«Առնո Բաբաջանյան» բարեգործական հիմնադրամը, որը Մոսկվայում է գործում եւ Հայաստանում ունի իր մասնաճյուղը, Երեւան է հրավիրելու անվանի ռուս երգիչներին ու երաժիշտներին: Ա. Բաբաջանյանի երաժշտության մեջ լսվում են եւ հայկական միջնադարյան շարականների, եւ քաղաքային ֆոլկլորի հնչյունները: Ա.Բաբաջանյանին հաջողվեց «թեթեւ» համարվող էստրադային երգերին լրջություն ու բազմաշերտություն հաղորդել: Այդ երգերի տակ մի քանի սերունդ է մեծացել եւ հսկայական ԽՍՀՄ-ում մարդիկ Ա.Բաբաջանյանի գեղեցիկ ու մեղեդային երգերի հնչյունների տակ սիրահարվում էին, սիրում, խորհում, երեխաներ դաստիարակում: Նրա լուսավոր ու բարի երաժշտությունը հիմա էլ է շատ արդիական եւ կարծես վեր է ազգությունից ու ժամանակից: Նա մեծ լավատես էր, սիրում էր կատակել, հյութեղ ու պատկերավոր անեկդոտներ էր պատմում ու իր ընկերների վկայությամբ` սիրահարված էր կյանքին: Նա շատ էր սիրում աղմկոտ ընկերական հավաքույթներ ու հանդիպումներ: Սիրում էր Դիլիջանում գտնվող Կոմպոզիտորների ստեղծագործական տանը ֆուտբոլ խաղալ մեծանուն ռուս կոմպոզիտորներ Շոստակովիչի ու Շչեդրինի հետ: Սիրում էր կատակներ անել, տարբեր անհեթեթ պատմություններ բեմադրել ընկերների կյանքում` ծիծաղելի վիճակում դնելով նրանց: Հաճախ մեծանուն արվեստագետներին փառքի պատվանդանի վրա դնելով ու մեծարելով նրանց, մենք ետին պլանում ենք թողնում նրանց մարդկային բնավորությունն ու զրկում նրանց կենդանի հմայքից: Մինչդեռ նրանք այսօրվա երիտասարդներից ավելի կենսուրախ ու երբեմն` ավելի չարաճճի են ապրել:
Կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Կոնստանտին Օրբելյանը եւ Առնո Բաբաջանյանը հաճախ Դիլիջանում միասին են անցկացրել իրենց հանգիստը եւ ընդունված ավանդույթի համաձայն` կատակներ են «սարքել»: Մի անգամ Բաբաջանյանը ճաշարան մողես է բերել ու գցել Կ.Օրբելյանի ափսեի մեջ: Կոմպոզիտորներից յուրաքանչյուրը Դիլիջանի պանսիոնատում իր սեփական քոթեջն է ունեցել: Լավ իմանալով, որ Բաբաջանյանի քոթեջը 21-րդն է, հիշաչար Կ.Օրբելյանը գիշերը զգուշորեն քոթեջի կաթսայատուն է մտել եւ միացրել ջեռուցման համակարգը` օգոստոսյան շոգին սենյակներում իսկական սաունայի միջավայր ստեղծելով: Առնո Բաբաջանյանն ամբողջ գիշեր չի կարողացել քնել, դուրս է եկել պատշգամբ` անեծքներ թափելով հանգստյան տան աշխատակիցների գլխին: Սակայն իմանալով, թե ո՞վ է իր գիշերային տանջանքների մեղավորը, Ա. Բաբաջանյանը «վրեժխնդիր» եղավ: Նա զանգահարեց իր ոստիկան ընկերոջը եւ խնդրեց` որեւէ պատրվակով կանգնեցնել Կ.Օրբելյանի ավտոմեքենան: Ճանապարհային ոստիկանները մեծ թատերայնությամբ կատարեցին իրենց սիրելի կոմպոզիտորի խնդրանքն ու Կ.Օրբելյանին մի քանի ժամ պահեցին կիզիչ արեւի տակ` բացատրելով, որ փաստաթղթերը կարգին վիճակում չեն եւ դեռ պետք է պարզել վարորդի ինքնությունը: Նյարդայնացած Օրբելյանը գոռում էր. «Գիտե՞ք, ես ով եմ»: Այդ բավականին դաժան կատակների շարանը նոր պտույտներ է ունեցել, քանի որ երեւակայությունն ու կենսուրախությունն անբաժան է եղել նրանց կյանքից: Իսկ այդ փոքր պատմությունը մեզ է հասել երգչուհի Բելլա Դարբինյանի շնորհիվ, ով այդ տարիներին Կ.Օրբելյանի կինն էր: