Երգչուհի Բելլա Դարբինյանը մանկուց շատ է սիրել երգել: Իր հարազատ Կիրովականում, այժմ` Վանաձորում, բոլորը համոզված էին, որ Բելլա Կուզնեցովային մեծ օպերային ապագա է սպասվում: Բելլայի հայրական ազգանունը Կուզնեցովա էր, որը նա հետագայում փոխեց` ուղղակիորեն թարգմանելով այն:
Շքեղ գեղեցկությունն ու ձայնի անմոռանալի հնչեղությունը մեծ հեռանկարներ էին բացում նրա առջեւ: Երեւանի Կոնսերվատորիան ավարտելուց հետո (Տաթեւիկ Սազանդարյանի դասարանում է սովորել), Բ. Դարբինյանը մեկնել է Մոսկվա եւ երկու տարի սովորել է Մեծ թատրոնի ստուդիայում: Այդ ստուդիայում ուսանելու հնարավորություն եզակի մարդկանց է հաջողում. ստուդիայից հետո ուղիղ ճանապարհ էր բացվում դեպի ԽՍՀՄ-ի ամենամեծ օպերային բեմը: Բ. Դարբինյանը որպես օպերային երգչուհի կարող էր փայլուն կարիերա անել, սակայն նա ամեն ինչ թողեց ու վերադարձավ Երեւան: Պատճառը սերն էր: Սկսվեց նրա բուռն ու կրքոտ սիրավեպը Երեւանի էստրադային նվագախմբի ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ:
Երգչուհու դուստրը` հեռուստալրագրող Թերեզա Կասյանն, առանց երկմտելու ասում է. «Դա շատ մեծ, նույնիսկ կասեի` ճակատագրական սեր էր, որը դեռ մինչ իմ հայրիկի հետ ծանոթությունն էր սկսվել»: Այդ սերը կարծես մի քանի անգամ մարել ու կրկին վերածնվել է: Բ.Դարբինյանը հեռացել է Կ.Օրբելյանից, ամուսնացել, մայր դարձել, ամուսնացել ու հայր է դարձել նաեւ Օրբելյանը: Սակայն երկուսն էլ հետո ամուսնալուծվել ու կրկին միացել են: Դա ճակատագիր էր, որն, ըստ երգչուհու դստեր` անընդհատ հետապնդել է Բ. Դարբինյանին եւ գրեթե միշտ հաղթել սթափ ու սառնասիրտ գիտակցության հետ պայքարում: Բարդ ու խճճված էին նրանց փոխհարաբերությունները, երկուսն էլ ուժեղ անհատականություններ էին ու վառ ստեղծագործողներ: Եվ այդ պոռթկումնալից ու երկար տարիներ ձգվող սերը հիանալի երգերի սկիզբ դրեց, քանի որ հենց սերը դրդեց Բ. Դարբինյանին իր ուժերը փորձել էստրադայում ու միանալ էստրադային նվագախմբին: Նա սկսեց կատարել մոդայիկ էստրադային երգերն ու «խաչ քաշեց» օպերայի վրա: Այդ որոշումը ամենից շատ դուր չեկավ Տաթեւիկ Տիգրանովնային, ով նույնիսկ դադարեցրեց իր շփումը Բելլայի հետ: Բայց այդ որոշումը նաեւ շատ հարստացրեց հայկական էստրադան, քանի որ Բելլա Դարբինյանը մասսայականացրեց ժողովրդական երգերը` կատարելով դրանք էստրադային գործիքավորմամբ:
Թերեզա Կասյանը հիշում է, որ իր մայրիկի կյանքը եղել է շատ բարդ ու շրջապտույտներով լի: Բեմն ու փառքը հաճախ երգչից զիջումներ են պահանջում: Նախանձն ու խոչընդոտները ճանաչումի հակառակ կողմն են: Հիմիկվա երգիչների հնարավորությունները չի կարելի համեմատել խորհրդային տարիներին ստեղծագործող երգիչների հնարավորությունների հետ: Չի կարելի համեմատել նաեւ նրանց հոնորարները: Բելլա Դարբինյանի մակարդակի երգչուհին ֆիքսված դրույք ուներ` համերգներից 16 ռուբլի էր ստանում: Սակայն փողից բացի, կային ավելի արհեստական խնդիրներ, որոնք ստեղծում էին խորհրդային կարգերը` իրենց անվերապահորեն ընդունված գաղափարախոսությամբ: Ստացվեց այնպես, որ երկար ժամանակ Բելլա Դարբինյանին թույլ չէին տալիս մեկնել արտասահման հյուրախաղերի: «Ութ տարի նա զրկված էր այդ իրավունքից: Երեւի Կոմկուսը վախենում էր, որ նա արտասահման կմեկնի ու այնտեղ կմնա: Բայց, համենայնդեպս, այդպես կարծելու հիմքեր չեն եղել: Նա ոչ դեսիդենտ էր, ոչ էլ կոմունիստ, պարզապես` սիրել է իր Հայրենիքը»,- հիշում է Թերեզա Կասյանը:
Բելլա Դարբինյանը հիրավի ժողովրդական սեր էր վայելում: Երբ նա փողոց էր դուրս գալիս, բոլորն անպայման ջերմ խոսքերով էին նրան դիմավորում: Հայաստանցիների մեծ սերունդը հիմա էլ մեծ սիրով է հիշում երգչուհուն, նրա կատարումներն ու թավշյա ձայնը: Մինչեւ իր կյանքի վերջին օրերը Բելլա Դարբինյանը մնում էր հայ երգի թագուհին:
Նա տարբեր հավաքույթների ու ելույթների ժամանակ միշտ ուշադրության կենտրոնում էր հայտնվում, քանի որ սուր հումոր ուներ եւ հրաշալի նմանակում էր իր պատմությունների հերոսներին: Նրա ելույթները երբեք միայն երգելով չէին սահմանափակվում. Բելլա Դարբինյանը միշտ շոու էր անում ու գերում հանդիսատեսին իր արտիստիկ պատմություններով: Նա խոսում էր հանդիսատեսի հետ, պատմում էր որեւէ դեպք, պատմության կեսից հորինում շարունակությունը, համեմում երեւակայական դրվագներով:
Մի անգամ մի խումբ երգիչներ Արցախ էին այցելել ու պետք է ելույթ ունենային գյուղերից մեկում, եւ նոր ճանաչում ձեռք բերող երիտասարդ Բելլա Դարբինյանը հանկարծ անսպասելի մեծ ուշադրության ու ծաղկեփնջերի է արժանանում: Հավաքված ամբոխից մի ծեր կին է դուրս գալիս, փաթաթվում է նրան ու ասում. «Վայ, Օֆելյա Համբարձումյան ջան…»: Բելլան խիստ նայում է կնոջն ու ասում. «Ես Օֆելյա Համբարձումյանը չեմ»: «Բա հո՞վ ես»: «Ես Հովհաննես Բադալյանն եմ»: Այդ պատմությունն ամենից շատ զվարճացրել է Հովհաննես Բադալյանին…
Հետխորհրդային տարիները Բելլա Դարբինյանի համար շատ ծանր էին: «Շատ բան համընկավ` մութ ու ցուրտ տարիները, նրա թոշակի անցնելու ժամանակն ու անհուսությունը: Համերգներ չէին լինում, նա զրկվել էր ուշադրությունից: Ասում էր. «Ամբողջ կյանքում ես բեմի վրա եմ եղել` ողողված վառ լույսերով, իսկ հիմա հայտնվել եմ մթության մեջ»: Բայց, միեւնույն է, նա հումորը չէր կորցնում: Մի վերարկու ուներ, որը միշտ տանն էր հագնում, քանի որ շատ ցուրտ էր: Նստում էր բնակարանի խոհանոցում` սոլյարկայով վառվող վառարանի առաջ, ու իր վերարկուն` ի պատիվ Լեւոն Տեր-Պետրոսյանի, «Լեւոնտի» ֆիրմայի էր անվանում»,- պատմում է Թերեզա Կասյանը:
Բելլա Դարբինյանն ուժեղ կին էր եւ դժվարությամբ էր հաշտվում անգործության հետ: Իհարկե, Հայաստանում բոլորը շարունակում էին սիրել, լսել ու հարգել նրան, սակայն բեմի թագուհուն բեմ էր հարկավոր: Նա կարոտում էր լույսերին ու հանդիսատեսին: Եվ նա բեմ վերադարձավ 1997 թվականին Ամերիկայում, որտեղ աննկարագրելի ջերմ ընդունելության արժանացավ: Երգչուհու հարազատներն ամեն ինչ արեցին, որ նա իրեն մոռացված չզգա: «Սփյուռքի վերաբերմունքը չի կարելի հայաստանցիների վերաբերմունքի հետ համեմատել: Սփյուռքում մարդիկ հայ երգի կարոտ ունեն, երեւի պատճառն այն է, որ այնտեղ մարդկանց կենցաղային հոգսերն ավելի թեթեւ էին, քան այստեղ»,- ասում է երգչուհու դուստրը: Ամերիկան նոր շունչ տվեց Բելլա Դարբինյանին, որտեղ նա նաեւ երկու ձայներիզ ձայնագրեց: Ձայներիզների նախաձեռնողներն ափսոսացին, որ երգչուհու անմոռանալի ու վարպետորեն կատարված ձայնագրությունները կարող են անհետ կորչել եւ փորձեցին պահպանել դրանք: Իհարկե, Բելլա Դարբինյանի ձայնը պահպանվել է Հանրային ռադիոյի ու հեռուստատեսության ձայնադարանում, սակայն այն շատ հազվադեպ է հնչում էկրանից: Ժամանակներն են փոխվել…
Բելլա Դարբինյանը տարբեր երկրներում ապրելու ու ելույթ ունենալու առաջարկներ է ստացել: Նա կարող էր ռուսական էստրադա մուտք գործել ու կայուն դիրքեր զբաղեցնել, սակայն միշտ նախընտրել է փոքր Հայաստանը: Այդպես է նրան հուշել ներքին ձայնը: Բազմաթիվ առաջարկներ են եղել: Նաեւ ամուսնության. «Հայտնի ու շատ հարուստ տղամարդիկ են նրան սիրել ու ամուսնության առաջարկներ արել: Սակայն նա ուղղակի դրանց նշանակություն չի տվել»,- ասում է երգչուհու դուստրը:
Երգին ու սիրուն հավատարիմ մնալու համար մեծ ուժ է պետք: Իսկ Բելլա Դարբինյանը շատ ուժեղ էր: