները տարբերակելու հարցում, բերում է ընդհանրացման, որից օգտվում են ծայրահեղականները: Հիշենք Սալման Ռաշիդի գործը, դանիական ծաղրանկարների աղմուկը: Իհարկե այս խնդիրները նոր չեն, եւ կրոնական անջատ խմբավորումներ այսօր էլ գոյություն ունեն Իրաքում, Աֆղանստանում, Ալժիրում եւ Պակիստանում: Սակայն առաջին անգամ է, որ Արեւմուտքը սկսել է անզգույշ լինել այս հարցում` թույլ տալով սխալներ, որոնք կարող են բերել կրոնների պատերազմի: Այդ պատճառով էր, որ մուսուլմանական աշխարհը շատ զգայուն արտահայտվեց Հոռմի պապի որակումներին, թեեւ պետք է նկատել, որ մի քանի օր անց ավելի համարձակ ձեւակերպումով էր հանդես եկել բրիտանացի արքեպիսկոպոս Լորդ Քերին, ասելով, թե Արեւմուտքի արմատական խնդիրը ոչ թե իսլամական ֆունդամենտալիզմն է, այլ հենց իսլամը»:
Քրիստոնյա Արեւմուտքի եւ Մահմեդական Արեւելքի դիմակայությունը կարող է մեղմել հենց ԱՄՆ-Իրան նոր դաշինքը: Այդ ճանապարհին, ըստ բանախոսի, խանգարում է արեւմտյան քաղաքական էստաբլիշմենթի եւ մամուլի կույր անբարյացակամությունը. «Արդեն 15 տարի ես հանդես եմ գալիս դասախոսություններով եւ չի եղել դեպք, երբ նախորդ օրը Իրանի մասին որեւէ նոր հոդված համաշխարհային մամուլում չլիներ: Այս անգամ էլ բացառություն չէ: Բառացիորեն երեկ անգլիական «Թայմսը» անդրադարձել էր Իրանին` առաջին էջում տեղադրելով Ահմադինեջադի լուսանկարը` վերնագրով. «Հանդիպում վտանգավոր գիտակցության հետ»։ Արեւմուտքը համառորեն չի ցանկանում Իրանին տեսնել որպես գործընկեր: Ջորջ Բուշը չպատասխանեց Իրանի նախագահի ուղարկած անկեղծ նամակին, որովհետեւ Իրանը այս վարչակազմի համար «չարիք» է եւ, ինչպես նկատեց փոխնախագահ Չեյնին. «Մենք չարիքի հետ չենք խոսում»: