Անհանգիստ շարժումնե՞ր

21/10/2006 Թենգիզ ԱՔԹԱՐ, «Թըրքիշ դեյլի նյուս» (Թուրքիա)

Անցյալ հինգշաբթի օրը Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած որոշումն ավելի լուրջ աստառ ունի, քան հայկական ծագումով ընտրողների աջակցությունը կանխավ ապահովելու քաղաքական գործիչների պարզ ցանկությունը, հայկական սփյուռքի կողմից հաջող լոբբինգը կամ հայկական ողբերգության նկատմամբ ֆրանսիական հասարակության կարեկից վերաբերմունքը:

Իրականում այդ որոշումը քաղաքական դաշտի ինչպես աջ, այնպես էլ ձախ քաղաքական վերնախավի մշտական անհանգստության արդյունքն է՝ ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցության վերաբերյալ եւ անտարբերության, որը դրսեւորում է Ֆրանսիան իր իսկ հիմնադրած ԵՄ-ի նկատմամբ: Այդ որոշման արդյունքում Հայկական հարցն առանձնահատուկ զգացմունքային գունավորում ստացավ, ինչը խիստ վնաս հասցրեց Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ծնվող երկխոսությանը:

Ֆրանսիայի քաղաքական աջ ուժերը դեմ են հանդես գալիս ԵՄ-ին մեր երկրի անդամակցությանը 2004 թվականից: Իշխող կոալիցիայի կուսակցությունները՝ Ժողովրդական շարժման միությունը եւ Ֆրանսիական ժողովրդավարության միությունը, բանակցությունների մոտենալուն պես մեկ անգամ չէ, որ դեմ են հանդես եկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Նրանց գործադրած ճնշման պատճառով Ֆրանսիայում հանրաքվե կանցկացվի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցի վերաբերյալ: Անցյալ տարվա սահմանադրության հանրաքվեի ժամանակ կուսակցությունների քարոզչությունը առաջին հերթին ուղղված էր հասարակությունում գոյություն ունեցող հակաթուրքական հայացքներին: Այնուհանդերձ, որ երկրի նախագահ Ժակ Շիրակը եւ երկրի ներկայիս կառավարությունն այդ տեսակետը բացահայտ չեն կիսում, կաբինետի որոշ անդամներ, մասնավորապես` ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզին, իրենց համոզմունքները չեն թաքցնում: Երկրի ընդդիմադիր քաղաքական ուժերը հիմնականում ծածուկ հակված են հակաթուրքական տրամադրությունների: Ֆրանսիական քաղաքական դաշտի երկու թեւերում էլ գերակշռում է անցյալ դարի արեւելաբանական մենթալիտետը, որի համար Արեւելքը թերհասության հոմանիշ է, իսլամը չի համապատասխանում ժամանակակից արժեքներին, իսկ այդ կարծրատիպերը խախտող Թուրքիան այդպիսի քաղաքական գործիչների կողմից ընկալվում է որպես թշնամի:

Այդպիսի մենթալիտետի պարագայում Թուրքիային ԵՄ-ի կազմում գործընկեր պատկերացնելն անհնար է: Նրանց նախատրամադրվածությունը լիովին կանխատեսելի է: Ընդդիմությունը եւ կառավարությունը քվեարկել են հօգուտ օրենքի նախագծի այնպիսի համերաշխությամբ, կարծես թե խոսքն ազգային նշանակության հարցի մասին է: Թուրքիայի նկատմամբ ֆրանսիական քաղաքական գործիչների վերաբերմունքը, որն ուղղված է Թուրքիայի վրա ճնշում գործադրելուն եւ Եվրամիության ընդլայնումը կանխարգելելուն, այնքան էլ հեշտ չի լինի փոխել:

Մյուս կողմից, Ֆրանսիայի ոչ խելամիտ արարքը Թուրքիայի նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքը տեղափոխում է այլ հարթություն: Մինչ վերջերս Եվրոպան մեր բազմաթիվ խնդիրներին վերեւից էր նայում, չօգնելով մեզ դրանց լուծման հարցում: Սակայն աճող հակաթուրքական տրամադրությունները եւ օրենքի նախագիծը անհանգստություն առաջացրին Եվրոպայի հասարակական շատ գործիչների մոտ, այդ թվում՝ Ֆրանսիայի: Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Յոշկա Ֆիշերը, ԵՄ-ի բրիտանական նախկին նախարար Դենիս Մաքշեյնը, ԵՄ-ի գործող նախագահ, Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ Լիպոնենը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Խոսե-Մանուել Բարոզոն, ԵՄ-ի ընդլայնման գծով հանձնակատար Օլլի Ռեյնը, Եվրախորհրդարանի անդամներ Դանիել Կոն-Բենդիտը, Էնդրյու Դաֆը, Յուստ Լագենդիյկը եւ մյուսները, նվազ ազդեցիկ քաղաքական գործիչներ առավել հաճախ են հիշեցնում հասարակությանը, որ Թուրքիան Եվրոպայի գործընկերն է, եւ նրան հարկավոր է վերաբերվել համապատասխանաբար:

Նույնիսկ Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը, որը մշտապես խոչընդոտներ է հարուցում մեր բանակցությունների ճանապարհին, ստիպված եղավ անցյալ շաբաթ հայտարարել. «Թուրքիան ԵՄ-ի անդամության թեկնածու է: Մեր հարաբերությունները հիմնված են Թուրքիայի եվրոպական ապագայի վրա, եւ մենք սատարում ենք այդ մոտեցումը»:

Հնարավոր է, որ սրանք առաջին նշաններն են, թե ինչպես է Թուրքիայի նկատմամբ հակակրանքը փոխակերպվում համակրանքի: Ամենակարեւորն այս համատեքստում մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների իրադրության անդադար բարելավումն է, բարեփոխումները շարունակելը, երրորդ երկրներին թույլ չտալով միջամտել վիճելի հարցերին՝ ինչպես հայկականը, եւ խոչընդոտներ հարուցել մեր ճանապարհին: